Բրյուսելում հուլիսի 15-ին տեղի ունեցած ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, այդ հանդիպման ամփոփումը հանդիսացող Շառլ Միշելի հայտարարությունն այն հանգրվանն են, երբ կարելի է, պատկերավոր ասած, յուրաքանչյուր «նշանախեցը» հատ-հատ վերլուծել՝ «մարսելու» համար։ Թեեւ արդեն բավականին շատ կարծիքներ եւ տեսակետներ են արտահայտել, որտեղ աչքի են ընկնում հատկապես դեպի Արցախ Ադրբեջանի կողմից հումանիտար բեռների տեղափոխման առնչությամբ արտահայտված մտքերը, սակայն տողերիս հեղինակի համար խնդրահարույց է հենց առաջին պարբերությունը, որը պայմանականորեն վերնագրված է՝ «Ինքնիշխանություն եւ տարածքային ամբողջականություն»։
Մեջբերենք այն․ «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները եւս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ։ Դա հիմնվում է այն ըմբռնման վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29.800 ք/կմ, իսկ Ադրբեջանի տարածքը՝ 86.600 ք/կմ»։ Եթե հիմք ընդունենք այն կանխավարկածը, որ Երեւանն ու Բաքուն, ըստ մեջբերվածի, ճանաչում են մեկմեկու տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ բոլոր ածանցյալ բաղադրիչներով հանդերձ, ապա առաջնային հարց է մնում այն, թե Հայաստանը որքանով կարող է կենսունակ պետություն լինել նշված 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի շրջանակներում։ Սա թերեւս գոյաբանական նշանակության հարց է, եթե կանխավարկած ենք ընդունում այն, որ միջազգային դերակատարների մակարդակում «ամեն բան արդեն չափված-ձեւված է»։
29,8 հազար քառ. կմ տարածքով Հայաստանը պատմականորեն ստեղծվել է Խորհրդային Միության կողմից՝ խորհրդային անծայրածիր երկրի մաս լինելու համար, ինչը նշանակում է, որ այն կարող էր կենսունակ լինել Խորհրդային Միության կազմում՝ միասնական տնտեսական-քաղաքական տարածքում, որտեղ գոյություն ուներ կենտրոնաձիգ միակուսակցական գերհզոր համակարգ, որը եւ կազմակերպում էր այդ ողջ ահռելի երկրի կյանքն ու տնտեսությունը՝ հիմնվելով փոխներառականության եւ փոխլրացման սկզբունքների վրա։ Երբ կոնկրետ ապրանքի բաղադրիչների մի մասը կարող էր արտադրվել Հայաստանում, մյուս մասը՝ Ղազախստանում, երրորդ մասը՝ Մոլդովայում, Ուկրաինայում կամ Ռուսաստանում։ Դա մի բարդ համակարգ էր, որը կարելի է պատկերել որպես մրջնաբույն, որտեղ մեկ նպատակի համար ներգրավված աշխատում էին բոլորը։ Սակայն այժմյան պայմաններում, հատկապես, երբ հաշվի ենք առնում նաեւ, որ տարածաշրջանի հանդեպ «նայողների» մրցապայքար է ընթանում, 29,8 հազ. քառ կմ տարածքի վրա Հայաստանի կենսունակության հարցը տեսական դատողության մակարդակից դառնում է խիստ իրական, շոշափելի հարց։ Մենք, իհարկե, չենք ասում, թե, օրինակ, այդ 29,8 հազ քառ․ կմ-անոց Հայաստանն աշխարհի պետությունների քարտեզից կջնջվի։ Իհարկե, ոչ։ Խնդիրը սուբյեկտայնության, ինքնիշխանության հատկանիշների պահպանման մեջ է։
Ավելի պարզ ասած՝ Հայաստանը գոնե ինչ-որ կերպ ձայն կունենա՞ տարածաշրջանում, թե՞ կդառնա իրենից ավելի հզոր տնտեսությունների էքսպանսիայի զոհ՝ վերածվելով սովետական քաղաքական մտքի պրոդուկտ հանդիսացող «բանանային ռեսպուբլիկայի»։