Այսօր վաղ առավոտից գյումրեցիները շոկի ենթարկվեցին, քանի որ ոստիկանությունը կոտրել էր առաջնորդարանի դուռը, խուզարկություն էր անում՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին բերման ենթարկելու պատրվակով։ Այդ ընթացքում հարյուրավոր գյումրեցիներ հավաքվեցին առաջնորդարանի առջև` փորձելով կանխել ոստիկանության ապօրինի գործողությունները։ Գյումրեցի քաղակտվիստ Մհեր Խաչատրյանին բերման ենթարկեցին ժամեր անց։
Hraparak.am-ին քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել Մհեր Խաչատրյանի հետ, քանի որ նրան շուրջ 6֊7 ժամ պահել էին ոստիկանությունում և միայն ժամը 15։00֊ից հետո ազատ են արձակել։ Մհերի խոսքով` այս պահին իրեն միայն սրբազանի ճակատագիրն է մտահոգում։ «Ինձ հետ կատարվածը շոու էր, շուրջ 7 ժամ ինֆորմացիայից զուրկ էի, հիմա կփորձեմ հասկանալ՝ ինչ է կատարվում, հնարավոր է Երևան մեկնեմ, ինձ միայն Սրբազանն է անհանգստացնում էս պահին, նրա հետ կատարվողը»,֊մեզ հետ զրույցում ասաց նա ։