Քաղաքականություն

Քննարկումներ ռուսական տիրույթում՝ Վաղարշակ Հարությունյանին Գուրգեն Արսենյանով փոխարինելու շուրջ 

Քննարկումներ ռուսական տիրույթում՝ Վաղարշակ Հարությունյանին Գուրգեն Արսենյանով փոխարինելու շուրջ 

Երկար ճանապարհ անցնելուց եւ մոտ մեկ տարվա քննարկումներից հետո, երբ մամուլում անգամ գրվեց, որ ագրեմանը Ռուսաստանը մերժել է, վերջապես` օգոստոսի 14-ին Գուրգեն Արսենյանը նշանակվեց Ռուսաստանում ՀՀ դեսպան։ Դրանից մի քանի օր առաջ նա վայր էր դրել ԱԺ պատգամավորի մանդատը։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ դադարեցնում է ՄԱԿ կուսակցության նախագահի պարտականությունները եւ կուսակցությանն անդամակցությունը, ինչը նախատեսված է օրենքով։ 

Սպասվում է, որ սեպտեմբերի առաջին օրերին նա արդեն կլինի Մոսկվայում։ Ու մինչ նորաթուխ դեսպան Արսենյանը ճամպրուկն է հավաքում, իսկ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը ճամպրուկային տրամադրությունների մեջ է, ռուսական մեդիա-փորձագիտական համայնքում որոշակի հետաքրքրություն է առաջացրել ինչպես իր նշանակումը, այնպես էլ Վաղարշակ Հարությունյանի հետկանչը։ Անկախ այն հանգամանքից, թե պաշտոնապես ինչ է հայտարարվել, ռուսական կողմում համարում են, որ Արսենյանն առանձնապես մեծ արդյունքներ չի կարող ունենալ հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների լարվածության մեղմացման հարցում։ Եւ իրավացի են, քանի որ քաղաքականությունը որոշում է ոչ թե դեսպանը, այլ երկրի ղեկավարը` վարչապետը։

Նույնիսկ եթե Գուրգեն Արսենյանն անձամբ ցանկանա դրական ներդրում ունենալ հայ-ռուսական քաղաքական հարաբերություններում, միեւնույնն է, Մոսկվայում նրան ընկալում են որպես մի թիմի անդամ, որի օրոք հայ-ռուսական հարաբերությունները հասան այն վիճակին, որում ներկայումս գտնվում են։ Արսենյանը Մոսկվայում, ըստ ռուսական կողմի տեսակետների, կունենա լրիվ այլ առաքելություն եւ կիրականացնի լրիվ այլ հանձնարարական։ Այն է՝ կփորձի թուլացնել Ռուսաստանի Հայերի միության ազդեցությունը ռուսահայ համայնքի վրա (news. ru), կփորձի վերաձեւել Հայաստան-Ռուսաստանի Հայ համայնք հարաբերությունների գործող մոդելը` Փաշինյանի քիմքին ավելի հաճո մոդելով։ Հասկանալի է, որ կփորձի նաեւ խարխլել ազգային-համայնքային նշանակություն ունեցող այլ կառույցների հեղինակությունը ռուսահայ համայնքի մոտ, ներառյալ նաեւ՝ Հայ Առաքելական եկեղեցունը, եթե հաշվի առնենք, թե Հայաստանում ինչ վիճակում են իշխանություն-եկեղեցի հարաբերությունները եւ ով է Ռուսաստանում թեմի առաջնորդը (Գարեգին Բ-ի եղբայրն է` Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը)։ 

Այստեղ սակայն պետք է նկատի ունենալ մեկ նրբություն. Արսենյանը գտնվելու է Ռուսաստանում, իսկ ռուսահայ համայնքային-ազգային կազմակերպությունները ՌԴ տարածքում վաղուց գործող կազմակերպություններ են եւ ունեն իրավաբանական անձի կարգավիճակ։ Նրանք նաեւ բավականին խոր ներգրավվածություն ունեն ռուսական պետական-հանրային նախագծերում, ինչպես օրինակ. ռուս-ուկրաինական ռազմաճակատին կամ ռազմական հակամարտության հետեւանքով տեղահանված անձանց օգնության հանգանակումն ու մատակարարումն է։ Հետեւաբար, Արսենյանի կողմից այդ կառույցների բնականոն գործունեությանը խանգարելու փորձերը, հատկապես եթե հաշվի առնենք, որ ռուսահայ համայնքի ներկայացուցիչները 99,9 տոկոսով նաեւ ՌԴ քաղաքացիներ են, կարող է դիտարկվեն որպես Ռուսաստանի հասարակության մաս կազմող էթնիկ խմբերից մեկի ներսում խժդժությունների հրահրում եւ հակապետական քայլեր։ Իսկ Կրեմլում նման բաները չեն հանդուրժի եւ եթե նոր դեսպանը փորձի նման բան անել, նրա պաշտոնավարումը կամ շատ կարճ կտեւի կամ նա լուրջ խնդիրներ կունենա։ Ռուսական կողմը նկատում է, որ Վաղարշակ Հարությունյանի եւ Փաշինյանի թիմի միջեւ հակասություններ են առաջացել այն բանից հետո, երբ վերջինս` որպես դեսպան այցելել է Բելգորոդի եւ Կուրսկի մարզեր։ Ըստ ռուսական մամուլի հրապարակումների, Բելգորոդի մարզ այցելության ժամանակ նույնիսկ տեղում հրթիռակոծության ահազանգ է հնչեցվել։ Հարությունյանն այդ այցերի ժամանակ հայտարարություններ է արել, որոնք Փաշինյանի թիմակիցներից ոմանք համարել են ռուսամետ եւ քննադատել։ 

Անկախ ամեն ինչից, Մոսկվայում ողջունել են Վաղարշակ Հարությունյանի այդ այցերը եւ հիմա արձանագրում են, որ Արսենյանը այլ կեցվածք է դրսեւորել` երբեմն անգամ թուրքամետ, կամ արեւմտամետ հայտարարություններ թույլ տալով իրեն ու քննադատելով ՌԴ-ին։ Վաղարշակ Հարությունյանի՝ Բելգորոդի եւ Կուրսկի մարզեր կատարած այցերից հետո, նոր դեսպան Գուրգեն Արսենյանից էլ Կրեմլը համարժեք քայլեր է ակնկալում կամ գոնե այնպիսի չեզոքության որդեգրում, որը ռուսական քաղաքականության դեմ դեմարշներ չեն դիտվի։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image