Մշակույթ

«Հրապարակ». Այդ «բեմադրությունների» արանքում մենք հայրենիք ենք կորցնում

«Հրապարակ». Այդ «բեմադրությունների» արանքում մենք հայրենիք ենք կորցնում

«Այս ամենին նույնիսկ քաղաքական հետապնդում կոչելն է բարձր հնչում։ Ես քաղաքական պրոցես չեմ տեսնում սրա հետեւում, ուղղակի իրենց իշխանությանը սպառնացողների հետապնդում՝ ամենադաժան ձեւով»,- ասում է բանաստեղծ Վահե Արսենը՝ անդրադառնալով նախօրեին ընդդիմադիր պատգամավորների, Սրբազան շարժման մասնակիցների, այդ թվում` Բագրատ սրբազանի ձերբակալությանը, որոնք, ըստ Քննչական կոմիտեի, պլանավորել էին «ՀՀ-ում իրականացնել իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։  

«Անշուշտ, սա քաղաքական հետապնդում է, բայց այդ «քաղաքական» բառն էլ, ողջ քաղաքական մշակույթն էլ այնքան են ստորացրել, ինչպես հայ մարդուն, որ նույնիսկ քաղաքական անվանելն այս ամենին՝ դժվար է։ Սրանք ուղղակի տոտալ, բռնի հետապնդումներ են բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք սպառնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ու այդ ձեւերը՝ գաղտնալսումների, կոմպրոմատների այս ողջ մշակույթը, շատ տխուր բան են, եւ յուրաքանչյուրը թող մտածի՝ ինչ դատով որ դատի, նույն դատով էլ պետք է դատվի»։ 

Ինչ վերաբերում է առգրավված իրերին, որ հետո պատկան մարմինների կողմից հանրությանը ներկայացվեցին որպես համոզիչ փաստ՝ իշխանությունը զավթելու համար, բանաստեղծն ասում է, որ մենք արդեն 7 տարի ապրում ենք բեմադրությունների մեջ։ «Պարզապես այդ բեմադրությունների արդյունքում կորցնում ենք ոչ թե ինչ-որ ունեցվածք կամ ուրիշ մի բան, այլ՝ հայրենիք։ Այսինքն, այդ բեմադրությունների հիմնական նպատակը ծրագրված ձեւով ընդհանրապես Հայաստանի կործանումն է։ Եվ այս ամբողջի հիմնանպատակն անցնցում կերպով 300 հազար ադրբեջանցիներին այստեղ տեղավորելն է։ Այդ 300 հազարն արագորեն կդառնան 600 հազար, իսկ հետագայում դա կունենա արդեն լրջագույն հետեւանքներ, որովհետեւ լեգիտիմ իրավունք կտա՝ իր քաղաքացիների հանդեպ ցանկացած բռնության եւ այլնի դեպքում զորքով մտնել եւ հարցերը լուծել։ Ի դեպ, արդեն հերթով ներմուծվում է նման խոսույթ՝ Թուրանի գաղափար, ցեղասպանության ուրացում, ավելին՝ երբեւէ Հայ առաքելական եկեղեցուն որեւէ մեկն իրեն թույլ չի տվել հայհոյել, բայց այսօր լսում ենք նաեւ դա, երբ հայհոյախոսությամբ են մոտենում Եկեղեցուն։ Այսինքն՝ սա բոլոր սրբությունները, ազգային, հիմնային արժեքները քանդելու, ավերելու, փլուզելու ճանապարհն է»,- նկատում է զրուցակիցս։  

Այդ ընդհանուր ծրագրի մի մասն են նաեւ վերջին ձերբակալությունները, երբ գրեթե բոլոր ընդդիմախոսներին մեջտեղից հանում են, որպեսզի, ինչպես Վ․ Արսենն է նկատում, գլոբալ ծրագիրը հնարավորինս հեշտ իրականացնեն․ «Նաեւ ծաղրեցին հայրենասիրությունը, այն ամենը, ինչի հիման վրա դաստիարակվել ենք եւ պատրաստ ենք ամենայն զոհաբերության, որովհետեւ մարդու կյանքի տեսլականն ավելին պետք է լինի, քան իր փոքրիկ ու տիեզերական չափումներով՝ չնչին կյանքը։ Այս ընթացքում քանի անգամ կրկնվեց, որ մեր զինվորները զոհվեցին հանուն ոչնչի, զոհվածների ծնողներին գետնաքարշ անելով լցրին ոստիկանական մեքենաները, եւ այսպես շարունակ։ Իսկ հիմա ի՞նչ քարոզ է արվում՝ որտեղ հաց՝ այնտեղ կաց։ Ավելին, եթե բացեք մեր գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնական էջը, կտեսնեք այդ նույն լոզունգը։ Ընդհանրապես, նա բազմիցս է հայտարարել, որ հայրենիքը բարեկեցիկ, լավ ապրելու տեղ է, իսկ իրականում հայրենիքը բարեկեցության հետ որեւէ կապ չունի եւ չի կարող ունենալ, որովհետեւ առաջնայինը հայրենիքն է, ոչ թե բարեկեցությունը։ Այո, յուրաքանչյուր մարդ ուզում է բարեկեցիկ կյանքով ապրել, բայց հայրենիքը միայն բարեկեցիկ տեղանք չէ, հայրենիքը քո լեզուն է, արյունը, հողը, պատմությունը, նաեւ՝ պատմության ճանապարհին զրկանքն ու տառապանքը։ Կարող է շատ չարքաշ, դժվար կյանքով ապրես, բայց քո հայրենիքում երջանիկ ապրես, եւ կարող է շատ բարեկեցիկ տեղում ապրես, որը երբեք չլինի հայրենիք քեզ համար»։

