Հարցազրույց

Խոսել եմ ու խոսելու եմ, գրել եմ ու գրելու եմ, ասել եմ ու ասելու եմ, քանի հայրենիքս վտանգված է

Խոսել եմ ու խոսելու եմ, գրել եմ ու գրելու եմ, ասել եմ ու ասելու եմ, քանի հայրենիքս վտանգված է

Երևանի «Արարատ» լեգենդար ակումբի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը «Հրապարակին» հայտնեց, որ իրեն հուլիսի 12-ին հերթական անգամ հրավիրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Ըստ Պողոսյանի պատճառը՝ դավաճաններին դավաճան ասելն է, առիթը՝ իր ֆեյսբուքյան գրառումը կամ գրառումները։ 

«Հայրենիքս ու հայ ժողովրդին մանկուրտի վերածած դավաճանների խմբակը էդպես էլ չհասկացավ, որ հայը՝ երեկոյան հայհոյող, առավոտյան ծաղկեփունջ նվիրողը չի, իշխանավորի (նախկին ու ներկա) առջև միշտ կռացած տեսակը չի, սեփական ազգին բռնաբարող ու սպանող թշնամու առջև կզողը չի, սեփական որդիների ու դուստրերի դիակների վրա խաղաղ գոյակցություն քարոզողը չի։ Հայը իր հայրենիքի ու ժողովրդի համար պայքարողն է, սեփական ազգի ու երկրի շահերը պաշտպանն է, սեփական սկզբունքները չդավաճանողն է, թշնամու դեմ աննկուն կանգնողն է, հայրենիքի ամեն թիզ հողի համար մեռնելու պատրաստ տեսակն է»,- մեզ հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Վերջինիս խոսքով, հերթական անգամ իր դեմ քրեական գործ հարուցելու նպատակը իրեն լռեցնելն ու վախեցնելն է: Սակայն, ըստ Պողոսյանի, քրեական գործեր հարուցելու հրաման տվողներն էլ չեն հասկանում, որ լռում են՝ մունջն ու անդամալույծը, կամ նրանք, ում համար քաղցր է թշնամու լուծը (ինչպես երգվում է), ովքեր ունեն իրենց «վզին դրած» ինչ որ բան, բայց մեր՝ չլռողների տեսակին վախեցնելու փորձն ի սկզբանե դատապարտված է։ 

«Խոսել եմ ու խոսելու եմ, գրել եմ ու գրելու եմ, ասել եմ ու ասելու եմ։ Քանի հայրենիքս վտանգված է, ես դադար չունեմ, քանի ուղիղ՝ ամենակարճ ճանապարհով մեզ տանում են կործանման, ես հանգիստ չունեմ։ Եթե ալսօրվա իշխանություններին թվում է, թե բռնապետներն անմահ են և նրանց իշխանությունը հավերժ է, թող միշտ հիշեն Հիտլերին, Ստալինին Սադամ Հուսեյնին, Մուամմար Քադդաֆիին։ Պատմության ու ժողովրդի արդար դատաստանը չի շրջանցում որևէ դավաճանի կամ բռնապետի՝ Մելիք Ֆրանգյուլի լքված գերեզմանը վկա։ Իսկ բոլոր բռնապետները իշխանության էին եկել ժողովրդի լայն զանգվածների աջակցությամբ։ Ես ավելի քան վստահ եմ, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը թշնամիների ոտքերի տակ չեն ոչնչանա, մեր ժողովուրդն այնքան իմաստնություն կունենա, որ չի դավաճանի իր պատմական առաքելությանը, չէ որ մեր ազգը տեսել է Բաբելոնի կործանումն ու Ասորեստանի և Բյուզանդական կայսրության վերացումը, իսկ մենք մինչև այսօր կանք և երբեք չենք ընկրկի որևէ թշնամու դեմ՝ լինի ներքին, թե արտաքին»,- ասաց նախկին ֆուտբոլիստը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image