Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքկաանության հարցերով գերագույն ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը նախօրեին սենսացիոն հայտարարություն էր արել, որ ՀՀ իշխանություններն իրենց են դիմել՝ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ արտաքին միջամտությունները կանխելու համար: Բնականաբար` արտաքին միջամտություն ասելով նկատի ունեն Ռուսաստանին:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է, որ փաստ է, որ ՀՀ վարչակազմն արտաքին օգնություն է խնդրում 2026 թվականին վերարտադրվելու համար։ «Իրենք լավ են տիրապետում իրական վիճակին եւ հասկանում են, որ արդար եղանակով չեն կարողանալու հաղթել։ Սա իրենց թուլության ինքնախոստովանությունն է ու խուճապի դրսեւորումը, քանի որ արտաքին օգնության խնդրանքը ցուցադրում է իրենց թուլությունը, և քանի որ չունեն երկրի ապագայի նախագիծ, թուլության ցուցադրումը էլ ավելի է խաթարում իրենց դիրքերը»,-գրում է քաղաքագետը: Դանիելյանը նկատում է, որ ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի, քանի որ ուժային կառույցներն ու տեղական իշխանության ներկայացուցիչները ռիսկի չեն գնա, որպեսզի անօրինականությունների միջոցով սատարեն հեռացող վարչակազմին։ «Կարևոր ազդեցություն են ունենալու նաեւ արտաքին զարգացումները։ Ուկրաինական պատերազմի ավարտը սկիզբ կդնի միջազգային հարաբերությունների ճարտարապետության նոր սկզբունքների կայացմանը, որտեղ տոքսիկ վարչակազմերը կկորցնեն իրենց դերակատարությունը»,-շեշտում է Դանիելյանը:
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն էլ նկատում է, որ ՀՀ իշխանությունների այս քայլն աննախադեպ է: Սուրենյանցը նկատում է, որ փաստացի արձանագրվում է՝ գործող իշխանությունը համաձայնել է Հայաստանում կիրառել մոլդովական սցենարը՝ սեփական իշխանության վերարտադրության դիմաց։ «Սա այլևս ոչ թե Եվրամիության տեխնիկական օժանդակություն է, այլ քաղաքական միջամտություն ընտրական գործընթացին։ Մոլդովայում այդ մոդելը հանգեցրել է ոչ թե ժողովրդավարության ամրապնդման, այլ ընդդիմադիր քաղաքական դաշտի զտման, «վնասակար ազդեցության» անորոշ սահմանումներով անհարմար ուժերի դուրսմղման, ընտրական ավտորիտարիզմի հաստատման։ Եվրամիության այս աջակցությունը կարող է չարաշահվել Հայաստանի իշխանության կողմից՝ ընդդիմության դեմ, նման Մոլդովայի դեպքում տեղի ունեցածին, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների արգելքը և ընտրական սահմանափակումները քննադատվել են որպես ընդդիմության ճնշման գործիք: Այս համատեքստում ակնհայտ է, որ ԵՄ ներկայիս բյուրոկրատիան աստիճանաբար հեռանում է արևմտյան արժեքներից՝ ժողովրդավարությունը փոխարինելով «կառավարվող ընտրությունների» մոտեցմամբ»,- կարծում է Սուրենյանցը:
Եվրամիությունն ավելի ու ավելի հաճախ ոչ թե պաշտպանում է ազատ քաղաքական մրցակցությունը, այլ նպաստում է իր համար ընդունելի կախյալ վարչակարգերի վերարտադրությանը։ Փաշինյանի իշխանության և Եվրամիության բյուրոկրատիայի այս «գործարքն» ունի նաև արտաքին քաղաքական գին և այն արտացոլում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք: «Հայաստանում խրախուսվում է պարզունակ և կոպիտ հակառուսական խոսույթը՝ որպես հավատարմության փոխհատուցում։ Սա չի բխում Հայաստանի անվտանգության իրական շահերից և չի ապահովում արտաքին քաղաքական հավասարակշռում։ Երբ իշխանության լեգիտիմությունը ձևավորվում է արտաքին կառույցների հովանավորությամբ, ինքնիշխան ժողովրդավարության մասին խոսելը նվազագույնը ինքնախաբեություն է»,- եզրափակում է Սուրեն Սուրենյանցը: