Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ օրն ավարտվեց Կանադայի Վանկուվեր քաղաքում՝ Ավստրալիայի և Թուրքիայի միջև խաղով։ Թուրքիան համարվում էր իր խմբի ֆավորիտներից մեկը, սակայն մեկնարկային մրցավեճում պարտվեց Ավստրալիային 0-2 հաշվով։ 27-րդ րոպեին «Ուոթֆորդի» հարձակվող Նեստոր Իրանկունդան բացեց խաղի հաշիվը՝ հաղթելով պաշտպաններին և գնդակը ուղարկելով դարպասը։ Թուրք ֆուտբոլիստները հսկայական տարածքային առավելություն ունեին, բայց չկարողացան գտնել վճռորոշ հարվածը։ 75-րդ րոպեին ավստրալացիների հակագրոհը արդյունավետ եղավ։ Գերմանական «Սենթ Պաուլի»-ի կիսապաշտպան Քոնոր Մետկալֆը հեռահար հարվածով գնդակը ուղարկեց դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-0։ Թուրքիան և Ավստրալիան գտնվում են D խմբում՝ ԱՄՆ-ի և Պարագվայի հետ միասին։ Հիշեցնենք, ամերիկացիները 4-1 հաշվով ջախջախել են Պարագվային և գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ գերազանցելով Ավստրալիային գոլերի տարբերությամբ։ Այս խմբի երկրորդ փուլում կհանդիպեն ԱՄՆ-Ավստրալիա (հունիսի 19) և Թուրքիա-Պարագվայ (հունիսի 20) զույգերը։ Նշենք նաև, որ Թուրքիայի հավաքականը 24 տարի անց վերադարձավ Աշխարհի առաջնություն։ 2002 թվականին Շենոլ Գյունեշի գլխավորած թիմը նվաճեց բրոնզե մեդալ։ Ի տարբերություն Թուրքիայի, Ավստրալիան 2006 թվականից ի վեր մշտապես հասել է Աշխարհի առաջնության եզրափակիչ։ Նրանց լավագույն արդյունքը 1/8 եզրափակիչ հասնելն էր։