Մենք հետաքրքրվեցինք, թե ինչու է դատարանը ընդամենը 15-օրյա կալանք սահմանել Ավետիք Չալաբյանի համար։ Դատարանները, որպես կանոն, 2 ամսով, նվազագույնը՝ 1 ամսով են կալանքի սակցիա տալիս։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով, քանի որ նոր քրեական դատավարության օրենսգրքով, եթե մեղադրյալը կալանավորված է, ապա գործը դատարան կարող է ուղարկվել կալանքի ժամկետը լրանալուց 15 օր առաջ, եթե, իհարկե, մեղադրական կողմն ուզում է, որ դատարանը քննարկման առարկա դարձնի կալանքը։ Այսինքն, որպեսզի հանկարծ Ավետիք Չալաբյանը հուլիսի 12-ին ազատության մեջ չհայտնվի, իրենք էլ հասցրած չլինեն գործը ուղարկել դատարան, դիմել են դատարան՝ կալանքը 15 օրով երկարացնելու միջնորդությամբ։ Քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում փաստաբանն ասաց, որ դատարանը բավարարել է 15 օրով՝ ճիշտն այնքան, որքան, որ իրենց անհրաժեշտ է, որպեսզի գործը ուղարկվի դատարան, ու դատարանը քննության առարկա դարձնելով կալանքի հարցը և, ամենայն հավանականությամբ պահպանի կիրառված կալանքը։
Գործը կարող է, օրինակ՝ Մնացական Մարտիրոսյանին մակագրվել, որը հեշտությամբ կկատարի վերեւից իջած պատվերը։ Ըստ փաստաբանի, քննիչն ու դատախազը լավ չէին հաշվարկել, որ գործը ավարտելու և մեղադրական եզրակացությունը նախ քննիչի կողմից դատախազին ուղարկելու, ապա դատախազի կողմից դատարան ուղարկելու համար անհրաժեշտ է ծանուցել կողմերին, մեղադրյալին՝ գործի նյութերին ծանոթանալու ժամանակ տրամադրել եւ այլն։ Այդ գործընթացը, ըստ քրեական դատավարության օրենսգրքի, պետք է իրականացվի ծանուցման պահից 2օր առաջ։ Այնինչ, քննիչը, խախտելով այդ ժամկետը, ընդամենը երեկ՝ ոչ աշխատանքային օրով, խախտելով ծանուցման պատշաճության պայմանները, արել է դա։ Օրինակ՝ խախտել է ծանուցման կարգը՝ պաշտպանական կողմի ոչ պաշտոնական էլ. փոստերին ծանուցելով։ Հաշվի չեն առել, որ դիմացը կիրակի է եւ այլն։ Փաստաբան Արմեն Ալիկյանը եւ Վարազդատ Հարությունյանը ընդհանրապես չեն ստացել ծանուցում, Արթուր Հարությունյան էլ քաղաքից դուրս է եղել, վերադարձել է նախորդ գիշերը, առավոտյան աշխատանքային օրը սկսվելուն պես իր Էլ. փոստը ստուգելուց հայտնաբերել է այդ ծանուցումը։ «Սա օրենքի խախտում է, իրենք ամեն ինչ անում են, որպեսզի հասցնեն գործը 15 օր առաջ ուղարկեն դատարան, իրենք գնում են օրենքի խախտման՝ հանուն նրա, որ Չալաբյանին ապօրինաբար կալանքի մեջ պահեն»,- ասում է փաստաբանը։