Ի՞նչ խոստանալ հասարակությանը, ինչո՞վ խաբել մարդկանց, որ գնան եւ ընտրություն կատարեն հօգուտ պարտված եւ ձախողված իշխանության: Խոսքը միայն նախընտրական կարգախոսի մասին չէ, ընտրության գնացող ցանկացած կուսակցություն կամ դաշինք հասարակությանն ինչ-որ բան պետք է խոստանա, պետք է ասի` ինչի համար է ուզում իշխանություն ունենալ, իշխանություն ունենա, որ ի՞նչ անի, ծրագիր, հանուն որի եւ որին հավատալով՝ մարդիկ պետք է այդ կուսակցությանը ձայն տան: Արդեն 8 տարի իշխանության մեջ գտնվող Փաշինյանին եւ ՔՊ-ին այդ խնդիրը շատ դժվար կացության առաջ է կանգնեցրել, հնարավոր բոլոր խոստումները տրվել են, եւ դրանից որեւէ մեկը չի կատարվել:
Փաշինյանը որոնումների մեջ է. մեկ խոստանում է այլեւս թույլ չտալ, որ նախկին նախագահները կամ օլիգարխները քաղաքականության մեջ դեր խաղան, խոստանում է նրանց դուրս շպրտել քաղաքականությունից, բայց դա այնքան մաշված ու բորբոսնած խոստում է, որ որեւէ մեկի վրա չի ազդում, էմոցիա չի առաջացնում: Նույն խոստումը տալիս էր 2021 թվականի ընտրությունների ժամանակ` չագուճը ձեռքին, նախկինների նկատմամբ ատելություն գեներացնելով, բոլոր մեղքերը նրանց վրա բարդելով, բայց մարդիկ հասկանում են, որ Հայաստանի խնդիրը ո՛չ նախկին նախագահներն են, ո՛չ էլ խոշոր գործարարները: Նույնիսկ ատելությունը կարող է ժամկետանց լինել:
Խոստանալ խաղաղություն. մինչեւ վերջերս Փաշինյանը մտածում էր, որ ինքն ունի հաղթաթուղթ` եթե ուզում եք, որ երկիրը գտնվի խաղաղության մեջ, նոր պատերազմ չլինի, պետք է ինձ ընտրեք: Բայց սա ավելի շատ ոչ թե խոստում է, այլ՝ շանտաժ. մարդկանց շանտաժի ենթարկել, թե` եթե ինձ չընտրեք, պատերազմ կլինի, այնքան էլ արդյունավետ չէ։ Բացի դա, շանտաժն աշխատում է շատ կարճ ժամանակի վրա, մի քանի շաբաթ կամ ամիս: Կարեւոր է, թե ինչի վրա է հիմնված խաղաղության խոստումը.
1. Այն, ինչ Ադրբեջանը եւ Թուրքիան մեզնից պահանջում էին, մենք արդեն տվել ենք, հիմնական պահանջը` միջանցքը, բավարարված է։
2. Մյուս բոլոր պահանջները եւս պատրաստ ենք բավարարել, եթե մենք իրենց պահանջները բավարարում ենք, ինչո՞ւ պետք է հարձակվեն Հայաստանի վրա։
3. Գտել ենք Հայաստանի անվտանգության արտաքին երաշխավոր` Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, քանի որ միջանցքի 74 տոկոսի փայատերն ԱՄՆ-ն է:
Եթե դու մարդուն խոստանում ես միայն ֆիզիկական անվտանգություն, որը հիմնված է թշնամուն հնազանդվելու եւ հպատակվելու վրա, դա արդեն ոչ թե նախընտրական խոստում է, այլ՝ պատիժ: Եթե Հայաստանի անվտանգությունը հիմնված է արտաքին երաշխավորի տված խոստման վրա, իշխանության եւ դրանում գործող անձանց դերը դառնում է զրոյական, ով էլ գա իշխանության, միեւնույն է` այդ երաշխիքը գործելու է, ԱՄՆ-ն Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու է ոչ թե հանուն Նիկոլ Փաշինյանի կամ մեկ այլ անձի, այլ հանուն այստեղ ունեցած իր շահի` Թրամփի միջանցքի:
Երեկ Փաշինյանը նոր խոստում հրապարակ նետեց. «Մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատեւման օրակարգի մեջ ենք»։ Խաղաղությունը կամ անվտանգությունը գոյատեւման օրակարգն են, մարդուն ասում են` դու պետք է երջանիկ լինես, որ քեզ չեն սպանում, եթե դու դեռ կենդանի ես, շնչում ես, դա արդեն մեծ ձեռքբերում է: Հիմա ասում է, որ, չէ` մենք նաեւ զարգացման հեռանկար ունենք: Ողբերգությունն այն է, որ, որպես այդ զարգացման օրակարգի ապացույց, նա որեւէ կոնկրետ օրինակ չի նշում․ ուղղակի չի կարող ասել՝ դրա գոյության բացակայության պատճառով: Ասում է, որ սերտում է պատմության դասերը, եւ հենց այդ պատճառով է, որ Հայաստանը զարգացման օրակարգի մեջ է: Ի՞նչ կապ ունեն պատմության դասերը զարգացման օրակարգի հետ, ինչպե՞ս կարող են պատմությունը կամ դրա դասերը զարգացում ապահովել: Պատմությունը կամ դրա դասերը առավելագույնը կարող են օգնել սխալներ չգործելուն:
Չնայած պատմության դասերը Փաշինյանը լավ չի հասկանում` նույնիսկ երրորդ հատորը կարդալուց հետո: Հայ ժողովրդի պատմության ամենամեծ դասն օտարի լծի տակ չմտնելն է, սեփական ազատությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելն է: Հայոց պատմությունը սկսվում է աշխարհակալ Բելի դեմ Հայկի ապստամբությամբ, հայ մարդն ազատության ծնունդ է: Այսօրվա աշխարհակալ պետությունը Միացյալ Նահանգներն է, այն ժամանակվա Ասորեստանն այսօրվա Միացյալ Նահանգներն է, իսկ Բելը` այսօրվա Դոնալդ Թրամփը, բայց այսօր Հայաստանը եւ հայերին առաջնորդում է ոչ թե ազատության մարտիկ Հայկը, որը մարտահրավեր նետեց աշխարհակալությանը եւ պաշտպանեց իր ժողովրդի ազատության իրավունքը, այլ՝ մեկը, որը պատրաստ է ցանկացածի գերիշխանությունն ընդունել, հպատակվել ցանկացածին, միայն թե ապահովի իր ֆիզիկական գոյությունը:
Փաշինյանը Հայոց պատմությունն ուսումնասիրում է՝ ընդամենը հասկանալու համար, թե ինչ է գրվելու դրանում իր մասին, իր իշխանության տարիների մասին: Հուսադրող հետեւություններ չկան: