Հարցազրույց ռեժիսոր, ազատամարտիկ Սամվել Թադեւոսյանի հետ
-Պարոն Թադեւոսյան, դեռ Տավուշից Դուք արդեն միացել էիք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, վերլուծելով այս ողջ ընթացքը, ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Ես, որ գնացի Ոսկեպար, հանդիպեցի 3 հայի` Գառնիկ Դանիելյանին, Սուրեն Պետրոսյանին եւ Բագրատ սրբազանին, ես տեսա 3 մարդու, ովքեր մեր համընդհանուր հոգսերի ու ցավերի առանցքում էին գտնվում, ու ոչ թե դա անում էին բեմերից` բարձրագոչ ճառերով, այլ իրենց վարքով: Այսինքն մեկը` հոգեւոր ոլորտից էր, մեկը` պատգամավոր, կուսակցական դաշտից, մյուսն էլ երիտասարդ տղա` քաղաքագետ, ովքեր եկել էին ու ոչ մի տեղ չէին գնում: Իսկ ո՞նց են դառնում մարդու ընկերը, երբ դառնում են նաեւ նրա ցավի ընկերը, որովհետեւ խոսելով վերքը չի բժշկվում, պետք է գնալ, նստել, զրուցել, գիշերել նրանց հետ այդ իրավիճակում, կիսել այդ բարոյահոգեբանական ծանր վիճակը, երբ վաղը պատեհապաշտների մի խումբ քո տունը, դպրոցը, փողոցը, ճանապարահը, գազատարը հենց այնպես, մի խզբզանքով, առանց մի կրակոցի ուզում է տալ թշնամուն...:
-Ի վերջո, նաեւ տվեցին, սահմանազատման աշխատանքները գրեթե ավարտված են Տավուշում, սահմանային սյուներն էլ` տեղադրված, մարդիկ իրենց տները, շինություններն էին քանդում, որ թշնամու տարածքում չմնան...այս համատեքստում շարժումը չկարողացավ կասեցնել սահմանազատման գործընթացները Տավուշում, ի՞նչ կհաջողվի անել Երեւանում եւ արդյո՞ք կստացվի կասեցնել հետագա սահմանազատումները:
-Ճիշտ է, մեծ հաշվով, գյուղը կիսվեց, տներ, հողեր տվեցին թշնամուն, բայց այդ կրքերը խմորվեցին ու ծնեցին համախմբման մի նոր շարժում, որը սրբազան պայքար անվանումն է ստացել, որը ես ասում եմ` սրբազան առաքելություն: Ինչ կատարվեց. Մենք իսկապես հեռացել էինք ոգուց, իսկ եթե մարդը զուրկ է բարոյական հատկանիշներից ու արժեքներից, այնտեղ այլեւս մարդ չկա, այլ` չորքոտանի մանկուրտ: Դուք նաեւ տեսաք, թե հայ բերետավորները ինչ դաժան հաշվեհարդար էին տեսնում շարժման մասնակիցների նկատմամբ, որը արվում էր ծայրահեղ բռնի, կոպիտ մեթոդներով, բայց դրա արդյունքում մենք ստացանք այս շարժումը: Այս շարժման ամենամեծ գրավականն այն է, որ նույնիսկ այն կուսակցությունները, որոնք իրար հետ այսպես ասած «բարեւ-բարլուս» չունեին, եկան ու հավաքվեցին մի դրոշի տակ: Դա ակնառու է, ես այս ընթացքում թե քայլերթներին եմ մասնակցել, թե Բագրատ սրբազանի հետ տարբեր հանդիպումներին եմ ներկա եղել եւ կարող եմ ասել, որ այդ ամենը տվեց շարժմանը համախմբում, ինչը ոչ 2021թ-ին եղավ, ոչ դրան հաջորդող մյուս շարժումների ժամանակ: Առավել եւս, որ սրբազանն էլ հայտարարեց, որ շարժումը զերծ է լինելու որեւէ կուսակցական ուղղվածությունից, որովհետեւ հաճախ այդ կուսակցական շահերը ծառայում են նեղխմբային շահերին: Մենք ուզում ենք ազատագրվել ի վերջո այս ստրկությունից, որովհետեւ սա լուծ է, մենք մեր սեփական երկրում պատանդ ենք եւ երկրի տերերը շաղաղված լկտի, անթաքույց ծաղրով ամեն ինչ անում են մեզ դարձնելու հլու-հնազանդ եւ չեն կարող այլ բան անել, որովհետեւ նման պարտավորություն են վերցրել, եթե չանեն` կպատժվեն: Բայց ասեմ, որ 2 դեպքում էլ պատժվելու են. Սահակաշվիլին ձեզ օրինակ:
- Հենց առաջին օրերից շարժման առաջնորդներին, մասնակիցներին ծաղրեցին, պիտակավորեցին: Ծաղրեցին նաեւ, երբ սրբազանը խնդրեց Վեհափառին սառեցնել իր հոգեւոր ծառայությունը, քանի որ շարժումը մտնում է վճռական փուլ: Ի՞նչ եք կարծում, արդեն վարչապետի պաշտոնում հայտ ներկայացրած Բագրատ սրբազանը կհաջողի՞:
