Հարցազրույց

Սա հերթական կարմիր գիծն էր, որ հատեց Նիկոլ Փաշինյանը

Սա հերթական կարմիր գիծն էր, որ հատեց Նիկոլ Փաշինյանը

«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանն է:

- 2008 թվականի մարտի 1-ին ու դրանից հետո զոհի կարգավիճակում հանդես եկող Նիկոլ Փաշինյանը, մոռանալով ոչ հեռավոր անցյալը, այսօր հրամայում է ցուցարարների ուղղությամբ նռնակներ նետել եւ արդարացնում է ոստիկանությանը` ասելով, որ նրանք սահմանադրական կարգն են պաշտպանել: Այն, ինչ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին ասում: Բաղրամյան փողոցում տեղի ունեցածից հետո 100-ից ավելի մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոններ, ունենք բազմաթիվ վիրավոր քաղաքացիներ, ցավոք, քաղաքացիներից մեկն ամբողջությամբ կորցրել է ձեռքը` դաստակից, մյուսները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Եկեք զուգահեռներ անցկացնենք այսօրվա եւ մարտի 1-ի միջեւ:

- Իշխանության անթույլատրելիության հետ գործ ունենք, սա հերթական կարմիր գիծն էր, որ հատեց Նիկոլ Փաշինյանը: Ես դեռ պատերազմից առաջ, ՔՊ-ականների հետ բանավեճի ժամանակ կանխատեսել էի, որ այս իշխանությունը գնալու է նոր մարտի 1-եր կազմակերպելու ճանապարհով: Թե ինչու դատական ռեֆորմներ չեն իրականացվում, ինչու մարտի 1-ի դերակատարները` դատավորներ, քննիչներ, դատախազներ, համակարգից չեն հեռացվել, ես այն կարծիքին եմ, որ եթե ինչ-որ մեկը գնում է ապօրինի զենք եւ այդ զենքը չի հանձնում ոստիկաններին, ապա դա անում է, որպեսզի մի օր էլ ինքն այդ զենքը օգտագործի: Այնպես որ, չորեքշաբթի օրը տեղի ունեցած իշխանության հանցավոր դրսեւորումը նոր չէ, որ այս իշխանության մտքով անցել է: Դա եղել է գործիք, որի օգտագործումն այս իշխանությունները վերջին տարիներին առնվազն չեն բացառել:

- Ոմանք կարծում են, որ մարտի 1-ի կարկառուն կազմակերպիչներից մեկը հենց Փաշինյանն էր: Մինչ օրս կա տեսակետ, որ մարտի 1-ին բազում սադրանքներ են եղել` հենց ցուցարարների կողմից, ամբոխից են սկսել հրահրել` կրակել, սադրել: Այս տեսակետին մի ժամանակ շատ ցավոտ էին վերաբերվում ՀԱԿ-ում` ժխտում էին: Այժմ տեսնելով, թե ինչերի է ընդունակ Նիկոլ Փաշինյանը, չե՞ք կարծում, որ գուցե այդ ամենում իսկապես կա ճշմարտություն, որ իսկապես շատ դեպքերում Նիկոլ Փաշինյանն է իրավիճակը սրել ու էլի նրա նման մի քանիսը….

- Սադրիչների ինստիտուտը միշտ էլ լավ է աշխատել` թե՛ մարտի 1-ին, թե՛ չորեքշաբթի: Ես կարող եմ մարտի 1-ից մի դրվագ պատմել, որ Հովիկ Աբրահամյանի շրջապատի անձինք կոտրել էին «Ռոբերտո» խանութը, որից հետո բռնվեցին, դատապարտվեցին, դատարանում էլ խոստովանեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ոչ մի կապ չունեն, որ եղել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք եւ այլն: Անգամ նրանց զգուշացրել էին, որ տարածքում տեսախցիկներ կան, նրանք էլ վերջում որոշել էին ջարդել տեսախցիկները՝ չհասկանալով, որ անգամ ջարդելու դեպքում սերվերում պահպանվում է նկարահանվածը: Այդ ինստիտուտը միշտ է աշխատել: Չորեքշաբթի օրվա հավաքի ժամանակ էլ ժողովուրդը հանգիստ կանգնած էր, սադրանքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դրսում մնացած պատգամավորները փորձեցին մտնել Ազգային ժողովի շենք: Մարտի 1-ին վրաններում քնած մարդկանց առավոտ շուտ ծեծի ենթարկեցին, մարդիկ ինքնաբուխ հավաքվեցին դեսպանատների մոտ, որպեսզի գոնե դրանց առկայությունը կանխի հետագա գործողությունները: Ոչ մի ցուցարարի մտքով չի անցնում, որ հատուկ միջոցների այնպիսի սխալ կիրառում կլինի, որ տեղի կունենան ծանր դեպքեր, մարդիկ մարմնական վնասվածքներ կստանան, ընդհուպ` կմահանան: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա մարտի 1-ին ցուցարար էր, ընդդիմադիր գործիչ: Ապօրինի կազմավորված ջոկատներն այն ժամանակ մարդկանց սպառնում էին, իսկ եթե մարդու կյանքին կա սպառնալիք, ապա կարող է լինել անհրաժեշտ պաշտպանություն: Նա մարտի 1-ին կոչ չի արել որեւէ մեկին՝ զինված հարձակվել, ինչպես երեկվա ցույցի մասնակիցներից եւ որեւէ մեկը նման կոչ չի արել, ի տարբերություն 1996 թվականի, երբ շատ հստակ` կոտրելով Ազգային ժողովի ճաղերը, մուտք են գործել շենք, ծեծի են ենթարկել ԱԺ պատգամավորներին, պատանդ տանելով ԱԺ նախագահին: Որից հետո նրա կյանքը խնայելու կամ նրան ազատ արձակելու դիմաց պահանջել են երկրի նախագահի հրաժարականը: Թե՛ մարտի 1-ին, թե՛ երեկ, թե՛ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ որեւէ ցուցարար սադրանքի չի գնացել: Ժողովրդավարությունն իրենից ենթադրում է հետեւյալը. եթե փողոցում կա ձեւավորված շարժում` ինչ-որ մի բանի դեմ, ապա պետք է գնալ երկխոսության, այլ ոչ թե սադրանքների:

- ՔՊ-ի շարքերում այսօր կան մարդիկ, ովքեր ՀԱԿ-ից են եղել կամ հարել են ՀԱԿ-ին: Ինչպե՞ս է ստացվում, որ այդ մարդկանց համար նորմալ են այս երեւույթները:

- Դե, Ռոբերտ Քոչարյանն էլ էր մի ժամանակ ՀՀՇ վարչության անդամ: Ի՞նչ կարող ենք հիմա անել: Ենթադրվում էր, որ Նիկոլ Փաշինյանը չի անելու մի բան, ինչից ինքը տուժել է ժամանակին, սակայն այսօր տեսնում ենք, որ ամեն ինչ էլ հնարավոր է: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կա մարտի 1-ի զոհի հարազատ: Թվում է, թե նա պետք է հայտարարեր, որ իր եղբայրը զոհվել է, ու ինքը չի ցանկանում, որ այլոց եղբայրներն էլ զոհվեն: Ինչ արած, ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխանատու:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image