Վատիկանի Պետքարտուղար կարդինալ Պյետրո Պարոլինի այցը Հայաստան եւ Ադրբեջան, հանդիպումները երկու երկրների դիվանագիտական-քաղաքական ղեկավարների հետ եւ հատկապես հայտարարությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ինչպես նաեւ դրանից վաղ՝ Ռուս-Ուկրաինական հակամարտությունում Սուրբ Աթոռի կողմից խաղաղասիրական նախաձեռնողականությունը բավական լավ առիթ է տալիս խոսելու ժամանակակից աշխարհում կրոնական կամ եկեղեցական դիվանագիտության կարեւորության մասին, հանգամանք, որին Հայաստանի ներկայիս իշխանությունները բավարար ուշադրություն չեն դարձնում։ Համաձայն դիվանագիտական բառարանների նորագույն հրատարակությունների, «եկեղեցական դիվանագիտությունը» որպես դիվանագիտական-քաղաքական հասկացություն քրիստոնեական եկեղեցիների եւ պետությունների, ինչպես նաեւ՝ քրիստոնեական եկեղեցիների եւ միջազգային կազմակերպությունների միջեւ կապերի եւ հարաբերությունների համակարգն է։ «Եկեղեցական դիվանագիտությունը» նոր հասկացություն չէ, ինչպես որ եկեղեցի կամ դիվանագիտություն հասկացություններն ինքնին նոր չեն եւ զուգորդված կամ համադրված վիճակում գոյություն են ունեցել այնքան ժամանակ, որքան որ գոյություն են ունեցել երկու հասկացությունները առանձին-առանձին։ Քրիստոնեական աշխարհում որպես կառույց, համակարգված վիճակում ամենահին եկեղեցա-դիվանագիտական ծառայությունը Վատիկանինն է, որն ավելի քան 800 տարեկան է։ Ուղղափառ եկեղեցիների ընտանիքում եկեղեցա-դիվանագիտական ծառայությունները ուսումնասիրելու համար հարկ է առանձին-առանձին անդրադառնալ Ուղղափառ ընտանիքի եկեղեցիներից յուրաքանչյուրին։ Սակայն դա չի խանգարում, որպեսզի արձանագրենք, որ թե Վատիկանը եւ թե Ուղղափառ եկեղեցական ընտանիքը ունի լրջագույն փորձառություն դիվանագիտության ասպարեզում։
Ռուս Ուղղափառ եկեղեցում, օրինակ, եկեղեցա-դիվանագիտական գործառույթներ իրականացնող Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժինը հիմնվել է 1946 թվականի ապրիլի 4-ի՝ Ռուս Եկեղեցու Սրբազան Սինոդի որոշումով։ Հայ Առաքելական եկեղեցու պարագայում, նշենք, որ եկեղեցա-դիվանագիտական ծառայությունը որպես եկեղեցա-վարչական մարմին թերեւս ձեւավորված պետք է լինի բավականին ուշ։ Սակայն այստեղ մի հանգամանք պետք է նկատի ունենալ։
Առաքելական եկեղեցու դեպքում պետք է ուսումնասիրությունները կատարել ըստ Առաքելական եկեղեցու կենտրոնների՝ Մայր Աթոռի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եւ երկու պատրիարքությունների։ Սա ի դեպ, բավական հետաքրքիր ու տարողունակ գիտական ուսումնասիրություն կարող է լինել։ Այնուհանդերձ, արձանագրենք, որ Առաքելական եկեղեցին եւս ունի դիվանագիտական լրջագույն բազմադարյան փորձառություն։ Ընդ որում, Առաքելական եկեղեցու դիվանագիտական փորձառությունը վերաբերվում է ոչ միայն քրիստոնեական պետությունների հետ հարաբերություններին, այլ նաեւ իսլամական աշխարհը ներկայացնող պետությունների եւ կայսրությունների հետ հարաբերություններին։ Այս լրջագույն փորձառությունը կարեւոր է, որպեսզի Հայաստանի պետական իշխանությունները, անկախ այն հանգամանքից, թե եկեղեցական վերնախավի այս կամ այն ներկայացուցչի կամ ներկայացուցիչների հանդեպ ինչ վերաբերմունք ունեն, ծառայեցնեն հայրենիքի եւ երկրի շահերին։