Ապարանցի, Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի բնակիչ, իսկ այժմ ծերանոցում օրերը մթնեցնող բանաստեղծ Հարություն Համամջյանը նամակ-բողոք-խնդրագրերով ռմբակոծում է Նիկոլ Փաշինյանին ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Արդեն ութերորդ դիմումն է ուղարկում հարգարժան պարոններին, իսկ նրանց կողմից՝ միայն լռություն: Պոետի հոգին վիրավորում է ոչ այնքան այն, որ նրանք չեն օգնում իրեն՝ հետ ստանալ Նիգավանի համայնքապետի թեթեւ ձեռքով իրենից խլված հողը, որքան այն, որ իրեն արհամարհում են, չեն պատասխանում իր՝ «տրիլիոն անգամ» ուղարկված նամակներին:
«Հին ու բարի ժամանակներում անձամբ ճանաչել եմ երկու պապիկների, որոնք նախորդ դարի 50-ական թվականներին դիմել են Մոսկվա-Կրեմլ՝ Լենինի դամբարանին։ Եվ գիտե՞ք՝ Լենինը դամբարանից լուծել է նրանց հարցերը։ Իսկ ես դիմել եմ ձեզ՝ երկուսիդ։ Մի դեպքում դիմումիս պատասխանել է կառավարության դիմումներն ընդունող Անի Կարապետյանը, որը չունի քաղաքացիների դիմումներին պատասխանելու իրավունք։ Իսկ նախորդ դիմումը, որը հանձնեցի նույն Անի Կարապետյանին՝ ոստիկանի ներկայությամբ, ընդունվել է ի գիտություն։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե ես ոչ թե գրավոր դիմել եմ ՀՀ վարչապետին եւ փոխվարչապետին, այլ նամակ եմ գրել ռուսաց թագավորին»,- ասում է Հարությունը:
Ոչ միայն Փաշինյանն ու Գրիգորյանն են «պասլատ անում» քաղաքացուն, այլեւ՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանի գրասենյակի աշխատող, իրավաբան Լուսինե Հախոյանը, որը նրան ասել է. «Ո՞ւր գնամ, որ քեզնից պրծնեմ։ Տեսնում ես՝ ինձ վրա ճնշումներ կան»։ Հարութն էլ կատակել է, թե՝ գնա ֆիզարձակուրդ։ Նա էլ շատ լուրջ դեմքով պատասխանել է․ «Իրոք կմտածեմ»: Եվ մի քանի ամսից իրոք ֆիզ է գնացել:
Իսկ պոետի խնդրանքը մի հասարակ բան է՝ օգնեն իրեն, որ հետ ստանա իրեն սեփականության իրավունքով պատկանող պապական հողը: «Նույն խնդրանքով դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն դիմումս առաջ գնալու փոխարեն հետ գնաց։ ՀՀ գլխավոր դատախազը դիմումս ուղարկել էր Արագածոտնի դատախազին։ Նա էլ իր հերթին՝ Ապարանի ոստիկանություն, սրանք էլ իրենց հերթին իմ հողային հարցն ուղարկել էին «ուչաստկովի» Վահեին, նա էլ, թե՝ հարցը կարող է լուծվել դատական կարգով։ Չնայած որ գյուղապետի արարքը քրեական հանցագործություն է, ՀՀ հանրային պաշտպանները հրաժարվեցին հարցը նույնիսկ վարչական դատարան ներկայացնելուց։ Նրանք ավելի քան 8 ամիս է, որ իմ հայց՝ ընդդեմ բեսպրեդելիստ գյուղապետի, զանազան անհեթեթ, անտրամաբանական, խուսափողական, լոյալ կամ մերժողական բանավոր պատասխաններով ցրում են»,- գանգատվում է Հարությունը:
Ծերանոցում նա շատ ազատ ժամանակ ունի: Նստել է ու հաշվել, որ Նիգավան համայնքի ղեկավար Արտաշ Գալարյանն իրեն հասցրել է 600-800 հազարի վնաս: Վարչական դատարան մտնելու համար կպահանջվի 20-30 հազար ՀՀ դրամ, որը պոետն անգամ երազում չի տեսել: «Պարոն Փաշինյան, 2006-ից ինձ ճանաչում եք, երիտասարդ տարիքում գոմեշի նման եմ աշխատել՝ շինարարական պանելը մի ձեռքով վերցնում՝ դնում էի 10-րդ հարկի տանիքին։ Հիմա ֆիզիկական աշխատանք անել չեմ կարող։ Սակայն կարող եմ գոնե ինքս ինձ համար աշխատանք ճարել»,- գրում է պոետը:
Նիկոլի ու նրա կառավարության նախաձեռնություններին միշտ հետեւում է, անգամ խոստացել է վարչապետին, որ «ստարտապեր» կդառնա: Բիզնես պլանը հետեւյալն է՝ մետրոյում, գետնի տակ քաղաքական կամ զոքանչների մասին անեկդոտներ կվաճառի, երեք աշխատատեղ կբացի: Մետրոյում՝ որ հանկարծ իրեն ճանաչող մարդիկ հորեղբոր տղաներին «խաբար չտան», թե ինչ գործի վրա է իրենց եղբայրը: Բայց «ստարտն» անհաջող էր, դիմել է վարկի համար, տոկոսի տակ ընկել: Հարությունը բարկացել է ու մի ջղային նամակ էլ է գրել, թե երիկամս վաճառեմ, «Վարկս»-ի պարտքը տամ կամ արյունս՝ որպես դոնոր, որ ինձ հանեն բանկերի «սեւ ցուցակներից»:
«Իմ այդ հոդվածից հետո ծերանոց եկավ սոցապնախարար Արսեն Թորոսյանը․․․ Հաջորդ օրը ինձ ծերանոցից, խնդրելով եւ համոզելով՝ տարան Ավանի հոգեբուժարան՝ ասելով, թե «մենք ամեն տարի գնում ենք ստուգման» ․․․ Գնացի։ Դրսում սպասեցի, ինձ ոչ մի բժիշկ էլ չմոտեցավ։ Հետո հետ եկանք ծերանոց: Հիմա ես արդեն կասկածներ ունեմ՝ հնարավո՞ր է, որ ծերանոցն ինձնից թաքուն, վարչապետի նամակների համար ինձ Ավանի հոգեբուժարանում հաշվառման է կանգնեցրել։ Չէ՞ որ մենք ապրում ենք ՀՀ-ում՝ մեր երկրում ինչպե՞ս կարող է մարդը հոգեկան հիվանդ չլինել: Եթե հողային հարցերս 2008-ից մինչեւ հիմա չեն լուծել դատախազները, օմբուդսմենները, մարզպետարանը, ոստիկանությունը, կադաստրի կոմիտեն, հանրային պաշտպանները, ապա ո՞ւմ են պետք այդ կառույցները։ Եթե դրանք չլինեին, ես կդիմեի թուղթ ու գիր անողներին, ու նրանք 72 ժամում կլուծեին թե՛ իմ հողային հարցերը, թե՛ գյուղապետի հարցերը»,- դառնանում է պոետը:
Բայց վերջում խնդրում է, որ անպայման հրապարակենք իր շնորհակալությունը թիվ 1 ծերանոցի տնօրեն Խաչիկ Ղազարյանին եւ Արագածոտնի մարզպետարանից՝ Կարեն Թաթուլյանին՝ իր նկատմամբ հոգատար լինելու համար։