«Զանգակ» հրատարակչությունը հայերեն է թարգմանել ամերիկյան բեսթսելերների շարքը տարիներ շարունակ գլխավորած Էլիզաբեթ Գիլբերտի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Գիրքը հոգեւոր ներդաշնակության հասնելու դժվարին ուղու մասին է․ Իտալիա, Հնդկաստան, Ինդոնեզիա՝ երեք զգայական աշխարհ, երեք տարբեր մշակույթ ու մի կնոջ անվերջ փնտրտուք:
«Զանգակ» հրատարակչության թարգմանական գրականության բաժնի պատասխանատու խմբագիր, գրականագետ Հասմիկ Եղիազարյանն ասում է՝ ընտրությունն այս գրքի վրա կանգ առավ մի քանի պատճառներից ելնելով․ «Առաջինը՝ պահանջարկ կար լսարանի կողմից, հետո առաջարկ եղավ նաեւ թարգմանչի կողմից։ Բացի այդ, այս գործը որոշակի հայտնիություն արդեն ուներ ֆիլմի շնորհիվ, իսկ, ընդհանուր առմամբ, այն տեղեկատվական, հետաքրքիր, թեթեւ կարդացվող գիրք է, որն արծարծում է մի շարք կարեւոր հարցեր՝ միջին տարիքի կնոջ ճգնաժամ, ներքին հավասարակշռության փնտրտուք, հարցեր, որոնք միշտ արդիական են, ու մեր հասարակության մեջ դեռ բավականաչափ դրա մասին չի խոսվում։ Սա մի գիրք է, որտեղ այդ հարցերը բարձրաձայնվում են, եւ հեղինակը՝ Էլիզաբեթ Գիլբերտը, իր լուծումներն ու ճանապարհն է ցույց տալիս»։
Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերտսի մասնակցությամբ համանուն ֆիլմը թեպետ շատ հայտնի է, բայց, ինչպես Հ․ Եղիազարյանն է նկատում, ֆիլմը գրքի միայն մի մասն է ցույց տալիս, եւ այդ առումով գիրքն անհամեմատելի է ու բավականին հետաքրքիր․ «Ամեն գիրք իր մարտահրավերն ունի, եւ թեթեւ թարգմանություն գոյություն չունի, այս դեպքում էլ թվում է, թե շատ պարզ լեզու է՝ անգլերեն, բայց հենց այդ թեթեւությունն էր պետք փոխանցել, ինչը մեր թարգմանիչը շատ լավ արել է, եւ լեզուն հնարավորինս փորձել ենք դարձնել գեղեցիկ, կենդանի, մատչելի, աշխույժ հայերեն»։
«Գրքի ընտրությունը պայմանավորված էր հենց իմ անձնական նախընտրությամբ,- ասում է գրքի թարգմանիչ Լիլիթ Հայրապետյանը,- ե՛ւ Իտալիայի թեման էր հոգեհարազատ, ե՛ւ յոգայի, բացի դա, ինքս նաեւ այդ տարիքային շեմում ու սոցիալական վիճակում գտնվող մարդ եմ, ու այդ առումով եւս կային հարազատության տարրեր։ Ինչպես նաեւ առաջին մասնագիտությամբ հոգեբան եմ ու աշխատել եմ կանանց իրավունքների ոլորտում, ու որպես հիմնախնդիր՝ ինձ համար կարեւոր է կնոջ ազատագրման թեման առհասարակ։ Այսինքն՝ սոցիալ-մշակութային, թեմատիկ հարազատություն էլ կար»։
Գրքի թարգմանիչն ասում է՝ քանի որ գործ ուներ ժամանակակից գրական տեքստի հետ, ապա թարգմանական դժվարություններ առանձնապես չի ունեցել։ Էլիզաբեթ Գիլբերտի այս գործին մեր հանրության մեծ մասը ծանոթ է համանուն ֆիլմից, դա կօգնի՞, թե՞ կխանգարի ընկալել գրական տեքստը։ «Ի դեպ, ֆիլմն առանձնապես չեմ հավանել եւ սկզբում ֆիլմն եմ նայել ու հետո գրական գործին ծանոթացել։ Ու երբ գրքի մասին խոսում էի, ասում էին՝ բայց ֆիլմը շատ թեթեւ, ռոմանտիկ մելոդրամա է․․․, ինչը գրքի դեպքում այդպես չէ, որովհետեւ այն ավելի ծանր է, դեպրեսիվ, հատկապես՝ այդ կնոջ ապրումների կտորը, նաեւ շատ ավելի նկարագրողական է նույն Իտալիայի, Ինդոնեզիայի մշակութային կոնտեքստը, որը ֆիլմով չի փոխանցվում, եւ, բացի այդ, առաջին դեմքով՝ հուշագրությունների տեսքով գրված գործ է, որի արդյունքում շատ բան է կորել ֆիլմում։ Իսկ Ջուլիա Ռոբերտսի կերպարն էլ շատ մակերեսային է ստացվել ֆիլմում, թեպետ հենց հեղինակը շատ ոգեւորվել է նրա խաղով»,-ասում է թարգմանիչը, ում կարծիքով՝ ֆիլմն ավելի շատ կոմերցիոն է ստացվել, ինչը չես կարող ասել գրքի մասին, որն ավելի շատ ներաշխարհային է։
Թե ինչու պետք է ընթերցողը կարդա այս գիրքը, թարգմանիչն ասում է՝ մի պարզ պատճառով․ «Պետք է խթանի սեփական մտորումներն այդ նույն հարցերի շուրջ, եւ այդ հիմնական թեման, որ գրքով անցնում է՝ անձնական երջանկությունը, շատ փոքր բաներից կարող է կառուցված լինել։ Այլ բան է սոցիալական ընդունվածությունը, որ այս-այս բաները պետք է անես, որ հասարակությունը, մարդիկ քեզ ընդունեն ու համարեն հաջողակ մարդ, բայց այդ հաջողակությունը, որ այսօր այդքան շրջանառվում է, արդյո՞ք հենց դա է երջանկությունը, թե՞, օրինակ, պաղպաղակ ուտելը։ Այսինքն՝ փոքր ու մանր բաներից է բաղկացած երջանկությունը եւ մի մեծ բան չէ։ Գուցե այս թեման մարդկանց ավելի հետաքրքրի»։
Ի դեպ, այսօր «Լոֆթում» տեղի է ունենալու գրքի շնորհանդես-քննարկումը, եւ, ինչպես նկատում է Հ․ Եղիազարյանը, փորձելու են տարբեր կողմերից մոտենալ գրքին, զրուցել գրքում արծարծված հիմնահարցերի շուրջ․ «Հրավիրել ենք նաեւ տարբեր մասնագետների՝ սննդաբանի, յոգայի մասնագետի, քանի որ այս թեմաները կենտրոնական են, եւ այդ կնոջ փնտրտուքներն էլ տարբեր են․ Իտալիայում ուտելու եւ մարմնական հաճույք ստանալու արվեստն է, Հնդկաստանում հավատի, Աստծո փնտրտուքն է, եւ կուլմինացիան սիրո փնտրտուքն է, սիրո նոր ըմբռնումն ու ընդունումը»։