Հարցազրույց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ
-«Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու համար պատրաստ են տրամադրել 28 մանդատ, եթե գործընթացը սկսողները կարողանան բերել անհրաժեշտ 8 մանդատները։ Ի՞նչ է սա նշանակում, ստորագրելու եք այն դեպքում` եթե 8 պատգամավորի ստորագրություն լինի՞։
-Մեր հասարակության մի մասը գուցե չգիտի, որ իմպիչմենտի գործընթացը ԱԺ-ում քննարկելու համար անհրաժեշտ է նվազագույնը 36 ձայն, որը «Հայաստան» խմբակցությունը չունի։ Գուցե մարդկանց մոտ տպավորություն է, որ ընդդիմադիրներն՝ ունենալով բավարար ձայներ, չեն նախաձեռնում գործընթաց, բայց այդպես չէ։ Մեր հայտարարության մեջ հենց դա է ամրագրված՝ խորհրդարանում այս գործընթացը սկսելու եւ միայն քննարկում անելու համար անհրաժեշտ է 36 ձայն, հաջողելու համար՝ 45 ձայն։ Այսինքն՝ շուրջ 20 ՔՊ-ական պատգամավորներ պիտի միանան գործընթացին։ Մենք միշտ ասել ենք՝ մեր ձայները տրամադրելը խնդիր չէ, մենք դա արել ենք նաեւ նախորդած տարիներին, երբ հայտարարվեց, որ անվստահություն հայտնելու գործընթացի կարիք կա։ Բոլոր ադեկվատ մարդիկ հասկանում են՝ առանց փողոցի ճնշումների՝ գործընթացը հաջողելու նախադրյալներ չկան։ Ավելի մեծ հարց է, թե ինչպես են դա իրականացնում, նախաձեռնողները թող սրան անդրադառնան։
-Իմպիչմենտը նախաձեռնողները խոսում են հիմնականում «Հայաստան» դաշինքի մասին, խորհրդարանական մյուս ուժի՝ «Պատիվ ունեմ»-ի մասին գրեթե չի խոսվում, ընդդիմադիր այս ուժը, բացի անհատ պատգամավորների հարցազրույցներից, իր կարծիքը հայտնե՞լ է իմպիչմենտի գործընթացի մասին, հայտարարություն, տեսակետ տարածե՞լ են։
-Ես տեղյակ չեմ «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշումից։ Մեր հայտարարության մեջ անդրադարձել ենք նաեւ մեր խմբակցությանը թիրախավորելու անթույլատրելիությանը։ Այն գործելաոճը, որի շրջանակում թիրախավորվում է միայն «Հայաստան» խմբակցությունը, ուստի հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այս գործելաոճը։ «Պատիվ ունեմի» եւ «Հայաստան» խմբակցության նույնաբովանդակ հայտարարություններն արժանանում են տարբեր գնահատականների։ Շանտաժը, թիրախավորումը անթույլատրելի է, հաջողության հասնելու համար պետք է առնվազն ցույց տալ, թե ինչպես են բերելու պակասող ձայները։ Մեղադրանքները, թե` մենք սպասում ենք, որ մեր փոխարեն անեն՝ պտուղները վայելենք, մի պատասխան ունի՝ մենք չենք տեսնում, չգիտենք, թե պակասող 20 ձայները որտեղից կարող ենք բերել, դրա համար չենք նախաձեռնում։ Եթե ինչ-որ մեկը սկսել է, ուրեմն տեսնում է, որ կարող է այդ ձայները բերել։
-Դուք արդեն ի սկզբանե ասում եք, որ անհաջողության է մատնվելու իմպիչմենտի գործընթացը, ինչի իրավունքը, ըստ նախաձեռնողների՝ չունեք։ Մի բան որ դեռ չեք սկսել, ի՞նչ գիտեք, որ ձախողվելու է:
-Մենք շատ պարզ ասում ենք՝ մեր 28 մանդատների հետ եւս 8 ձայն է անհրաժեշտ, որպեսզի քննարկվի իմպիչմենտի հարցը, եւ առնվազն ՔՊ-ականների 20 ձայն՝ հաջողության հասնելու համար։ Հարց եմ տալիս՝ կա՞ պատասխան, թե ինչպես են ապահովելու 20 ձայները։
-«Հայաստան» խմբակցության տարածած հայտարարությունից հետո նախաձեռնողները պատասխանե՞լ են` 8 մանդատ կարո՞ղ են ապահովել՝ գործընթացը սկսելու համար։
-Ես տեղեկություն չունեմ առ այն, որ որեւէ մեկը միացել է նախաձեռնությանը։ ՔՊ-ական առնվազն 20 պատգամավոր պետք է միանան նախաձեռնությանը, դեմ քվեարկեն Փաշինյանին, որ հաջողություն լինի։ Մալիպուլացիա են անում, թե իմպիչմենտը Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհն է, բայց այդպես չէ։ Սա գործիքներից մեկն է։ Օրենքով գլխավոր դատախազը կարող է ձերբակալել կառավարության ղեկավարին եւ հարցն այսպես լուծվի։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, որ եթե հենց հիմա ճնշում չեք բանացնում դատախազի վրա, ուրեմն վստահում եք Փաշինյանին, եւ այլն։ Այս մանիպուլացիաների նպատակը Փաշինյանին հանելու համար ձայներ հավաքե՞լն է, թե՞ խմբակցությանը թիրախավորելը։
-Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ի՞նչ ճանապարհ կա։
-Խորհրդարանական ուժերի եւ փողոցի ուժի համատեղ գործունեության եւ փողոցի ճնշման պարագայում։ Մյուս տարբերակները կա՛մ հերթական, կա՛մ արտահերթ ընտրությունն է, իմպիչմենտի գործընթացը, որ կարող է իրականանալ՝ փողոցի ճնշման պարագայում։
-Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ առանց երրորդ նախագահին սատարող ուժերի «Հայաստան» դաշինքը չի կարող հաջողություն ունենալ փողոցային պայքարում, որովհետեւ դաշինքը «աջակիցներ չունի, վերջացած խմբակցություն է»։
-Եթե վերջացած է, էդ դաշինքին ինչո՞ւ են դիմում ու որեւէ բան ակնկալում։ Մենք պարզ եւ անկեղծ ենք՝ Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որն ի վիճակի է միայնակ փողոցով լուծել այս խնդիրը։
-Վստահ են, որ ընտրություններով էլ հնարավոր չէ իշխանափոխություն անել։
-Ես չգիտեմ Հայաստանում այնպիսի ուժ, որը նման բան հայտարարի ու չմասնակցի ընտրություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։