Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։
-Նիկոլ Փաշինյանն արդեն տեւական ժամանակ է եկեղեցու սպասավորների եւ կաթողիկոսի վերաբերյալ սկանդլային գրառումներ է անում, օրերս էլ հայտարարեց, որ խումբ է ձեւավորում եւ այսպես ասած՝ արշավանք են սկսում դեպի Էջմիածին։ Ընդդիմադիրները պատրաստվո՞ւմ են որեւէ ձեւով դիմագրավել դրան։
-Զինված խմբե՞ր է, թե՞ հրոսակախմբեր, հեծյալներ, ի՞նչ խմբեր է կազմում, կարելի է պարզաբանել։ Գարնանային սրացումներ են Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ես կարծում եմ, որ ինքը չի հաջողելու այս նախաձեռնության մեջ։ Դաշնակցության բյուրոն իր աջակցությունն է հայտնել եկեղեցուն, մենք կանգնած ենք եկեղեցու եւ կաթողիկոսի կողքին եւ մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ ոտնձգություններ չլինեն։ Այս արշավը նոր չի սկսվել։ 2018թ․-ի իշխանափոխությունից անմիջապես հետո տեղի ունեցավ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, դպրոցական դասագրքերից հանվեց Հայ եկեղեցու պատմություն առարկան, եւ այսպես շարունակ։
-Ի՞նչ նպատակ է իրականում հետապնդում Փաշինյանը։
-Ես այստեղ թուրք-ադրբեջանական հետք եմ տեսնում, որովհետեւ այն խոսույթը, որով հանդես է գալիս Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը, տառացիորեն նույն խոսույթը կրկնվում է նաեւ Փաշինյանի կողմից։ Նա ասում է՝ եկեղեցին խառնվում է քաղաքական գործընթացներին, Փաշինյանն ու իր թիմն էլ է նույնը ասում։ Առաջիկայում սպասվում են նոր ծանր զիջումներ, Հայաստանի իշխանության ղեկավարն այս կերպ փորձում է շեղել ուշադրությունը։
-Զիջումներ ո՞ր հատվածում։
-Ե՛վ Տավուշում, եւ՛ Սյունիքում։ Այս օրերին ականազերծման աշխատանքներ են կատարվում Տավուշում, պարտադրանք կա նոր տարածքների հանձնման, օրինակ, Ազատամուտի եւ Բերդավանի հատվածներում, ինչպես նաեւ «անկլավներ» կոչվող շրջանները։ Եկեղեցին միշտ էլ եղել է թիրախում նաեւ այն պատճառով, որ Փաշինյանը չի կարողացել ուզուրպացնել: Ինքը փորձում է սեպ խրելով եկեղեցու մեջ, ներսում գտնել որեւիցե մեկին, ով կգտնվի իրեն բարեհաճ, օրինակ, Վազգեն Միրզախանյանը, եւ այսպիսի հոգեւորականների միջոցով փորձի ճեղքում առաջացնել, ապա իրեն լոյալ մեկին կարգել։
-Քաղաքացիները չեն կարող կաթողիկոս փոխել, Ամենայն հայոց հայրապետի ընտրությունը կատարվում է ազգային եկեղեցական ժողովի միջոցով։
-Այո, երկու տարբերակ կա՝ կաթողիկոսը կարող է իր լիազորությունները դադարեցնել, մեկ՝ առողջական հիմքով, մյուսը՝ եթե մահանա։
-Արդյո՞ք Փաշինյանի նախաձեռնությունը կարող է քաղաքացիական բախումների տանել, որովհետեւ քիչ չեն կաթողիկոսի աջակիցները, եկեղեցու պաշտպանները։
-Այո, ենթադրում եմ, որ իր սիրտը արյուն է տենչում, սիրում է երբ հայի արյուն է թափվում, ուստի կփորձի բախումներ հրահրել, շատ վտանգավոր իրավիճակ ստեղծել։ Սա մեր երկրի համար կործանարար կլինի։ Երկրի թիվ մեկ պատասխանատու, կործանարար խեղկատակը փաստորեն մի գործընթաց է սկսել, որը մեր երկրի համար կարող է լինել ճակատագրական։ Մենք չենք ունեցել մի ղեկավար, որը հրահրի պետության ներսում նման բախումներ, այս մարդը գնում է այդ ճանապարհով։ Հետեւանքներն անդառնալի են լինելու, հասարակության ճնշող մեծամասնությունն աջակցում է եկեղեցուն, գուցե լինեն աղանդավորների խմբեր, ովքեր որգեւորված փորձեն գործողություններ անել, սակայն արյուն է հեղվելու՝ հայի արյուն։ Այս մարդը չի բավարարվել այն ծավալի կորուստներից, որ մենք ունեցել ենք․ զոհեր, վիրավորներ, հաշմանդամներ, տնավեր դարձած հայրենակիցներ։ Հիմա ինքը հանդես է գալիս, որպես եկեղեցապաշտ, սակայն մոռացել է, թե ոնց է թիրախավորել՝ էլ կոլա ծախողներ, խաչերը վզներիցդ կկախեք, դիմել է սրբազաններին՝ իրենց ավազանի անուններով։ Խոսում է եկեղեցին չուլանացնելու մասին, սրբազաններին ասում է՝ չուլանապետեր, իսկ իր «կիրթ եւ կառուցողական» Ալիեւին սուրճ է դնում, խմելու է կանչում։ Ալիեւին չի ասում՝ եկեղեցիները ինչու եք ավիրում։ Վանդալիզմ է կատարվում այժմ Արցախում, մեր սրբավայրերն են ավերվում։
Մանրամասն՝ տեսանյութում