Քաղաքականություն

Մոլիբդեն` իշխանության դիմաց

Մոլիբդեն` իշխանության դիմաց

Փաշինյանին պետք է ամեն գնով սիրաշահել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Չունենալով հայ հանրության աջակցությունը` ներքին լեգիտիմություն, նրան պետք է արտաքին լեգիտիմություն, ԱՄՆ աջակցությունը` սեփական իշխանությունը պահելու համար: Իսկ ի՞նչ կարող է առաջարկել Փաշինյանն այդ աջակցության դիմաց, որովհետև միամտություն կլիներ մտածել, որ ԱՄՆ գործող կոմերսանտ նախագահը կարող է գնալ միակողմանի գործարքի` ի վնաս ԱՄՆ շահերի, տալով մի բան` դիմացը չստանալ ոչինչ: Փաշինյանը Հայաստանում գտել է այն, ինչ կարող է հետաքրքրել ԱՄՆ իշխանություններին, համենայն դեպս` իր կարծիքով: Դա կարող է լինել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Արդեն 6-րդ օրն է Հայաստանի թիվ մեկ հարկատու համարվող ընկերությունում գործադուլ է,  գործադուլին միացել են ընկերության աշխատակիցների մեծ մասը, ովքեր պահանջում են աշխատավարձերի բարձրացում և աշխատանքի պայմանների բարելավում: Հայաստանի ամենաբարձր վարձատրվող ընկերության աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում: Գուցե նրանք դրա իրավունքն ունեն` նկատի ունենալով աշխատանքի բարդությունն ու ծանր պայմանները, բայց գործադուլի կազմակերպմանը կարող են անմիջականորեն կապ ունենալ Հայաստանի իշխանությունները:

Չնայած արդեն վեցերորդ օրն է, ինչ կոմբինատի աշխատակիցները գործադուլ են հայտարարել, սակայն Հայաստանի կառավարությունը և անձամբ Փաշինյանը որևէ վերաբերմունք չի արտահայտել կոմբինատում ընթացող իրադարձությունների նկատմամբ: Փաշինյանը դա պետք է աներ, ոչ միայն այն պատճառով, որ այն Հայաստանի ամենախոշոր հարկատուն է,այսինքն` Հայաստանի ամենահերոսը, իր չափանիշներով, և գործադուլի պատճառով Հայաստանը կորցնում է տասնյակ և հարյուր միլիոնավոր դրամների եկամուտ, այլ որովհետև Հայաստանի կառավարությունը հանդիսանում է կոմբինատի երկրորդ ամենամեծ սեփականատերը: Եթե հիշում եք, 2021 թվականին, երբ ռուս գործարար Ռոման Տրոցենկոյին պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» գնեց կոմբինատի 60 տոկոս բաժնետոմսերը եւ հենց սկզբում Հայաստանի կառավարությանը նվիրեց բաժնետոմսերի 15, իսկ հետո նաև 6,8 տոկոսը, այդպիսով Հայաստանի Հանրապետությունը դարձավ կոմբինատի բաժնետոմսերի 21,8 տոկոսի սեփականատերը: Աշխատավարձերի բարձրացման և աշխատանքի պայմանների բարելավման պահանջը ինչ որ իմաստով ուղղված է նաև Հայաստանի կառավարությանը, չնայած դրանով զբաղվում է կոմբինատի տնօրինությունը, որտեղ Հայաստանն ունի ներկայացուցիչ: Արձագանքի բացակայությունը ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարությունը գործադուլի շարունակման հարցում շահագրգիռ կողմ է, հանդես է գալիս կազմակերպչի դերում:

Նման տեղեկություններ ենք ստանում նաև Սյունքի մեր աղբյուրներից, ըստ որոնց, գործարանի աշխատակիցներին գործադուլի են մղել տեղական իշխանության որոշ ներկայացուցիչներ, գուցե հենց Փաշինյանի հրահանգով: Փաշինյանն ուզում է գործադուլի միջոցով ստիպել ռուս գործարարին վաճառել իր ունեցած բաժնեմասը, իսկ նոր գնորդ կարող է դառնալ որևէ ամերիկյան ընկերություն: Փաշինյանն ուզում է, Հայաստանի ընդերքի ամենահարուստ կտորի սեփականության, դրանից ստացվող եկամտի շահառու դարձնել ամերիկացիներին, թեև չի բացառվում, որ ռուս գործարարն էլ իր ստացած շահույթը Ռուսաստան չի տանում:

