Մշակույթ

Ինչ գործերով է համալրվելու ազգային պատկերասրահը 

Ինչ գործերով է համալրվելու ազգային պատկերասրահը 

Հայաստանի ազգային պատկերասրահը հայտարարել է, որ մինչեւ հուլիսի 7-ը պետական բյուջեի միջոցներով թանգարանի հավաքածուի համալրման նպատակով ընդունում է հայտեր։ Հայտը պետք է ներառի առարկայի փորձագիտական եզրակացություն (համաձայն պետգնումների չափորոշիչների), լուսանկար, առարկայի տվյալներ, առաջարկվող արժեք, սեփականատիրոջ համաձայնություն: Ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ազգային պատկերասրահում վերջին համալրումը եղել է անցած տարի` պետբյուջեի միջոցների հաշվին, մոտ 12 մլն դրամի թանգարանային առարկաներ են ձեռք բերել: Չի կարող ասել, թե կոնկրետ ինչքան գումար է այս տարի հատկացվելու, քանի որ կախված է այն բանից, թե ինչ աշխատանքներ կընտրվեն: Ո՞վ է հայտերն ընտրելու եւ ի՞նչ չափանիշներից ելնելով, Հովհաննիսյանը նկատում է.

«Մենք ունենք ֆոնդային, գնող հանձնաժողով, որը նիստ կգումարի հուլիսի 7-ից հետո, եւ օր կնշանակենք, երբ ամեն ինչն ամփոփենք: Նիստի ժամանակ ընտրվում են այն աշխատանքները, որոնք Պատկերասրահին համապատասխանում են իրենց չափանիշներով, մշակութային, գեղարվեստական արժեքով»: Մի կարեւոր հանգամանք եւս. «Մենք ունենք նաեւ համալրման հայեցակարգ, այսինքն՝ թե ինչի հիման վրա ենք համալրում, իսկ համալրումը հիմնականում կատարվում է այն սկզբունքով, թե այդ հեղինակն ինչքանով է կարեւոր հայ կերպարվեստի պատմության համար, իրենից մենք գործեր ունենք-չունենք, ինչքան ունենք, փորձում ենք հավաքածուն հնարավորինս նպատակային եւ ճիշտ համալրել: Հանձնաժողովն ընտրություն է կատարում, թե որ աշխատանքն է համապատասխանում, հետո մենք կազմում ենք համապատասխան փաստաթղթավորումը եւ ուղարկում նախարարություն: Նախարարությունում արդեն ամփոփում են բոլոր թանգարանների արդյունքները, քանի որ այնտեղ էլ մի հանձնաժողով կա ու դրանց հիման վրա վերջնական որոշում է կայացնում, թե որ առարկաների համար է ֆինանսավորում ձեռք բերվում, որոնց համար` ոչ»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image