Հասարակություն

Արամ Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Արամ Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Արմավիր կատարած իր վերջին այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադրություն ունեն մայրաքաղաքում գտնվող բուհերի շենքերը վաճառել և քաղաքից դուրս ակադեմիական քաղաք կառուցել։ Վարչապետի այս հայտարարությանը հաջորդեցին համացանցում մայր բուհի, Բժշկական համալսարանի «ֆոտոշոփ» արված լուսանկարները տարածվել, որոնցում մայր բուհը դարձել էր «Երևան սիթի», իսկ բժշկականը՝ «Փեթակ»։

Մենք զրուցեցինք ԵՊՀ նախկին ռեկտոր, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանի հետ՝ հասկանալու համար, թե, այնուամենայնիվ, վարչապետի այս հայտարարությունը ողջամի՞տ է, այն հնավարո՞ր է իրականացնել:

«Ես գտնում եմ, որ այդ հայտարարությունը իր տակ չունի որևէ տնտեսական, քաղաքական կամ այլ հիմնավորումներ, որովհետև նման թույլ տնտեսական վիճակում գտնվող և սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ ունեցող երկիրը այսօր այդպիսի բան իրեն թույլ տալ չի կարող։ Երկրորդը՝ որպեսզի այդպիսի ակադեմիական քաղաք լինի, դրա համար պետք են համապատասխան ենթակառուցվածքներ։ Ուսանողների այդ հսկայական զանգվածը պետք է ամեն օր Երևանից տեղափոխվի այդ քաղաք և հետ դառնա, էլ չեմ ասում` մարզերից։ Ժամանակին մեր վարչապետներից մեկը նույնիսկ այսպիսի նախագիծ էր մտածում, որ համալսարանը պետք է տեղափոխել Նորավանք։ Այդպիսի ծրագրերը որևէ իրական հիմք չունեն իրենց տակ, առավել ևս` հիմա։ Իհարկե, շատ լավ կլինի, որ Երևանը բեռնաթափվի, մասնավորապես գյուղատնտեսական ակադեմիան դուրս գա քաղաքից և գյուղական շրջաններ գնա, բայց դրա համար պետք են հսկայական գումարներ, պետք են ենթակառուցվածքներ, տրանսպորտ է պետք, ժամանակակից երկաթգիծ է պետք և այլն, այդ ո՞վ պիտի անի, և ինչո՞վ պիտի անեն, այդ փողերը որտեղի՞ց և ո՞վ պիտի տա։ Միտքը շատ լավ կարող է լինել, բայց ինչքան ասես կարելի է լավ միտք արտահայտել, բայց անողն ո՞վ է, ինչո՞վ են անելու, այդ նյութական միջոցները որտեղի՞ց են ճարելու, դա միլիարդների գործ է, որովհետև դա պահանջում է նոր էլեկտրագծեր, պահանջում է այդ շենքերի կառուցում, հանրակացարաններ, հազար ու մի բան։ Այո, աշխարհում շատ գեղեցիկ ակադեմիական քաղաքներ կան՝ և՛ Եվրոպայում, և՛ Ամերիկայում, և՛ Ռուսաստանում, բայց դա հսկայական գումարներ պահանջող բան է և մեր երկրի բանը չէ, համենայնդեպս, այսօր։ Ես դրանում խորապես համոզված եմ»,- ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանին հարցրինք նաև, թե 100-ամյա համալսարանի շենքը արդյոք մայր բուհի խորհրդանի՞շը չէ:

«Աբովյան փողոցի վրա գտնվող մեր «Սև շենքը», այո, դա նախկինում օրիորդաց գիմնազիայի շենքն է, կառուցվել է 1902 թվականին։ Ավելի շատ շենքի խնդիրը չէ, հասկանում եք, ժամանակակից համալսարան ունենալու համար պետք է նախ և առաջ հզոր ենթակառուցվածքներ ստեղծել։ Ենթադրենք` 1-2 բուհ, մոտ 20 հազար ուսանող, եթե պիտի ամեն օր տեղափոխվի․․․ լավ, թող դրա կեսը տեղավորի հանրակացարաններում ․․․, այդպիսի հանրակացարանային համալիր ստեղծել, որտեղ մի 10 հազար ուսանող պիտի բնակվի, դա հեշտ գործ չէ, դա այսօր մեր ուժերից վեր բան է։ Այդպիսի ծրագրեր իրենց կարող են թույլ տալ միայն հարուստ պետությունները»,- պատասխանեց նախկին ռեկտորը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image