Փաշինյանը գիտի, որ ԱՄՆ նոր ընտրված նախագահը հիմա գործարք է առաջարկում իր աջակցությունը փնտրող երկրների ղեկավարներին, աջակցություն` ընդերքի հարստությունների դիմաց: Մի քանի օր առաջ Դոնալդ Թրամփը նման մի գործարք առաջարկեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: «Մենք Ուկրաինային ասում ենք, որ նրանք ունեն շատ արժեքավոր հազվագյուտ հողային մետաղներ։ Մենք ցանկանում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ, որի շրջանակում նրանք մեր մատակարարումների դիմաց կտրամադրեն իրենց հազվագյուտ հողային մետաղները և այլ իրեր»,- ասել էր Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նկատի ունենալով որ Ուկրաինա զենքի մատակարարումներն այլևս չեն լինի անվճար, օգնության կարգով, դրա դիմաց Ուկրաինան պետք է վճարի իր ընդերքի հարստությամբ։ Զենքի և զինամթերքի մատակարարումների շարունակությունը կապահովի պատերազմը շարունակելու Ուկրաինայի հնարավորությունը: Իսկ Զելենսկուն պատերազմի շարունակումն անհրաժեշտ է: Քանի դեռ պատերազմը շարունակվում է, նա պահում է նախագահի պաշտոնը: Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային դեռևս անցյալ տարվա մարտին, բայց արդեն գրեթե մեկ տարի դրանք հետաձգվում են, երկրում պատերազմ է` հիմնավորմամբ: Եթե պետերազմը ավարտվի, և ընտրություններ նշանակվեն, Զելենսկին միանգամից կկորցնի իշխանությունը, իսկ նման բան թույլ չտալու համար նրան պետք է որքան հնարավոր է երկարաձգել պատերազմը: Ստացվում է, որ նա Ուկրաինայի ընդերքի հարստությունները կարող է հանձնել ամերիկացիներին` հանուն իր իշխանության երկարաձգման: 

Հայաստանը հազվագյուտ հողային մետաղներ չունի, համենայն դեպս, դրանց գոյության կամ արդյունահանման մասին հիշատակումներ չկան: Հայաստանի միակ խոշոր հանքային հարստությունը Քաջարանում գտնվող պղնձի և մոլիբդենի հանքավայրն է: Եթե Փաշինյանին հաջողվի այդ հանքավայրի շահագործումը խլել Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատից և այն հանձնել ամերիկացիներին, ապա նույն սկզբունքով ամերիկացիները կարող են ապահովել նրա իշխանության երկարաձգումը նաև 2026 թվականից հետո: Իսկ ինչպե՞ս կարող են ամերիկացիները դա անել, եթե Հայաստանի ընտրողների բացարձակ մեծամասնությունը դեմ է Փաշինյանին և ուզում է նրա հեռացումը: Շատ պարզ. Փաշինյանը կարող է կեղծել ընտրությունները, և իրեն հայտարարել հաղթող, իսկ ընտրության հաջորդ օրը ԱՄՆ պետդեպարտամենտը կհայտարարի, որ ընտրությունները եղել են միանգամայն օրինական, և կշնորհավորի ընտրություններում հաղթած քաղաքական ուժին և Փաշինյանին: Այն, ինչ կոչվում է արտաքին լեգիտիմություն, որի հավաստման կնիքը գտնվում է ԱՄՆ-ում: ԱՄՆ-ից հետո դրանք օրինական կճանաչեն նաև նրա եվրոպացի վասալները, այսպես կոչված, ժողովրդավարական միջազգային հանրույթը և թող դրանից հետո մեկը երկրի ներսում փորձի բողոքարկել ընտրությունների օրինականությունը:  Եթե գործարքը կայանա, այն կարող է ստանալ «մոլիբդեն` իշխանության դիմաց» ծածկանունը: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image