Մշակույթ

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի եւ մյուս ընդդիմադիրների գործած հանցանքները ոչինչ են իր կատարած հանցանքների համեմատ

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի եւ մյուս ընդդիմադիրների գործած հանցանքները ոչինչ են իր կատարած հանցանքների համեմատ

«Հրապարակի» զրուցակիցը Գյումրու դրամատիկական թատրոնի եւ կինոյի դերասանուհի Անահիտ Քոչարյանն է:

- Տիկին Անահիտ, Գյումրիում ռեպրեսիվ պրոցեսներ են ընթանում: ԱԱԾ աշխատակիցները, հարյուրավոր ուժայիններ գրոհել էին Գյումրու համայնքապետարանի շենքը: Համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրում են կաշառք վերցնելու մեջ: Ղուկասյանին եւ ութ աշխատակցի ձերբակալեցին: Ի՞նչ գնահատական կտաք այս գործողություններին: Հավատո՞ւմ եք մեղադրանքին:

- Էնքան բան ունեմ ասելու, էն, որ արդեն մարդու սիրտ է ճաքում, չգիտեմ որտեղից սկսեմ: Այնքան է ամեն ինչ պղտորվել, փչացել, մարդ նողկում է ուղղակի: Լավ, կարելի՞ է այդ աստիճան ցուցադրական մարդուն տանել բանտարկության, թեպետ սրանց պարագայում զարմանալի չէ: Եթե այս մարդիկ կարողանում են նման հարձակում գործել անմեղ հոգեւորականների վրա, եթե կարողանում են առանց հիմնավոր պատճառի հոգեւորականին դատապարտել երկու տարվա ազատազրկման, ապա բոլորի հետ էլ կարող են այդպես վարվել: Մեր երկրում ամենաթողություն է, իշխանությունն ինչ ուզում է, անում է, չկա նրան կանգնեցնող ձեռք….

- Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ անկախ Հայաստանում հոգեւորականներին իշխանությունից պաշտպանելու անհրաժեշտություն կլինի:

- Ոչ: Անգամ Սովետական Միության ժամանակ, երբ կրոնն արգելված էր, աթեիզմն էր առաջին տեղում, ոչ ոք հոգեւորականներին այսպես հալածանքների չէր ենթարկում: Այն, ինչ անում են Եկեղեցու դեմ, աննախադեպ է:

- Ըստ Ձեզ` ինչո՞ւ է թիրախում հայտնվել Եկեղեցին:

- Որովհետեւ այս մարդը դրսից մեսիջ է ստացել, որ պետք է Եկեղեցին եւս, ի թիվս այլ կարեւոր ինստիտուտների, վարկաբեկվի, որից հետո` քանդվի, այնպես, ինչպես, օրինակ, կրթությունն են ոչնչացնում, Հայոց պատմությունն են խմբագրում, Մեսրոպ Մաշտոցին են դասագրքերից հանում: Անգրագետ սերունդ են փորձում մեծացնել, որպեսզի վաղն ավելի հեշտ կարողանան հասարակությանը ղեկավարել: Մշակույթի վրա սրանք՝ բոլորը, թքած ունեն, եւ առանձնապես նրանց համար մշակույթն արժեւորված չէ: Զբաղված են արվեստագետներին արժեզրկելով: Երբ 1988-ի Արցախյան շարժումը սկսվեց, այն ժամանակ կային մարդիկ` Վիկտոր Համբարձումյան, Սիլվա Կապուտիկյան եւ այլ շատերը, որոնց ետեւից գնալը պատիվ էր: Այն ժամանակ մտավորականն արժեւորված էր: Գիտեք, ես չեմ կարծում, թե հիմա չկան արժեքներ ստեղծող մարդիկ, իհարկե՝ կան, սակայն չկան նրանց արժեւորողներ, հակառակը` արժեզրկողներ են միայն: Ժողովուրդն այսօր մի մեծ խնդիր ունի, չգիտի՝ ում հավատա եւ ում հետեւից գնա: Տարիներ շարունակ ինձ խաբում են` խոսքը Փաշինյանի մասին է, երբ առաջին օրվանից այդ մարդը խաբել է ու շարունակում է մինչ օրս խաբել, դրա արդյունքում կորում է հավատը: Ես չեմ ուզում, որ ինձ խաբող մարդը շարունակի ղեկավարել երկիրը, թեպետ խաբելն էլ մի տեղ կարելի էր ներել, հանդուրժել, եթե այսօր մեր պետությունը նման վտանգների առջեւ կանգնած չլիներ: Խոսքը մեր պետականության վտանգի, ինքնության ոչնչացման մասին է: Նա, ով պետք է առաջինը պատասխան տա իր մեծ հանցանքների համար, պատասխանատվության է ենթարկում ուրիշներին: Վարդան Ղուկասյանի եւ մյուս ընդդիմադիր գործիչների գործած հանցանքները ոչինչ են իր կատարած հանցանքների համեմատ:

- Վարդան Ղուկասյանը, անկախ ամեն ինչից, գյումրեցիների ընտրությունն է: Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ են բոլոր ընդդիմադիր համայնքապետերն այս կամ այն կերպ չեզոքացվում, ոմանք՝ նաեւ սպանվում:

- Ակնհայտ է, թե ինչ ձեռագիր է սա, այդպես էլ պետք է լիներ: Իրենք անպատժելի են այսօր: Մեծ հույսեր ունեմ, որ վաղը ինչ-որ բան փոխվելու է, սակայն այսօր սրանք ուրիշ բան չեն էլ կարող անել: Ընդդիմադիրների հետ այսպես վարվելով՝ իրենց վերարտադրությունն են փորձում ապահովել:

- Վարդան Ղուկասյանը լա՞վ քաղաքապետ է` ըստ Ձեզ:

- Դե, երկրորդ ընտրվելուց հետո առանձնապես չհասցրեց էլ տեսանելի աշխատանք տանել, թույլ չէին էլ տա, որ նորմալ աշխատի: Այնուամենայնիվ, ես ուրախ եմ, որ Գյումրիում ՔՊ-ն չանցավ, դա ինձ համար շատ կարեւոր էր:

- Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանները ե՞ւս այլ թատրոնների դերասանների պես չեզոք են, թե՞ կա ինչ-որ տարբերություն: Տպավորություն է, թե շատերը մի տեսակ վախեցած են:

- Եթե մի բան գրում են մարդիկ կամ մի տեսակետ են հնչեցնում, չորս կողմից հարձակում է սկսվում: Առանց մարդու ասածների իմաստը հասկանալու, սկսում են սեւացնել, արդյունքում հայտնի մարդը սկսում է խուսափել խոսելուց, որովհետեւ խոսքն էլ է արժեզրկվում, դերասանի կատարած աշխատանքն է սկսում արժեզրկվել, արդյունքում մի տգեղ պայքար է սկսում` ոչ առողջ պայքար: Ես` ինքս, եթե վստահ լինեմ, որ կա պայքարի արդյունավետ ձեւ, ոչ մի բանից չեմ վախենա: Ոչինչ չունեմ կորցնելու, ի՞նչ ասեմ, թող գան՝ ինձ էլ կալանավորեն: Ոչ մեկս էլ չենք վախենում, սակայն իրենց ֆեյքերով, չգիտես ինչերով մեզ փորձում են տհաճ իրավիճակի մեջ գցել:

- Եթե ՔՊ-ն որոշի, որ Գյումրիում եւս, ինչպես շատ ու շատ այլ համայնքներում, պետք է իր թեկնածուին ապօրինաբար նշանակի քաղաքապետ, գյումրեցիները չե՞ն ըմբոստանա, ի վերջո` ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի երկրորդ քաղաքում ընտրողների մեծամասնությունը դեմ է իշխանություններին:

- Չգիտեմ, դժվարանում եմ ասել: Անտարբերությունը մեր ազգի մեջ շատացել է, բթացումը գերակշռում է, թեպետ ՔՊ-ին մարդիկ այլեւս չեն ընդունում, անգամ նրանք, ովքեր ժամանակին համակրում էին Փաշինյան Նիկոլին, այսօր անունն անգամ չեն ուզում լսել, սակայն մարդիկ կպայքարեն, թե ոչ՝ կդժվարանամ ասել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image