Որքան էլ անբնական լինի, բայց ես ազնվորեն փորձում եմ լսել և վերլուծել Արցախի ոչնչացման և Հայաստանի մասնատման վերաբերյալ իշխանության փաստարկները, քանի որ զուտ մասնագիտական առումով ինձ հետաքրքիր է, թե ինչ փաստարկներով են նրանք հիմնավորում իրենց հակահայկական գործողությունները։ Եվ այս դեպքում պետք է ֆիքսել մի քանի թեզեր, որոնք, իհարկե, կատարյալ մանիպուլյատիվ աբսուրդ են, բայց, այնուամենայնիվ, իշխանության քարոզչական «հարվածային» գործիքակազմի մաս են կազմում։
Սկսենք նրանից, որ պարզվում է` Հայաստանի գոյության իրավունքը (առայժմ Արցախի մասին կլռեմ) մեզ պետք է տան Թուրքիան և Ադրբեջանը 29 800 կմ/ք Հայաստանի տարածքի ճանաչման տեսքով։ Այսինքն՝ տրամաբանորեն ստացվում է, որ 30 տարի Հայաստանը որպես պետություն ընդամենը վիճելի տարածք է եղել (պետության տեսքով)՝ առանց էթնո-քաղաքական միավոր ձևավորելու իրավունքների և հիմքերի, և համապատասխան թույլտվություն` «կադաստրային վկայականի» տեսքով մենք պետք է ստանանք թուրք-ադրբեջանական տանդեմից։ Պատկերացնում եմ, թե ինչպես են երջանկությունից խեղդվել Բաքվում և Անկարայում, քանի որ անգամ ամենակրեատիվ թուրք-ադրբեջանական քարոզիչները «չֆայմեցին» կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության գոյության օրինականությունը։ Պարզ ասած, Արցախի ոչնչացման որոշումից հետո այս իշխանությունը մեկ նախադասությամբ տվեց թուրք-ադրբեջանական ոհմակին ԻՐԱՎՈՒՆՔ` կասկածի տակ դնելոի Հայաստանի ֆիզիկական գոյության իրավունքը։
... Գիտեք, թե՞ որտեղից են գալիս մեր խնդիրները: Ներկա իշխանության մեջ չկա և երբեք չի եղել Հայրենիքի անձեռնմխելիության զգացումը։ Խնդիրն այն է, որ փաշինյանական թիմի համար Հայաստանը որպես Պետություն գոյություն չունի, այլ կա ընդամենը անհասկանալի տարածք, որի համար պետք է «կադաստրային վկայական» հայթայթել։ Նրանց համար չկան Հայրենիքի ազատության համար զոհված հերոսներ, կան միայն մարդիկ, ովքեր զոհվել են «հանուն ոչնչի»: Նրանց համար Ազգ գոյություն չունի, այլ միայն անսեռ, անդեմ, անհայրենիք «հպարտ քաղաքացիներ» կան:
Նրանց համար չկա Հայոց Պետություն, որպես ընդհանուր տուն` աշխարհի բոլոր հայերի համար: Պետությունը նրանց համար ընդամենը «օֆիս» է` առանց «կադաստրային վկայականի» է, որտեղ «հպարտ քաղաքացիները» պետք է ընդամենը հարկեր վճարեն «ասֆալտ փռելու» դիմաց։ Հենց այստեղ է թաքնված գլխավոր պատճառը, որ նրանք պարզապես չեն հասկանում (կամ ձևացնում են, թե չեն հասկանում), որ Հայրենիքի հանդեպ իրենց վերաբերմունքով նրանք երկիրը և իրենց իսկ «սիրելի հպարտ քաղաքացիներին» տանում են երաշխավորված ոչնչացման։
Արցախ, Հայաստան, մեր պատմությունը, մեր գրականությունը, մեր Եկեղեցին, մեր պատիվն ու ազատությունը, մեր անցյալը, ներկան ու ապագան նրանց համար ընդամենը թուրքերի ու ադրբեջանցիների հետ համատեղ «բիզնես նախագիծ» է, որը ձախողման դեպքում կարելի է «փակել»։
Բայց արդյո՞ք մենք համաձայն ենք այդ «տեսլականի» հետ, հաշվի առնելով այն որ մեր «համաձայնությունը» դա միակ բանն է, որ նրանք դեռ չեն կարողացել խլել մեզանից։
Արման Աբովյան