«Հրապարակի» զրուցակիցը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է:
- Գյուղացիները ծանր կացության մեջ են հայտնվել, ապրանքն իրացնելու խնդիր ունեն, Ռուսաստանը հայկական գյուղմթերքը չի ընդունում, ինչի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողները, այդ թվում` ծաղիկ, ձուկ, ելակ, ծիրան, այլ պտուղներ աճեցնողները չգիտեն ինչ անել: Իշխանությունները հայտարարում են, որ ՌԴ-ի այլընտրանքը եվրոպական շուկան է, նշում են, որ արդեն իսկ որոշ ապրանքներ արտահանել են Եվրոպա, իսկ թե Եվրոպայում ինչ ճակատագրի է արժանանում հայկական ապրանքը, այդ մասին իշխանավորները չեն խոսում, սակայն կան տեղեկություններ, որ, օրինակ, հայկական ծաղիկը Եվրոպայում չեն գնում: Որոշ տեղեկություններ կան, որ ապրանքը հասցրել են Եվրոպա ու ստիպված են եղել ոչնչացնել, անգամ արտահանող ընկերությանը պարտավորեցրել են վճարել դրա ոչնչացման համար: Ի՞նչ եք կարծում` այս պայմաններում հնարավո՞ր է ռուսական շուկան փոխարինել եվրոպականով:
- Հնարավոր չէ ռուսական շուկան փոխարինել այլ շուկայով, ինչո՞ւ, որովհետեւ ՀՀ-ից դուրս եկած գյուղմթերքը կամ այլ ապրանքներ հիմնականում սպառում է Ռուսաստանը: Ճիշտ է, ունենում ենք լոգիստիկ խնդիրներ` կապված Լարսի հետ, սակայն Լարսի թունելը կարող է խնդիրը լուծել: Ռուսական շուկան մեզ համար մեծ առավելություն ունի, ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է: Դա նշանակում է, որ Հայաստանից դուրս եկած ապրանքներն առանց մաքսատուրքերի` պարզեցված ձեւով ՌԴ են մտնում, եւ հակառակը` այնտեղից են ապրանքներ բերում Հայաստան: Այս ամենը ոչ միայն հրապուրիչ է, այլեւ` ձեռնտու մեզ համար: Այժմ հայտնվել ենք մի իրավիճակում, որ ով ասես, վերլուծում է այս հարցը, հատկապես Եվրոպական Միության երկրներ գյուղմթերք արտահանելու մասին են շատ խոսում: Այսօր շուկան տեղ է տալիս այն ապրանքներին, որոնք տեսքով, համային առումով, փաթեթավորմամբ եւ գնով բարձր դիրքերում են: Այն հեքիաթները, որ մերն ուրիշ է, մերը լավն է, վաղուց էլ չեն աշխատում: Այն տեղեկությունները, որ հայկական ապրանքները գնում են ԵՄ, զուտ քաղաքական հռետորաբանության տրամաբանության մեջ են, դրանք ուղղակի քաղաքական հայտարարություններ են, ոչ ավելի: Տարիներ են հարկավոր, որպեսզի հայկական գյուղատնտեսությունը զարգանա, այնքան զարգանա, որ կարողանա դառնալ մրցունակ եւ պահանջված եվրոպական շուկայում: Այժմ ինչ-որ մարդիկ են վերլուծում այս հարցերը, ովքեր ո՛չ գյուղատնտեսական գիտելիքներ ունեն, ո՛չ փորձ ունեն, ո՛չ աշխատել են ոլորտում, ո՛չ էլ անգամ համապատասխան կրթություն ունեն: Ինչ-որ տերմինոլոգիաներից են խոսում, եւ դա մարդկանց, հասարակությանը շփոթմունքի մեջ է գցում: Հայկական ապրանքն իր արժեքով, ինքնարժեքով տեղ չունի եվրոպական շուկայում, թողեք այդ հեքիաթները:
- Բայց Ռուսաստանն էլ չի ցանկանում հայկական ապրանքը գնել: Նիկոլ Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ռուսական կողմը Հայաստանի դեմ սկսել է սանկցիաներ կիրառել: Ի՞նչ անել, որպեսզի խնդիրը լուծում ստանա, եւ հայ գյուղացին չտուժի:
- Իսկ իշխանությունն ի՞նչ էր սպասում: Ութ տարի է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեր տնտեսությունը քայքայում է, կործանում է` տարբեր կողմերից, հիմա էլ հերթը Հայաստանը սանկցիաների տակ մտցնելն է: Միլիարդավոր դրամներ են տվել ֆերմերներին, այգի ունեցողներին՝ խոստանալով լուսավոր ապագա, բայց մենք բազմիցս նշել ենք, որ չի կարելի այդքան գումարներ տրամադրել, կան որոշակի ռիսկեր, եւ այդ ռիսկերի ի հայտ գալու դեպքում չկան հակադարձող քայլեր: Իշխանությունն ունի կործանարար վարք, եւ դա Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության արդյունքն է: Մյուս կողմից էլ, ազգաբնակչությունը մտածում է, որ եթե ապրանքը չի վաճառվում, ապա գնանկում պետք է լինի, սակայն մենք այսօր հակառակն ենք տեսնում: