«Հրապարակ»-ի լրագրող և թերթի միջոցով ինձ բարեկամ դարձած Էդիկ Անդրեասյանը մի գտնված արտահայտություն ունի` «էշի հարսանիք»: Չնայած դրանում առկա սարկազմին՝ այն պարունակում է նաև, այսպես ասած, տխուր նոտաներ: Համենայն դեպս, ես այդպես եմ այն ընկալում: Էշի մասին հայերենում առկա են բազմաթիվ, վաղուց կարծրացած արտահայտություններ. դրանցից մեկն էշի ականջում քնելու մասին է: Կարծում եմ, որ իմաստը բացատրելու կարիք չկա՝ այնքան է այն տարածված: Ու չնայած իր, ենթադրաբար, վաղնջական լինելուն՝ այն չի դադարում միմյանց փոխարինած յուրաքանչյուր սերնդի կյանքում հրատապ ու օրակարգային խնդիր դառնալուց: Դժբախտաբար:
Արևելքից թշնամի երկրում, օրինակ, թափ է առնում «արևմտյան ադրբեջան» կոչված գիտական, քաղաքական և գաղափարական կեղծիքը: Ինչը բացահայտ ագրեսիվ նկրտումներ պարոնակող գաղափարախոսություն է՝ ուղղված Հայաստանին: Դրան ի պատասխան մեզանում 2018-ից գործող իշխանությունը փորձում է ձևավորել խաղաղասիրական հիմքով վիրտուալ «իրական Հայաստան»: Թշնամական երկրում ձեռք են բերում նորագույն սպառազինություն՝ ազատվելով իրենց դարն ապրած (Ուկրաինային վաճառվող «ՍՈՒ 22» տեսակի ռազմական ինքնաթիռներ) խորհրդային զինատեսակներից: Իսկ Հայաստանում նվազեցնում են պաշտպանության ոլորտին հատկացվող բյուջետային միջոցները: Դա բավարար չէ, Ազգային Ժողովի ընտրություններին ընդառաջ, պոպուլիստական ոգով օրենք են մշակում զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու մասին:
Ադրբեջանում շարունակվում է հայ գերիների ու պատանդների դատը՝ այդ երկրի դատախազը պահանջում է 15-20 տարվա ազատազրկում: Հայաստանյան պաշտոնական և թե կիսաայդպիսի՝ ՀԿ-ների անդամներից ու վայ փորձագետներից բաղկացած, պատվիրակությունները այդ հարցի առումով բերանները ջուր են առնում թշնամու հետ հանդիպելուց: Կուզեի տեսնել, թե ինչպիսի վերաբերմունք կդրսևորեին այդ անձինք՝ եթե իրենց հարազատներից մեկն ու մեկը հայտնվեր Բաքվի բանտում: Չնայած ծանոթ լինելով խորհրդային անցյալին՝ կարծում եմ, որ պահվածքը կլիներ նույնը: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն այդ անցյալին, ասեմ, որ իրենց հարազատի՝ բանտ նետվելուց հետո էլ իրենք շարունակում էին ստրկաբար ծառայել գործող իշխանությանը:
Ասվածի համատեքստում ուզում եմ մեջբերում կատարել հայկական լրատվամիջոցներից: Բաքվից վերադարձած քաղհասարակության ներկայացուցիչներից քաղաքագետ Քոչինյան Արեգը «ներկայացրել է ադրբեջանական կողմի փոխանցած հիմնական մեսիջները, որոնք, նրա խոսքով, ուղղված են հայ հանրությանը։ Քոչինյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են Հայաստանի հետ ձևավորել երկարաժամկետ և համապարփակ խաղաղություն։ Բացի այդ, նրանք ընդգծում են, որ չունեն տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ և ցանկանում են առաջ շարժվել խաղաղ զարգացման ուղով»։ Իսկ հիմա դա համադրենք «գյոյչա լճի» (խոսքը Սևանա լճի մասին է) ու ընդհանրապես «արևմտյան ադրբեջանի» հետ: Եվ մտածենք, թե ինչպես է հնարավոր դրա համադրումը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու և ադրբեջանական կողմի փոխանցած հիմնական մեսիջների և խաղաղության հետ:
Լավ, ասենք թե «չշշկռվելիք» գերագույնի հրամանատարությամբ խայտառակ պարտությունից հետո արտաքին թշնամին մեզ անհաղթ է թվում, ու այսօր դրա դեմ ոչինչ անել չենք կարող: Բա ինչո՞ւ ենք այդ դեպքում լռում ներքին թշնամու լարած դավերի առումով: Մենք մեզ համարում ենք հնամենի քրիստոնեական ազգ, սակայն ազգաբնակչության մեծածամասնությունը լռելյայն դիտում է, թե ինչպես է գործող իշխանությունը փչացնում եկեղեցականներին՝ անունը դնելով բարեփոխում: Ընդ որում, փչացնում է քահանայից սկսած մինչև եպիսկոպոս՝ ինչ է, թե «ցավում» է այդ կառույցում տիրող իրավիճակի համար: Իսկ մարդիկ չեն գիտակցում, որ հայոց եկեղեցին մաքրելու ցանկությամբ «տառապողն» իրականում զբաղված է այդ կառույցի վրա կեղտաջուր լցնելով: Ու համատարած մերժողական արձագանք չի ստանում:
Ի՞նչ է այս և նմանատիպ այլ իրադարձությունների նկատմամբ Հայաստանի բնակչության մեծամասնության լռությունը՝ եթե ոչ էշի ականջում քնած լինելու դրսևորում: Ինչը նշանակում է, որ քնած ենք բոլորս՝ որպես ամբողջություն: Որի վերջաբանը հայտնի է՝ էթնիկ զտում, եթե չկարողանանք արթնացնել այդ ամբողջությունը: