Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների պատմական հանդիպումն ու քննարկումը, որի օրակարգում եղել են Արցախի պատերազմն ու ստեղծված իրավիճակը, շարունակում են մնալ հանրության հետաքրքրության տիրույթում: Ի վերջո, ընդամենը երեք շաբաթ առաջ գրեթե անիրական էր թվում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող են նստել մեկ սեղանի շուրջ եւ քննարկել քաղաքական կարեւոր հարցեր: Մյուս կողմից, այդ հանդիպման մասին առայժմ կա միայն փաստն արձանագրող տեղեկություն, իսկ բովանդակության ու եզրահանգումների մասին հանրությունն առայժմ իրազեկված չէ, գոնե՝ պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվել:
ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի կարծիքով, հանդիպման փաստն ինքնին արդեն կարեւոր է, եւ պետք է բոլորն անխտիր ողջունեն «մեր ազգային միասնությանը, մեր հայրենական պատերազմին եւ համայն հայության կռվին լիցք տվող դրական այս քայլն» ու շնորհակալություն հայտնեն ՀՀ եւ ԱՀ նախկին բոլոր ղեկավարներին։ «Հիմա անցյալը հիշելու, տարաձայնությունները բարձրաձայնելու պահը չէ»,- ասում է Թեւան Պողոսյանն ու վստահեցնում, որ ինքն էլ չգիտի, թե ինչ բովանդակության քննարկում է ծավալվել նախկին նախագահների հանդիպման ընթացքում, բայց ողջունում է, որ ազգային օրհասական խնդիրների համար անձինք, որոնք խորքային տարաձայնություններ ունեն, պարզապես գիտակցում են պահի կարեւորությունը եւ նստում մի սեղանի շուրջ:
«Հուսամ՝ փաստը, որ այդ մարդիկ այսօր կարողանում են մի սեղանի շուրջ նստել, ազդակ կլինի մեր ամբողջ հայությանը՝ նույնկերպ մոռանալ բոլոր տարաձայնությունները, ուս-ուսի տալ եւ բեռը կրել միասին: Ես վստահ եմ, որ հենց այս միասնականության խնդիրն է դրվել, չի բացառվում, որ ինչ-որ հարցեր քննարկած լինեն, չի բացառվում նաեւ, որ հանդիպել են, որպեսզի հաղորդագրություն տարածեն միայն, որ բոլորով միասին են, որ ազգային միասնականության ճակատ ձեւավորվի, եւ կարողանանք հաղթահարել այս վիճակը: Հուսամ, որ ե՛ւ իրենց, ե՛ւ գործող ղեկավարության հետ համատեղ միասնական մեկ ուղղությամբ ազգային միասնությանն ուղղված աշխատանք կլինի, որ մենք կարողանանք հաղթահարել այսօրվա իրավիճակը եւ հաղթել»,- ասում է Պողոսյանը:
Սակայն այդ հանդիպումների եւ խորհրդակցությունների մասին արտահոսքերը մեզ թույլ են տալիս ասել, որ իշխանություններն այնքան էլ չեն ողջունում նախագահների միասնությունը: Իսկ ե՞րբ եւ ինչպե՞ս ծնվեց հանդիպելու գաղափարը:
Մի քանի օր առաջ, երբ ռազմաճակատում իրադրությունը կտրուկ սրվել էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդլայնված կազմով Անվտանգության խորհրդի նիստ էր անցկացրել, ապա հանդիպել արտախորհրդարանականների հետ եւ ոչ հուսադրող տեղեկություններ փոխանցել: Մենք գրել էինք, որ այդ հանդիպմանը վարչապետը ներկաներին է մատուցել մի նամակ, որը հույժ կարեւոր ինֆորմացիա է պարունակել։ Ապա քննարկման ժամանակ ասել է, որ այդ ինֆորմացիային տիրապետում են նաեւ Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահները։ Հանդիպման ավարտից հետո նրանք այս ինֆորմացիան փոխանցել են ՀՀ եւ ԱՀ նախկին նախագահներին, պարզել, որ նախկին նախագահներն այդ նամակի բովանդակությանը որեւէ կերպ ծանոթ չեն եղել։ Հաջորդ օրը ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն Արցախից շտապել էին Երեւան՝ հասկանալու, թե ինչ է քննարկվել վարչապետի մոտ: Նրանք ասել են, որ կողմ չեն կարգավորման այդ տարբերակին, սակայն պատրաստ են քննարկել ցանկացած հարց, բայց մինչ այդ պետք է անհապաղ հրադադարի հասնել:
Փաշինյանի հետ հանդիպումից հետո նրանք առանձին-առանձին հանդիպել են ՀՀ նախկին երեք նախագահների հետ, ապա որոշել հինգով հանդիպել: Հանդիպման վայրը հնարավորինս չեզոք տեղ են ընտրել՝ «Ֆլորենս» ռեստորանը, որպեսզի մարդիկ հեռուն գնացող հետեւություններ չանեն, թե որտեղ հանդիպեցին, ով է լիդերը, ինչ ուղղվածություն կունենան այդ հանդիպումները: Իսկ նպատակը, ինչպես մեզ ասացին, օրհասական այս պահին միասնականության ուղերձ հղելուց բացի, հրադադարի ռեժիմի հաստատման ուղիները քննարկելն է եղել: Պետության նախկին ղեկավարները հասկացել են, որ իշխանություններին չի հաջողվում Ռուսաստանի միջնորդությամբ հասնել կրակի դադարեցման ռեժիմին, եւ որոշել են իրենց նախկին կապերը գործի դնել ու փորձել օգնել իշխանություններին: Վարչապետի հետ միջնորդավորված հաղորդակցությունն ապահովել է Բակո Սահակյանը, ում, ասում են, Փաշինյանը նախկին ղեկավարներից ամենաշատն է վստահում: Բակո Սահակիչը փոխանցել է, որ Ռուսաստանի հետ կարող է խոսել երկու մարդ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Թող թույլ տա, որ նրանք մեկնեն Մոսկվա, գուցե նրանց հաջողվի անել այն, ինչն արդեն երկու անգամ ձախողում է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախօրեի ուշ երեկոյան, երբ ՀՀ արտգործնախարարը երկրորդ անգամ է Մոսկվայից ձեռնունայն վերադարձել, Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանին կրկին համոզելու է գնացել: Մեզ պատմեցին, որ Փաշինյանը նախ հակաճառել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող երկրից հեռանալ, քանի որ քրեական գործով է անցնում, ապա հետաքրքրվել է՝ գնան ո՞ւմ հետ հանդիպեն, հետո էլ հայտարարել է, որ Պուտինի հետ ինքը պրոբլեմ չունի, նրա հետ նորմալ հարաբերություններ կան, թող Քոչարյանը գնա ու հանդիպի ՌԴ նախկին վարչապետ Մեդվեդեւի հետ:
Ի վերջո, քննարկումների արդյունքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է Մոսկվա մեկնելու մտքից, որոշել են, որ Քոչարյանը մենակ մեկնի, եւ երեկ առավոտյան անգամ ինֆորմացիա գնաց, որ Քոչարյանը մեկնել է Մոսկվա։ Սակայն ավելի ուշ մեզ ասացին, որ Ռոբերտ Քոչարյանը եւս չի մեկնելու։ ՀՀ իշխանությունները հույս ունեն առանց նրա աջակցության լուծել հարցը: Ակնհայտ է, որ որոշակի ակնկալիքներ կան Զոհրաբ Մնացականյանի ԱՄՆ կատարելիք այսօրվա այցից եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից։
ՀԳ․ Հինգ նախագահների հանդիպումից մեզ ուշագրավ դրվագ պատմեցին․ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով անհիշելի ժամանակներից հանդիպած չի եղել իր հաջորդի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, ներս մտնելով՝ ձեռքերը վեր է պարզել՝ հանձնվելու նշան ցույց տալով, եւ ասել է, որ նա ճիշտ էր, ինքը սխալվեց․․․ Թե ինչ է նկատի ունեցել առաջին նախագահը, չմանրամասնեցին: