Երեկ մենք ներկայացրել էինք հայկական ծագմամբ երկու կին գրողի, որոնք ստեղծագործում են Միացյալ Նահանգներում՝ Դալար Քյոսեյան եւ Վիկտորյա Ադամյան Վոթերմեն։ Երկուսն էլ անդրադարձել են իրենց արմատներին, ցեղասպանության թեմային, հայ են մնացել օտար հողում։ Այժմ ներկայացնում ենք հայկական ծագմամբ երրորդ կին գրողին՝ Ալին Օհաննեսյանին, որը հայտնի է դարձել իր գրական նորամուտը հանդիսացող «Օրհանի ժառանգությունը» վեպի շնորհիվ՝ հրատարակված 2015 թվականին (Orhan's Inheritance, 2015)։ Վեպը ջերմ արձագանքների է արժանացել թե՛ քննադատների, թե՛ ընթերցողների կողմից։ Արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ PEN Bellwether Award եւ Flaherty-Dunnan First Novel Prize մրցանակների։
Վեպի ձեռք բերած լայն ճանաչումը թույլ տվեց, որ Ալինը հայտնվի այնպիսի հեղինակավոր գրական խորհրդատվական հարթակներում, ինչպիսին Barnes & Noble-ն է կամ Amazon-ը։ Վեպը համարվել է 15 թվականի թեմայով 25 լավագույն վեպերից մեկը։ Ներկայում այն թարգմանված է 13 լեզվով։ Ալինը ծնվել է Քուվեյթում, հետո ծնողների հետ տեղափոխվել է Հարավային Կալիֆորնիա, երբ դեռ երեք տարեկան էր։ Ավարտելով ուսումը պատմության գծով եւ ստանալով մագիստրոսի որակավորում, նա հրաժարվել է հետագա ակադեմիական կրթությունից եւ ընտրել գրողի մասնագիտությունը։ Մասնակցել է մի շարք հեղինակավոր գրական կոնֆերանսների, ինչպիսիք են՝ Bread Loaf-ը եւ Squaw Valley-ը։ Ներկայում ամուսնու եւ երկու որդիների հետ ապրում է Սան Խուան Կապիստրանոյում՝ ԱՄՆ, Կալիֆորնիայի նահանգ։ Նրա համար գրական ներշնչանքի աղբյուր են հանդիսանում ընտանեկան պատմությունները, տեղի հայ համայնքում մարդկանց կյանքին եւ ինտեգրմանը նրա անձնական դիտարկումների փորձառությունը։