Քաղաքականություն

Ինչպես է արձագանքել Իլհամ Ալիեւը Նիկոլ Փաշինյանի «մոնոներկայացմանը»

Ինչպես է արձագանքել Իլհամ Ալիեւը Նիկոլ Փաշինյանի «մոնոներկայացմանը»

Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի տված, այսպես ասած, «ցուցմունքները» կամ, թատերական լեզվով ասած՝ մոնոներկայացումը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովում, իհարկե, կդառնա պարարտ հող՝ առաջիկա առնվազն մի քանի օրերին ակտիվ հանրային-քաղաքական դիսկուրսի, վերլուծությունների, գնահատականների եւ «միջճամբարային ճակատամարտերի» համար։ Թեեւ եթե իրատեսորեն հարցին նայենք, ապա, ինչպես «Հրապարակն» էր գրել, նոր բան, կարելի է ասել, գրեթե չի ասվել այդ «ցուցմունքներով», այսինքն՝ մոնոներկայացման սցենարը նույնն էր, ուղղակի այն հարստացվել էր որոշ էլեմենտներով։

Կարելի է, իհարկե, երկար խոսել, բանավիճել, վերլուծել, բացահայտել մոտ 4 ժամանոց այդ մոնոներկայացման ժամանակ հնչեցված ստերն ու կեղծիքները։ Սակայն էականն այստեղ, ըստ իս, Փաշինյանի զուտ մարդկային հոգեբանությունը հասկանալն է, նախքան գնահատականներ տալը։ Սովորաբար, պատմության մեջ նման նախադեպերը քիչ չեն, երբ մարդը պատճառ է դառնում աղետի, անկախ այն հանգամանքից՝ հանրային տեսանելի մակարդակում իր մեղքն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ, կամ անկախ այն բանից՝  ցանկացե՞լ է այդ աղետին հանգեցնել, թե՞ ոչ։ Գալիս է մի պահ, երբ սեփական գիտակցության մեջ դա տեղի է ունենում, եւ մարդն ինքն իր ներսում ընդունում է մեղքը ու նաեւ հասկանում, որ, ի վերջո, անկախ այն հանգամանքից, թե օրական ինչ ռեժիմով եւ քանի անգամ կհերքի այդ աղետի հետ կապված իր մեղավորությունը, միեւնույն է, գալու է մի պահ կամ ժամանակ, երբ պատմության առաջ արդարանալ չի կարողանալու, ու աղետի մեղավորի խարանն իր ճակատին ամեն դեպքում դրոշմված է՝ որքանով էլ որ դա արդարացի լինի, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ։

Նման գիտակցության գալով, նույնիսկ երբ արտաքնապես չերեւա էլ, մարդը մշտապես ձգտելու է իր ունեցած բոլոր հնարավորություններով ոչ թե հերքել, այլ արդեն արդարանալ, մեղքն ուրիշի վրա գցել, որպեսզի նախեւառաջ իր ներսում ազատվի մեղքի այդ բեռից։ Եղել են դեպքեր, երբ մարդիկ որոշակի աղետում իրենց մեղավորությունը գոնե նվազեցնելու կամ արդարանալու համար հատորներ են գրել։ Իհարկե, գուցե Նիկոլ Փաշինյանն էլ մի օր որոշի գիրք գրել, որպեսզի գոնե այդ գրքի էջերում փորձի արդարանալ այն ամեն վատի համար, որ իրագործեց Հայաստանի, Արցախի կյանքում կամ հայ ժողովրդի կյանքում՝ առհասարակ։

Սակայն հիմա՝ մոտ 4 ժամանոց մոնոներկայացմամբ նա պարզապես փորձում է արդարանալ՝ առաջին հերթին ինքն իրեն հավատացնելու կամ իր առաջ արդարանալու համար։ Զուտ մարդկային հոգեբանական առումով սա ողբերգություն է։ Մարդու հոգեկան աշխարհի հետ աշխատող մասնագետները թերեւս այս ամենն ավելի գիտական կերպով կկարողանան բացատրել։ Իսկ եթե արդեն հարցի քաղաքական կողմին նայենք, ապա ինչ էլ ասի Փաշինյանը, հատկապես նախկինների վրա մեղքը գցելու մասով, ինքն էլ թերեւս կզարմանա, բայց իրեն դեռ տարիներ առաջ պատասխանել է Իլհամ Ալիեւը։

Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահը, կառավարության ընդլայնված նիստում խոսելով այդ տարվա ինն ամիսներին երկրի զարգացման մասին, նաեւ հայտարարել էր բառացիորեն հետեւյալը․ «Փակ դռների հետեւում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտական կանոններ ․․․»։

Ընդգծենք․ Փաշինյանին պատասխանողը ո՛չ Ռոբերտ Քոչարյանն է, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ ներկայիս տիտղոսակիր կամ արտախորհրդարանական ընդդիմությունը, այլ Ադրբեջանի նախագահը։ Ի դեպ, կարծես թե հունիսի 27-ին այս մոնոներկայացման երկրորդ արարն է լինելու։ Կարծում ենք, որ ինչպես երեկվա արարը բեմականացնելն էր անիմաստ, այնպես էլ, հանուն ժամանակի եւ նյարդերի խնայողության, երկրորդ արարը բեմականացնելը կլինի անիմաստ։ Ուստի դեռ ուշ չէ հրաժարվել այդ թատրոնը շարունակելու մտքից՝ դա ոչինչ չի տալու ո՛չ մոնոներկայացման հերոսին, ո՛չ հասարակությանը, ո՛չ էլ պատմության ավելի մեծ կտրվածքով՝ մեր երկրին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image