Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո բավականին վտանգավոր իրավիճակում հայտնված Սյունիքի բնակչությունը տարբեր ճանապարներով փորձում է կարգավորել իր կյանքը։
Գորիսի համայնքի սահմանամերձ բնակավայրերը զգալի կորուստներ ունեն։ «Ե՛վ արոտավայրերի հետ կապված, և՛ առհասարակ գյուղատնտեսական նշանակության հողերի վարուցանք իրականացնելու հետ կապված», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը՝ հավելելով, որ համայքնում առկա խնդիրներին տիրապետում են և փորձում են հնարավորին լուծում տալ դրանց։
«Մենք բոլոր խնդիրներն ուսումնասիրել ենք։ Իրավիճակին լիարժեք տիրապետում ենք և փորձում ենք այլընտրանքային լուծումներ տալ։ Որոտանի հիմա արոտավայրերի հետ կապված շատ շուրջ խնդիր ունի, որովհետև խմոցիները կենադանիներին, անասուններին հասցնելու համար պիտի թշնամու տարածքով անցնեն, հետո նոր հասնեն մեր սահմանը»։
Ապրիլի 9-ից Որոտանում այլընտրանքային գրունտային ճանապարհ է կառուցվում, որպեսզի մարդիկ շատ ավելի անվտանգ կարողանան գնալ այգիներ՝ գյուղատնտեսական աշխատանքների կատարելու համար։ «Շատ ավելի անվտանգ, որպեսզի դեպի այգիներ գնացող ճանապարհները մարդկանց համար լինեն հուսալի։ Մոտավորապես 100 տնտեսություն օգտվելու է այդ ճանապարհից։ Երկու օր է՝ ճանապարհը կառուցվում է, հողը փորվում է, որպեսզի մեքենաները կարողանան անցնել», - ասաց տիկին Յոլյանը։
Նրա խոսքերով՝ Գորիսի ամեն բնակավայր իր առանձնահատուկ խնդիրն ունի, համայնքապետարանն ուսումնասիրում է առկա խնդիրներն ու հնարավորությունների սահմաններում, գործընկերների հետ միասին փորձում է այլընտրանքային լուծումներ առաջարկել։ «Փորձում ենք այլընտրանքային լուծումներ առաջարկել։ Օրինակ, մենք հանդես եկանք նախաձեռնությամբ՝ Գորիս համայնքում նպաստառու 341 ընտանիք մի քանի օր առաջ ստացել է ախտահանված կարտոֆիլի սերմնացուներ, սոխ, որպեսզի կարողանան իրենց տնամերձերը մշակեն», - նշեց Գորիսի փոխհամայնքապետը։
Սահմանամերձ բնակավայրերում նաև անասնաբույժների պակասի հարց էլ էր առաջացել։ «Համարյա բոլոր բնակավայրերում այդ խնդիրը լուծել ենք։ Երբ որ անասունները հետ են բերվում արոտավայրից, արդեն խնդիր է առաջանում, որպեսզի բոլոր ծառայությունները մատուցվեն տեղում։ Ներքին Խնձորեսկում և Շուռնուխում է մանցել այդ խնդիրը, մնացած տեղերում արդեն լուծել ենք», - ասաց նա։
Իրինա Յոլյանն ասաց, որ Որոտանում, Շուռնուխում, Ներքին Խնձորեսկում բնակիչները զգուշանում են որևէ բան ցանել․ «Երբ որ գնում են դաշտերը՝ մկնդեղ դնելու, բնականաբար զգուշավորությունը կա, փորձում են շատ ավելի զգոն լինել, շատ ավելի աչալուրջ լինել։ Այլընտրանք չկա․ մարդիկ պետք է աշխատեն, որ ապրեն։ Հատկապես, երբ որ ահագին ունեցվածք են կորցրել։ Պետք է մշակել ունեցածը, որպեսզի մառաններում ունենան իրենց ուտելիքը, եկամուտ ունենան»։
Գյուղատնտեսական աշխատանքների կապված բնակիչները, ըստ անհրաժեշտության, դիմում են համայնքապետարան։ «Տեխնիկայի հետ կապված, այլընտրանքային ճանապարհների բարելավման հետ կապված։ Այսինքն՝ ամեն ինչին շատ արագ արձագանքում ենք, որպեսզի այդ պահին խնդիրը լուծենք։ Բացի դրանից, գոնե ամսվա ընթացքում 1-2 անգամ նաև սոցիալական աջակցություններ ենք տրամադրում սահմանամերձ բնակավայրերին հնարավորության սահմաններում՝ սնունդ, հագուստ և այլն»։
