Հասարակություն

«Հրապարակ». Շաքարս, ճնշումս բարձր էին՝ դեղամիջոց չունեի, զանգելու հնարավորություն էլ չեն տվել

«Հրապարակ». Շաքարս, ճնշումս բարձր էին՝ դեղամիջոց չունեի, զանգելու հնարավորություն էլ չեն տվել

Առավոտյան 6.30-ից մինչեւ 19.00-ն չորս հոգով, անակնկալ խուզարկություն անելու եկան` դատարանի որոշումով, երբ որ ես ընդամենը վկա եմ։ Խուզարկել են ամբողջ բնակարանը՝ պատմեց Արագածոտնի թեմի սպասավոր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, որին օրեր առաջ դիմակավորված իրավապահները բերման էին ենթարկել: «Քնահարամ էինք դեռ, փորձում էինք հասկանալ, իրենք արագ-արագ ներկայանում էին»,- պատմում է Տեր Վրթանեսը: Ժամանել են 2 մեքենայով` առանց պետհամարանիշների, առանց բերման ենթարկելու մասին դատարանի որոշման:

«Իրենց ամենից շատ հետաքրքրում էր երեւի զենք-զինամթերք գտնելը, որովհետեւ 44-օրյա պատերազմի մասնակից եմ: Անհարմար հարց տվեց իրենցից մեկը՝ օրինական զե՞նք էլ չունես։ Ասեցի` փնտրեք գտեք, եթե կա: Գոնե օրինական զենք էին փնտրում, որ նկարեին ու հրապարակեին՝ համացանցային երկիր ենք դարձել: Փնտրեցին, ոչինչ այդպիսի չգտան: Ասեցի՝ եթե ձեզ նման բան է հետաքրքրում, 44-օրյայից հետո ինձ տրված բաճկոնն ինձ մոտ է, կարող եմ դա տալ: Իրենք դա չեն գտել, ես՝ ինքս եմ առաջարկել, ասեցի, որ կարող են վերցնել, բայց հետո փոխանցել պաշտպանության նախարարությանը: Բացի իմ հեռախոսից, որը թույլ չտվեցին անջատել․ բարեկամներս, ընկերներս զանգում էին, ոչ ոք չէր պատասխանում, պատկերացրեք այդ մարդկանց վիճակը»: Տեր Վրթանեսի տնից առգրավվել են 3 համակարգչի կրիչներ, երեխաների եւ կնոջ հեռախոսները, այն դեպքում, երբ դրանք օգտագործում են սովորելիս․ Տեր Վրթանեսի կինը մասնավոր դպրոցում ուսուցչուհի է աշխատում:

«Քննչականից երբ վերադարձա, մտածում եմ, որ Տեր հայր եմ, մի քիչ պիտի հալածված լինի Տեր հայրը, Քրիստոսին հալածել են՝ Տեր հայրը ո՞նց կարող է չհալածվել, երբ ինձնից տասը անգամ մեծ վաստակ ունեցող Միքայել սրբազանն ու Բագրատ սրբազանը բանտում են. դեռ չգիտեի, որ մեր հարգարժան Մկրտիչ սրբազանին էլ են նույն ձեւի տարել բաժին: Ես վիրավորված եմ ոչ թե այն բանի համար, թե ինչպես են իմ հանդեպ վարվել, այլ՝ որ ՀՀ քաղաքացիների հետ այդպես են վարվում, հատկապես որ վկայի կարգավիճակ ունես: Ամբողջ կյանքդ համեստ ծառայում ես, մեկ էլ մեկը կարող է անկապ հայտարարություն տալ, մյուսն էլ դրա հիման վրա հայց ներկայացնի, ու վկայի տանը խուզարկություն անեն: Քանի որ գործը փուչիկ է, իրենք փորձում են խուզարկությունների միջոցով գործ սարքել, ու սա այնքան տհաճ է: Նայում ես քննչականի աշխատողներին՝ իրենք շատ մարդկային, կիրթ մարդիկ էին, բայց երբ որ անկիրթներն են նրանց ղեկավարում, ամեն ինչ պղտորվում է: Երբ քննիչը քեզ հարցաքննում է հեռախոսով ու կազմած հարցաշարով, այսինքն՝ անձամբ չի հարցաքննում, մինչեւ ինձ քննելը, քննիչին հարցաշար էին տվել, երբ ես նույնիսկ փաստաբան չեմ պահանջել, չնայած փաստաբան պահանջածներին չէին տրամադրել: Ես հարցերին պատասխանել եմ, որովհետեւ թաքցնելու բան չունեմ, փառք Աստծո, թեմիս առաջնորդը, որին Տեր Արամը վերադաս է ասում, իմ կամքին դեմ երբեք ինձ որեւէ հանձնարարություն չի տվել: Ո՞նց կարող է հասուն, չափահաս մարդն ասել, որ ինչ արել եմ, վերադասիս հանձնարարականով եմ արել, վախեցել եմ՝ արել եմ: Խնդիրը քո մեջ փնտրիր»,- պատմում է Տեր հայրը:

Իրավական համակարգը վերեւից տրված հրահանգներով վարկաբեկում են՝ շեշտում է հոգեւորականն ու հավելում, որ այս գործողություններով իշխանությունը ոչ միայն փորձում է հայ եկեղեցին վարկաբեկել, այլեւ գործիք դարձնելով իրավապահ համակարգը՝ վարկաբեկում է հենց նույն համակարգը:

«Փաստաբանը եկել է, որ Տեր Գարեգինի մոտ մտնի, միջանցքում հարցնում է, թե որտեղ է Տեր Գարեգինը, չեն ասում, լավ է՝ սենյակի դուռը բաց էր, ու ասեցի... Քահանային բերել են աշխարհիկ անունով, լավ, եթե չգիտես քահանայի անունը, գոնե ասեիք, որ այս սենյակում երեք քահանա կա՝ ճշտեք, թե իրենցից որն է Տեր Գարեգինը: Տեր հոր վիճակը ծանր է, առողջական խնդիրներ ունի, այդ վերաբերմունքից ճնշումն էր բարձրացել, ինքը շատ վատ էր զգում, ու փաստաբանին տեղը չէին ասում»,- ասաց Տեր հայրը:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ խոշտանգումների է ենթարկվել Տեր Վրթանեսը։ Ասաց` հոգեբանական խոշտանգման. «Ավելի լավ էր ինձ ֆիզիկական խոշտանգման ենթարկեին։ Հեռախոսս զանգում էր, չէի պատասխանում, շաքարս բարձր էր, ճնշումս բարձր էր՝ դեղամիջոց չունեի, չգիտեի էլ, որ կարող եմ իրենցից պահանջել։ Իրենք ինձ 12 ժամ պահել են, ամբողջ օրվա ընթացքում մե՛կ հոթ-դոգ, մե՛կ խաչապուրի են հյուրասիրել։ Ինձ թվացել էր, թե ինձ հյուրասիրում են, այնինչ` իրենք պարտավոր էին դա տրամադրել։ Ինձ չեն ասել, թե ինչ իրավունքներ ունեմ, չեն ասել զանգելու իրավունքի մասին, որ իրավունք ունեմ դեղամիջոց եւ սնունդ պահանջել։ Առաջին զանգը կատարել եմ երեկոյան 5-ի կողմերը. մինչ այդ իմ գտնվելու վայրի մասին ոչ ոք ոչինչ չի իմացել։ Ես մեղավորություն չունեմ, ու նման վերաբերմունքն իմ ու իմ ընտանիքի նկատմամբ ինձ համար շատ վիրավորական է, ես՝ որպես քահանա, պատրաստ եմ նման վերաբերմունք կրելու, բայց այն վերաբերմունքը որ իմ դեմ են կիրառել, ամոթ իրենց։ Իրենք, որ օրենքի ներկայացուցիչ են` անօրենության ներկայացուցիչ են, եւ ես սրա մասին չպետք է լռեմ։ Ո՞նց կարող է իմ նկատմամբ նման վերաբերմունք լինի, ես էլ, ձայնս կտրած, վաղն իրենց հանդիպեմ փողոցում, բարեհամբույր ժպտամ։ Իրենցից մեկն ասում է՝ հիմա դուք մեզ համար աղոթո՞ւմ եք, ասեցի՝ հիմա չենք աղոթում, ասեց՝ բա խի՞, ասեցի՝ որովհետեւ թեմի բոլոր տեր հայրերին դուք ձերբակալել եք, վստահ եմ, որ եթե ինձ ձերբակալել եք, ուրեմն մյուսների հետեւից էլ եք գնացել, ու հիմա ձեզ համար աղոթող չկա»,- ասաց Տեր Վրթանեսը։ Նաեւ պատմեց, որ խաթարել են ողջ ծիսական կարգը՝ նախապես պայմանավորված պսակներ, կնունքներ, հուղարկավորություններ: «Արագածոտնի մարզի հասարակությունն իրենց ուղիղ հայհոյում է, ես ուրախ չեմ, որ հայհոյում է, բայց իրենք դա վաստակել են»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image