Մինչ փետրվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում մասնակցում էր «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թ․ մրցանակաբաշխությանը, դրան զուգահեռ Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունն ավարտվեց, եւ հայտնի դարձան դատավճիռները․ ցմահ ազատազրկման դատապարտվեցին Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, քանի որ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել:
Գերությունից վերադարձած Գեւորգ Սուջյանը, որը հավանական է՝ խորհրդարանական ընտրություններին հանդես գա իշխող կուսակցության ցուցակով, իր ֆեյսբուքյան էջում օրերս գրառում էր արել. «Անօրեն, քաղաքական, շինծու ադրբեջանական թատրոնն ավարտվեց, մեր հայ պատանդներին ազատազրկեցին բոլոր հնարավոր եւ անհնար օրենքների խախտումներով։ Պետք է սկսենք համահայկական, ազգային շարժում՝ առանց դադարի, առանց շունչ քաշելու, քանի որ այս ամենն ուղղված է մեզ՝ բոլորիս, այսօր դատեցին մի ամբողջ ազգի»:
Գեւորգ Սուջյանին հարցրինք՝ Հայաստանի իշխանությունը կարծես թե այդքան էլ շահագրգռված չէ գերիներին վերադարձնելու հարցում, ավելին` Փաշինյանը ժպտում է Ալիեւին, առանց խաղաղության փաստաթուղթը ստորագրելու` շնորհակալություն է հայտնում նրան, նրա հետ համատեղ մրցանակ ստանում, այնինչ, թվում է` իշխանության առաջնահերթ պահանջն ու անելիքը պետք է լիներ գերիների վերադարձը: Այդ դատավճիռների կապակցությամբ իշխանության ներկայացուցիչներն անգամ մի դատապարտման խոսք չասացին: Ինչ կարծիքի՞ եք իշխանության այս մոտեցման մասին։ «Միանշանակ, ես կարծում եմ, որ պետք է լինի հստակ պահանջ՝ գերիների վերադարձի հետ կապված, իսկ մնացած քաղաքական հարցերի շուրջ ես դեռեւս գտնվում եմ դիտորդի դերում, միեւնույն ժամանակ առաջնորդվելով մեր երկրի եւ ժողովրդի շահերի առաջնայնության գաղափարախոսությամբ»։
Եթե այս իշխանությունը մատը մատին չտա՝ Ադրբեջանում մնացած գերիներին վերադարձնելու համար, Դուք միայնակ կպայքարե՞ք, եթե այո` ինչպե՞ս եք պատկերացնում այդ պայքարը։ «Ես պայքարելու եմ ինչպես ՀՀ քաղաքացի ու առաջնորդվելու եմ այս գաղափարախոսությամբ. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ հայ` անկախ իր զբաղեցրած պաշտոնից, դիրքից, գտնվելու վայրից կամ ով լինելուց, պետք է իմանա, որ գտնվում է պետության եւ ժողովրդի հովանու ներքո»։ Պետք է հասկանանք, որ մեր ուժն ազգի միաբանության մեջ է»:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սուջյանը` երեք այլ անձի հետ, մոտ մեկ ամիս առաջ վերադարձավ գերությունից, եւ առաջին բանը, որ արեց` իր երախտագիտությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին եւ ուղիղ եթերում պատմեց, որ իր ընտանիքի նկատմամբ իշխանությունը հոգատար է եղել, որ վերադարձից հետո հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ եւ առաջիկայում էլ հանդիպելու է նրան: Նաեւ իր էջում գրառում էր արել. «Շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիեւին՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում ունենք բռնի եւ ապօրինի պահվող պատանդներ, ինձ համար անընդունելի է»: Առիթը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհակալությունն էր` ուղղված Ալիեւին, Դավոսի միջազգային ֆորումի ժամանակ: