Միջազգային

ԵԱՏՄ–ում չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից. Լուկաշենկո

ԵԱՏՄ–ում չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից. Լուկաշենկո

ԵԱՏՄ անդամ պետությունները չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական միությունից։ Ինչպես հայտնում է «Բելտա» ընկերությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
ԵԱՏՄ չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարներն այսօր Հայաստանի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել։

«Մենք բոլորս փաստել ենք, որ չենք ցանկանում` Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից։ Վլադիմիր Վլադիմիրովիչը (Ռուսաստանի նախագահ Պուտինը. խմբ) ելույթի ժամանակ հայտարարել է` մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը», – ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահն ընդգծել է` ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հարգում են հայ ժողովրդի ընտրությունը։

«Եթե ժողովուրդը նման որոշում կայացնի և համաձայնություն տա ԵԱՏՄ–ից դուրս գալուն և մի օր Եվրոպական միությանը միանալուն, մենք չենք կարող դեմ գնալ հայ ժողովրդի կամքին»,– նշել է Բելառուսի առաջնորդը։
Նա հավելել է` ՌԴ նախագահը խոստացել է այդ մասին մանրամասն զեկուցել ամբողջ միջազգային հանրությանը, ով կցանկանա դա լսել։

«Նա կրկին մանրամասն կպատմի. Ռուսաստանի մասնագետները նրա համար պատրաստել են այդ տեղեկությունը, թե ինչ է նշանակում հրաժարվել Եվրասիական միությունից, որում այսօր գտնվում է Հայաստանը, և միանալ Եվրոպական միությանը», – ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նաև նշել է, որ Հայաստանը պետք է հիշի ԵՄ-ին միանալու երկար ժամկետների մասին։
«Հաշվի առնելով Ուկրաինան, որը վաղուց է ցանկանում դա, է՛լ ավելի կարևոր է՝ հաշվի առնելով Թուրքիան, որը կարծես 25 կամ 30 տարի է սպասում Եվրոպական միությանը միանալու իր հերթին», – նշել է նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image