Լոռու մարզում տեղացած հորդառատ անձրևի եւ ջրհեղեղի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Ջրի տակ են Ախթալա բնակավայրի շենքերի առաջին հարկերը, Քարկոփ համայնքը: Կան տեղեկություններ, որ ջուրը քշել տարել է գոմեր, անասուններ, մեքենաներ, կամուրջներ: Ամենից շատ տուժել է Քարկոփ համայնքը, ողջ գյուղի բնակիչները տարհանվել են, եւ համայնքն ամբողջությամբ ջրի տակ է մնացել: Ճոճկան համայնքի վարչական ղեկավար Արա Սիրադեղյանը մեզ ասաց, որ իրենց համայնքը բարձր գոտում է գտնվում, եւ շատ չի տուժել. «Հիմնականում տուժել են այն տնտեսութունները, որոնք գտնվում են գետին մոտ: Այս պահին ոչ մի բանի կարիք չկա, եթե ինչ որ բան պետք է լինում բնակիչներին, օպերատիվ ձեւով աշխատում ենք: Բնության դեմ ո՞վ ինչ կարող է անել: Ինքս ականատես չեմ եղել, բայց հնարավոր չէր ջրի դեմը առնել: Մեր մեծերը միշտ ասում են՝ Դեբեդը երբ գժվում ա, նրա դեմ հնարավոր չի ինչ-որ բան անել»:
«Այս պահին Մեծ եւ Փոքր Այրում համայնքներում ամեն բան կառավարելի է: Մեր մոտ Քարկոփ համայնքից կան տարհանված բնակիչներ: Միայն խմելու ջուրը դեռ չկա, բայց մարդիկ ջուր ունեն ամբարած: Առավոտյան հացի հետ կապված խնդիր կար, ալրաղացն արդեն աշխատում ա, մարդիկ ալյուր ունեն արդեն: Ով դեղորայքի խնդիր ունի՝ կստանա»,- մեզ հետ զրույցում ասաց Մեծ Այրում համայնքի վարչական ղեկավար Լեւոն Զաքարյանը:
Քարկոփ վարչական համայնքի ղեկավար Հերմինե Պետրոսյանն էլ մեզ պատմեց, որ համայնքի 270 բնակիչները դեռ երեկ տարհանվել են գյուղից, իսկ գյուղում ամեն բան վնասվել է. «Այս պահին ջուրը իջել է, բայց ամբողջ գյուղը տիղմ է: Տներն ավերվել են, ավտոտնակները փլվել, բնակավայր մտնող ճանապարհ չկա: Տարհանված բնակիչների սննդի հետ կապված խնդիր կա, Ալավերդիից այդ բնակիչների համար սնունդ բերող մեքենան դեռ տեղ չի հասել: Ասում են`մնացել է ճանապարհին, քանի որ ճանապարհը դժվարանցանելի է: Ասում են, որ երկար տարիներ առաջ է այսպիսի իրավիճակ եղել: Մենք նման բան չենք տեսել, եւ չէինք պատկերացնում, թե ինչ է: Ես իմ աչքով եմ ամեն բան տեսել, ահավոր էր: Ջուրը միանգամից բարձրացավ գիշերով, ոչինչ հնարավոր անել չի եղել»: Հարցին՝ հնարավո՞ր էր խուսափել, կամ մեղմել այս իրավիճակը, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ հորդառատ տեղումների մասին նախապես կար ամենօրյա տեղեկատվություն եւ պատկան մարմիններն անելիք ունեի՞ն, ասաց. «Մենք միշտ բարձրացրել ենք այդ հարցը, քննարկել ենք, որ գետի երկայնքով պատերը բարձրացնեն: Եղել են նման քննարկումներ, բայց, ով կպատկերացներ, որ այսպիսի աղետի առաջ կկանգնենք»:
Հիշեցնենք, որ վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530 մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, այսօր արդեն վերականգնվել է: Հեղեղի հետևանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ ՇՄՆ-ից հաղորդում են, որ այսօր ժամը 08։00-ի դրությամբ ջրի մակարդակը նվազել է` Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։ Այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցեց, որ վնասի հաշվարկման նպատակով հանձնաժողովների ձեւավորման նախնական աշխատանքները սկսվել են: Տարբեր հատվածներում տարբեր տնտեսություններ են վնասվել եւ համայնքներն ու մարզպետարանները խնդիրները գույքագրելու աշխատանքներ են սկսել: Գնել Սանոսյանը առաջարկել է Փաշինյանին արտակարգ դրություն սահմանել: