Պարզ է, որ ԱՄՆ, Արեւմուտք, Ռուսաստան. յուրաքանչյուրն իր աշխարհաքաղաքական շահն ունի եւ դրանք է առաջ մղում՝ անտեսելով Հայաստանի տիպի փոքրիկ երկրի աննշան շահերը: Բայց կան նաեւ հայտարարված սկզբունքներ եւ նորմեր, որոնք ոտնահարելու համար պետք է շատ լուրջ պատճառներ ունենան գերտերությունները եւ խուսափեն այդ սկզբունքների ու իրենց շահերի բախումից:
Ասենք, եթե արեւմտյան քաղաքակրթությունը հայտարարել է, որ մարդու իրավունքները եւ խոսքի ազատությունը բացարձակ արժեքներ են, եւ իրենք դրանց հաշվին որեւէ գործարքի ու զիջման չեն գնում, ապա չեն կարող աչք փակել այն ապօրինությունների առաջ, որոնք կատարվում են հայաստանյան իրավապահների կողմից: Չեն կարող լռել, երբ ազատ հավաքների իրենց իրավունքն իրացնող մարդիկ խաղաղ հանրահավաք են անում, իսկ իշխանական ոստիկանները նրանց նկատմամբ բռնություն են կիրառում, բերման ենթարկում, քրեական գործեր հարուցում:
Չեն կարող անտեսել այն, որ մարդկանց կալանավայրում են պահում միայն իրենց հայացքների համար, խոշտանգում են` կյանքին եւ առողջությանը էական վնաս պատճառելով: Չեն կարող աչք փակել, որ խոսքի ազատությունը եւ կարծիքի արտահայտումը սահմանափակող օրենսդրական փոփոխություններ են ընդունում եւ քրեականացնում վիրավորանքը, այն էլ՝ պետական պաշտոնյաների նկատմամբ
: Չեն կարող հանգիստ դիտել, թե ինչ տեռորով են ընտրությունները կազմակերպում իշխանությունները, իսկ վերջում հայտարարել, որ դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Բանը հասել է այնտեղ, որ ԱՄՆ դեսպանը շնորհավորում է Արգիշտի Քյարամյանին` «Քննչական կոմիտեի գործունեության 7-րդ տարեդարձի կապակցությամբ»` գովեստի խոսքեր շռայլելով, իսկ քննչական մարմինների թերացումներն ու ապօրինությունները ԱՄՆ դեսպանը չի նկատում: