Վերաքննիչ քրեական դատարանում հունիսի 6-ին շարունակվում էր ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստը։ Այս տարվա փետրվարի 7-ին Ջալալ Հարությունյանը Ցորի զորամասի՝ Դ20 դիվիզիոնի գործով դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը, 44-օրյա պատերազմի ժամանակ լինելով Պաշտպանության բանակի հրամանատարը, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, ինչի հետեւանքով Ցորի զորամասի 20 զինծառայող հայտնվել է հակառակորդի հսկողության ներքո եւ սպանվել։ Դատավոր Գարիկ Աբելյանը մեղադրական վերդիկտ էր կայացրել՝ Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելով ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով։ Հանրային մեղադրանքի եւ տուժող կողմը պահանջել էին մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, պաշտպանության կողմը՝ արդարացնել։ Համաձայն չլինելով դատավորի կայացրած որոշմանը՝ ե՛ւ տուժող, ե՛ւ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք են ներկայացրել դատարան։
44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում մտահոգվում է՝ օրենքի ուժով շուտով կլրանա այս գործի վաղեմության ժամկետը, Ջալալ Հարությունյանը տարբեր պատճառաբանություններով արհեստականորեն ձգձգում է դատական նիստերը, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով ազատվի պատժից։ «Ես չեմ ուզում կենացի ոճով խոսել, բայց եթե արդարադատություն չլինի, մենք չհասնենք նրան, որ վերջապես մեր երեխաների հոգիները հանգստանան, ես մտածում եմ անգամ վենդետաների մասին, այս պետությունը մեզ այլընտրանք չի թողնի»,- ասաց զոհվածի մայրը։
Իր որդու զոհվելու կոնկրետ մեղավորը, ասում է՝ Ջալալ Հարությունյանն է, որովհետեւ, եթե չլիներ նրա հրամանը, թե «մերոնք են», իրավիճակն այլ կլիներ։ «Նա մեղավոր է, եւ դատարանով հաստատված է։ Եթե չլիներ այդ հրամանը, մեր տղաները ողջ կմնային»,- շեշտեց մեր զրուցակիցը։ Խոսքը վերաբերում է Ցորի զորամասի հրետանավորներին։ Դատարանն արդեն 5 տարի է՝ քննում է Ջալալ Հարությունյանի մեղավորության հարցը։ ՊԲ նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման եւ պաշտոնի բերումով հրամանատար՝ ծառայողական դիրքով եւ զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ եւ կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Մանրամասն՝ տեսանյութում