Վարչապետի ու նրա կնոջ բառամթերքին անդրադառնալով՝ զրուցակիցս նկատում է, որ այդտեղ, հատկապես վերջին օրերին գերիշխում են հայհոյախոսությունը, փողոցային բառապաշարը, եւ չկա քաղաքական որեւէ լուրջ համատեքստ։ «Պետք է նայել, թե ում համար է նախատեսված այդ բառամթերքը՝ մտավորականի՞, մշակույթի գործչի՞, խորը հոգեւոր ներաշխարհ ունեցող մարդո՞ւ, թե՞ ամենահասարակ մարդկանց համար, որոնց համար հայհոյախոսությունն առօրյա է՝ լույսը բացվելուց մինչեւ արեւամուտ, եւ իրենց համար, բնական է, շատ հարազատ խոսույթ է։ Վստահ եմ, որ դա մեզ համար նախատեսված չէ, որովհետեւ դա հիմնովին անընդունելի բան է, հատկապես պետական պաշտոնյայի բերանից անվերջ հայհոյանքներ լսելը, եւ սա հասարակության մեջ գեներացնում է հիվանդագին ընկալումներ ու հանգեցնում է նաեւ կոնֆլիկտայնության, ագրեսիայի մեծ աճի։ Երկրի ղեկավարն իր օրինակով մարդկանց կրթելու փոխարեն անվերջորեն հայհոյախոսում է, հային բաժանում սեւ ու սպիտակի, միավորելու փոխարեն՝ պառակտում միայն»,-ընդգծում է զրուցակիցս։

«Սատանային կոչում են նաեւ մեծն բաժանող, որովհետեւ մարդուն բաժանում է Աստծուց, եւ դրա համար նրան պետք է անընդհատ ներարկես մեղք, որը կարող ես նաեւ խոսքով ներարկել մարդու մեջ, իսկ հայհոյախոսությունը մեծագույն մեղք է, այն աստվածամերժության ամենաուղիղ ձեւերից մեկն է, որովհետեւ հայհոյանքով պղծում ես արարչագործությունը։ Դա Աստծուն ժխտելու էներգիա է»։

Այսպես մինչեւ ո՞ւր, հաջորդիվ ո՞ւմ է թիրախավորելու իշխանությունը։ «Շարունակվելու է այս կործանարար ընթացքը, ջարդարարությունը, ինչպես նաեւ՝ բաժանումն ու տրոհումը։ Մարդկանց մեծ մասն այս ամենից հիասթափվում է եւ արդեն այլ տեղ է ելք փնտրում, ու դա էլ է միտումնավոր եւ մտածված արվում, որ ազատվեն այն մարդկանցից, որոնք իրենց նույնականացնում են որպես հայ, որպեսզի մնա, Նարեկացու ասած՝ «հետին խավը», որին ինչ ասեն՝ ծափ է տալու։ Իրենք Հայաստանը դարձնում են ընդամենը բնակատեղի՝ առանց գաղափարական հենքի, իսկ ովքեր ունեն ազգային, գաղափարական հենք, ովքեր ունեն բարձր գիտակցություն, նրանք խանգարում են, որովհետեւ բարձր գիտակցություն ունեցողը երբեք չի կարող ընդունել, որ ցեղասպանություն չի եղել, դա ոչ միայն բարոյական եւ ֆիզիկական սարսափելի բռնություն է, այլ նաեւ՝ մեզ համար քաղաքական զենք, որը փաստացի Թուրքիան անընդհատ ուզում է մեզնից խլել։ Մինչդեռ մեր իշխանությունն անում է այն, ինչ ամբողջությամբ ձեռնտու է Թուրքիային եւ Ադրբեջանին։ Այսինքն, այստեղ այլեւս չեմ տեսնում շահերի որեւէ բախում։ Նրանց հոգեւոր առաջնորդը հայտարարում է, որ մեր Եկեղեցին վտանգ է, նույն օրը մեր ղեկավարի բերանից լսում ենք, որ Եկեղեցին չուլան է։ Որեւէ ղեկավար կամ թագավոր երբեւէ նման կերպ արտահայտվե՞լ է Հայ եկեղեցու մասին։ Ես անընդհատ գնում եմ եկեղեցիներ եւ երբեք չուլանի տպավորություն չեմ ստացել։ Մեր եկեղեցիները միշտ էլ չուլան են սարքել մեր թշնամիները՝ թուրքերը, ադրբեջանցիները, եւ այսօր էլ նույնն են անում։ Հայ առաքելական եկեղեցին մշտապես համարվել է սուրբ սրբոց եւ գործնականում ապացուցել է դա, որովհետեւ Մաշտոցից մինչեւ Նարեկացի ու Շիրակացի՝ բոլորը թրծվել են Եկեղեցում։ Իսկ Արցախի հանձնումից, ցեղասպանության ուրացումից հետո արդեն կարելի է հայհոյել նաեւ Եկեղեցուն, բոլոր նախապայմանները կարծես բավարարված են։ ԱԺ նախագահն էր, չէ՞, որ ասում էր՝ ադրբեջանցիները գալու են Հայաստան եւ ապրեն այնպես, ինչպես մենք՝ Վրաստանում․․․։ Եվ այս ամենը կատարվում է Արցախի ամբողջական կորստից, արցախահայության ցեղասպանությունից, ունեզրկումից եւ հայրենազրկումից անմիջապես հետո, որի մասին մեր իշխանությունները վախենում են անգամ ակնարկել։ Անգամ հայատյաց ու թրքասեր բոլշեւիկները չկարողացան Արցախն ամբողջությամբ հայաթափել ու հանձնել Ադրբեջանին, բայց մեր իշխանություններին դա հաջողվեց․․․»
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image