«Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնն այս տարի դառնում է միջազգային նշանակության իրադարձություն։ 2025 թվականին այն արժանացել է աշխարհում ամենահեղինակավոր երաժշտական հիմնադրամներից մեկի՝ «Էռնստ ֆոն Սիմենս» մրցանակին։ Սա առաջին դեպքն է, երբ հայկական որեւէ փառատոն ստանում է նման ճանաչում՝ ամրապնդելով Հայաստանի ներկայությունը համաշխարհային ժամանակակից երաժշտության քարտեզի վրա։
Այս նվաճումը բացում է նոր հորիզոններ երիտասարդ հայ երաժիշտների համար՝ միջազգային համագործակցությունների, պատվերների եւ պրոֆեսիոնալ ներկայացվածության տեսանկյունից։ Փառատոնի հիմքում հենց այդ գաղափարն է՝ միավորել փորձառությունն ու նորարարությունը՝ հանուն ստեղծագործական մտածողության զարգացման։
Փառատոնի ծրագիրը մեկնարկում է մայիսի 26-ին եւ կավարտվի հունիսի 9-ին, որի ընթացքում կլինեն համաշխարհային պրեմիերաներ, վարպետության դասեր` հայ եւ արտասահմանցի ճանաչված երաժիշտների մասնակցությամբ: