Կառավարությունը այսօրվա նիստում վերջապես անդրադարձավ Արցախից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու չարչրկված ու թերի ծրագրին, որից խիստ դժգոհ էին արցախցիները։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա փետրվարին ընդունված որոշմամբ կառավարությունն իր կողմից երաշխավորված սերտիֆիկատի տեսքով աջակցություն է տրամադրում Հայաստանում, կամ Արցախում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու, կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար։ Այն ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։ Ահռելի թվով մարդիկ ստացան սերտիֆիկատները, սակայն տարբեր պատճառներով չկարողացան բնակարաններ կամ տներ գնել։ Գործադիրի տվյալներով, անցյալ տարվա փետրվարից մինչև հունիսի 6-ը սերտիֆիկատ է ստացել 3,608 տեղահանված, շուրջ 750 սերտիֆիկատի հիման վրա հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։ Այսինքն՝ տեղահանվածների չնչին մասը կարողացավ օգտվել ծրագրից։
Բայց բոլոր սերտիֆիկատ ստացողներին կտրել են աջակցության ամենամսյա 40 հազար դրամներից։ Արդյունքում մարդիկ չեն կարողացել տուն ձեռք բերել, նաև զրկվել են տան վարձի համար տրվող գումարներից։
Հավաստագիր ստացած և այն կիրառած շահառուների ահռելի տարբերության պատճառը, ըստ կառավարության, ծրագրով սահմանված կանխավճար վճարելու անհնարինությունն է, ինչպես նաև աջակցության գումարի սակավությունը։
Նկատենք, որ այս մասով որևէ նորություն չկա։
Փոփոխությունների մեծ մասը տեխնիկական բնույթի են։ Ծրագրին առցանց դիմելու ժամկետն է երկարացվել՝ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Սահմանվել է, որ ծնողների հետ միևնույն հասցեում բնակված՝ ամուսնացած կամ ամուսնալուծված զավակի ընտանիքը, որպես առանձին շահառու, կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե Արցախի բնակավայրերում առանձին անշարժ գույք է ունեցել։ Սահմանվում է, որ միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում։ Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով, իսկ մարզերում՝ ամսական վճարների մարման համար հանրագումարային՝ մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով։ Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով։ Սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով։
Թերևս ամենաէական փոփոխությունն այն է, որ նվազեցվում է պահանջվող կանխավճարի չափը՝ 5 տոկոսից դառնալով 2,5 տոկոս, հատկապես առնվազն 4 անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև բացառապես կենսաթոշակային տարիքի շահառուներից կազմված ընտանիքների համար՝ այս դեպքում կանխավճարը կկազմի 1 տոկոս։ Այստեղ կար խնդիր, որովհետև, օրինակ, բնակարանի գնման համար տրվող 10 մլն դրամ գումարի 500 հազարը կանխավճար էր, արդյունքում առանց այն էլ փոքր գումարն ավելի էր փոքրանում։ Այժմ կանխավճարները դառնում են 250 հազար և 100 հազար՝ 4 երեխա ունեցողների համար։
Նաև վերացվել է պայմանը, որով «շահառուի դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ձեռք բերվող անշարժ գույքը չպետք է օտարված լինի»։
Որոշմամբ արտոնություն է տրվում այն ընտանիքներին, որոնք հավաստագրի միջոցով անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն գյուղական ոչ սահմանամերձ բնակավայրերում (թվով 48), որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն իսկ կառուցված են և կամ ներկայումս հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ։
Այս դեպքում աջակցության չափը կկազմի 12 մլն դրամ՝ նախկին 10 մլն դրամի փոխարեն։
Այսպիսով, տեղահանվածների հիմնական պահանջը՝ որ ՀՀ բանկերը ճանաչեն ՀՀ կառավարության տված հավաստագրերը և իրենց հետ գործարքներ իրականացնեն, չի կատարվել։ Ինչ վերաբերում է 40 հազար աջակցության ծրագրին, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանեցին, որ ֆինանսական աջակցության ծրագրերն արցախցիների համար իրականացվում է Արցախի կառավարության կողմից։ ՀՀ կառավարության հետ այն կապ չունի։
Ի դեպ, որոշման տեքստում ոչ մի տեղ օգտագործված չէ Արցախի Հանրապետություն եզրույթը, այլ միայն Լեռնային Ղարաբաղ։ Սա ևս Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու ակտ է։