Ըստ փոխհամայնքապետի՝ Որոտանում մրգեր աճեցնելու համար նպաստավոր պայմանները կան, Գորիս համայնքում տարբեր բիզնես պրոյեկտներ են իրականացնում։ «Գյուղացիների կողմից առաջարկություն կար, որ փորձենք չրերի պատրաստման մեխանիզմներ պատրաստել, գտնել․ թե ովքեր են կարող առանձին ընտանիքների տրամադրել չիր պատրաստելու սարքեր, որ դրանով բիզնես սկսեն։ Շուռնուխում նույնպես ուսումնասիրել ենք մի քանի տարբերակներ։ Նաև ներդրողներ կան, որոնց հետ խոսել ենք, քննարկել ենք, օրինակ՝ այլընտրանքային կերերի մեխանիզմը ներդնել, որպեսզի արոտավայրերի խնդրի դեպքում կարողանան այդ հարցը լուծել։ Անասունների ցեղատեսակների հետ կապված, որ կարողանան տարբեր սորտեր աճեցնել։ Ներքին Խնձորեսկում արդեն մի քանի բիզնես պրոյեկտներ ենք ներկայացրել՝ մասնավորապես մեղվաբուծության զարգացում։ Իմիջայլոց, գերությունից վերադարձած Նարեկ Սարդարյանի գաղափարն է։ Իր հետ միասին մշակել ենք մեղվաբուծության բիզնես-պրոյեկտ։ Նաև կաթի, ընկույզի արտադրության նախագծեր ենք մշակել և արդեն իսկ ներկայացրել ենք դոնորներին, սպասում ենք պատասխանների։ Ամեն մի բնակավայր իր առանձնահատկությունն ունի. և՛ տեղանքի հետ կապված, և՛ բնակլիմայական պայմանների հետ կապված», - մանրամասնեց նա։
«Վերիշենում, օրինակ, ճախաթթվի բրենդն է, որ մտածում ենք այնտեղ զարգացնել ու ավելի շատ գովազդել։ Ճախաթթու, կարտոֆիլ, Վերիշենում ավելի շատ այս բանջարաբոստանային կուլտուրաներն են արտադրվում։ Քարահունջում թթի օղին, լոբին է առանձնահատուկ», - հավելեց տիկին Յոլյանը։ Վերիշենում մինչև ամսվա վերջ նախատեսում են բացել արվեստների կենտրոն, որպեսզի տեղացի կանայք կարի արտադության մեջ կներգրավվեն։
Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալը նաև հիշեցրեց իր երեկվա ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նշել էր, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակներից մեկը ներքին տուրիզմի հաշվին տնտեսություններին օգնելն է։ «Եթե ցանկություն կա աջակցել Սյունիքին, ձևերից մեկը տնտեսած գումարով այս տարի հանգիստը կազմակերպել Սյունիքում: [...] Իսկ լավագույն տարբերակը` ցանկացած առիթով գալ Գորիս ու փողը ծախսել այստեղ։ Արտերկիր մեկնելու փոխարեն, հեռավոր մարզ այցելելով, հավատացա՛ծ եղեք, որ ձեր կարևոր լուման եք ներդնելու մարզի զարգացմանը», - նշել էր նա։
Գորիս քաղաքում արտերկրյա զբոսաշրջիկների այցերը դեռ նկատելի չեն, սակայն, ըստ Յոլյանի, պատերազմից հետո ներքին տուրիզմը գործուղումների շնորհիվ մի փոքր առաջ է շարժվում։ «Բայց ավելի շատ գործուղումների հաշվին, քան հանգստանալու»։
Հարցին՝ ադրբեջանցիները կամ իմքայլական իշխանությունները որևէ գործողություն կատարո՞ւմ են Գորիսի սահմանների հետ կապված, պատասխանեց, որ դեռևս ոչ։ «Վերջին շաբաթվա ընթացքում ինչ-որ բան չի եղել։ Վերջինը Շուռնուխում անասունների հետ կապված միջադեպն էր։ Այս պահի դրությամբ տեղյակ չեմ որևէ միջադեպից։ Փառք Աստծո, առայժմ կյանքը բնականոն շարունակվում է», - եզրափակեց Իրինա Յոլյանը։