-Կիսագրագետները առաջ են քաշում այն փաստարկը, թե հոգեւարականը իրավունք չունի զբաղվելու քաղաքականությամբ...իսկ ո՞վ է ասել, որ իրավունք չունի, ընդհանրապես այդպես ասողները այդ բառը ընկալո?ւմ են, քաղաքականությունը քո աշխարհայացքի, տեսակի, դավանանքի, կրոնի, քո ամեն ինչի կանոնագիրքն է: Եվ` ով, եթե ոչ հոգեւոր հովիվը պետք է զբաղվի նաեւ իր երկրի կարգ ու կանոնով, բարոյական եւ հոգեւոր արժեքների պահպանմամբ: Իրենց թվում է` եկեղեցու դերը միայն պատարագներն ու մոմերն են, ոչ, Սարդարապատի ժամանակ նույնիսկ հոգեւորականներից կազմված մահապարտների գունդ է եղել, այն նույն հոգեւորականներից, որ ասում էին` մի սպանիր, բայց աստվածատուր մի իրավունք կա, եթե թշնամին գալիս է սպառնալու քո ինչքին, հավատին, զավակին, տանը, դու ոչ միայն սպանելու, այլեւ գլխատելու եւ բոլոր ձեւերով իրավունք ունես պաշտպանելու քո հայրենիքը, հավատը, կրոնը ու մերձավորններին: Հիմա այդ իմաստով խուճապի մեջ են, այդ թվում երկրի առաջին տղան, որի վերջին ելույթից ես հասկացա, որ խուճապահար է, որովհետեւ համազգային համախմբում է տեղի ունենում, 50-100 հազարանոց հավաքներ են լինում եւ դա իր արդյունքը տալու է: Պարզ է նաեւ, որ իրենց քաղաքական աղբանոցի բոլոր գործիքները օգտագործելու են, նույնիսկ, կարող է դաժան քայլերի գնան, հիշեք մարտի 1-ը, բայց մենք ուրիշ ճանապարհ չունենք:
- Երեկ մենք տեսանք, թե իրավապահները ինչպիսի բռնի ուժ կիրառեցին` քաշքշելով սրբազանին, արցունքաբեր գազ կիրառելով ցուցարարների հանդեպ, քաղաքացիներից մեկի գլուխը պատռեցին, օրեր առաջ էլ մեկի ոտքն էին կոտրել...սա ինչի՞ մասին է վկայում:
- Այս դեպքում, մենք գործ ունենք ոչ հայ- հայերի հետ, մարդիկ, որոնք բացարձակ ոչ մի արժեք չունեն, իմ մոտավոր հաշվարկներով մենք գործ ունենք 20-30 հազար ոստիկանների հետ` կարմիր, կապույտ բերետավորներ, ներքին զորքեր եւ այլն, որոնք օգտվում են բարձր աշխատավարձերից, լավ մեքենաներից, հավելավճարներից ու դրանից այն կողմ նրանց համար որեւէ սրբություն չկա եւ իրենց հրահանգվել է ամեն կերպ այս շարժումը մեռցնել, դրա համար այդ կերած խմած, մուսկուլներով անուղեղ տղաները բոլոր իմաստներով գնում են հակաօրինական քայլերի, դրա համար կարող են գլուխ ու ոտք կոտրել, նրանց համար սրբազան լինի, թե ոչ` որեւէ նշանակություն չունի: Դժբախտաբար, կա այդպիսի մի տեսակ, ավելին` ձեւավորվեց այդ տեսակը, որը դարձել է գործիք, եւ որը չի հարցնում թե ով է դիմացը կանգնած, ու եթե իր հարեւանն էլ դիմացը լինի`գլուխը կկոտրի, դրանում վստահ եմ: Բայց ես հավատում եմ իմ ժողովրդի տաղանդին ու ապագային, իսկ այս վերջին համախմբումը դրա վկայությունն է եւ օրեցօր ահագնանում է, որն իր պտուղներն է տալու:
Գալով նրան, որ երկրի վարչապետ կարող է դառնալ քրիստոնյա, հոգեւոր մարդ` հոգեւորական, ապա ես դրան նայում եմ շատ հանգիստ: Բագրատ սրբազանը մեկ միլիոն անգամ ավել բարոյական արժանիքներ ունի, քան այս խաժամուժները: Հետո՞ ինչ, որ հոգեւորական է, աշխարհում շատ կան պետություններ, որոնց ղեկին հոգեւոր առաջնորդներ են: Եթե չլիներ Բագրատ սրբազանը, բայց կներեք, լիներ մի ծառհատ` Հայաստանի որեւէ գյուղից եկած, սակայն, որի շուրջ համախմբվելու էին բոլորը, ես դարձյալ պիտի կանգնեի նրա կողքին, որովհետեւ ես վախենամ, որ մենք այլեւս ոչ ժամանակ ունենք, ոչ էլ մեզ թույլ կտան այլ բան անելու: Դրա համար հիմա պետք է տալ վերջին կռիվը, հատկապես որ մեր սահմանադրությունը թույլ է տալիս պաշտպանելու մեր իրավունքները, իսկ մեր երկրի վարչապետը ամենաբիրտ ձեւերով խախտելով մեր սահմանադրությունը բազմաթիվ անգամներ առանց համաժողովրդական հանրաքվեի, գաղտագողի պայմանագրեր է ստորագրում մեր դարավոր թշնամիների հետ, տալիս է մի ամբողջ պետություն` Արցախ անունով, որին մենք սահմանադրությամբ երաշխավոր էինք: Իսկ այն, ինչ հիմա կատարվում է` ինքնապաշտապանություն է եւ ազգայի պայքար, պիտի փորձենք հաղթանակած դուրս գալ, այլապես կկորցնենք ամենասրբագույնը` Հայաստանը: