Մշակույթ

«Հրապարակ». Դատապարտում եմ այս ոտնձգությունները, եւ Աստված հեռու պահի, որ կատարվեն

«Հրապարակ». Դատապարտում եմ այս ոտնձգությունները, եւ Աստված հեռու պահի, որ կատարվեն

Երկրի վարչապետն իր ֆեյսբուքյան էջով դարձյալ դիմել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներին՝ հորդորելով «գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Իսկ դրա համար, ըստ Փաշինյանի, անհրաժեշտ է, որ այս փուլում ստեղծվի «Համակարգող խումբ»՝ վերոնշյալ հարցերը կարգավորելու համար։ «Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետեւորդները, ովքեր․ ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացել են Աստվածաշունչը, գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը, դ) ամեն օր աղոթում են, ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին»,- նշել է նա։

Մտավախություն կա՞, որ այսկերպ երկրի ղեկավարը քաղաքացիական բախումներ է հրահրում հանրության շրջանում։ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանն ասում է՝ այդ մտավախությունն արդեն 7 տարի է՝ կա․ «Մենք կարծես այսպես դանդաղ ինքնասպանության ենք ենթարկվում եւ հանգիստ գնում ենք ինքնասպանվելու ուղղությամբ, եթե հանկարծ մի պահ ուշքի չգանք, եթե բոլոր իրավապահ կառույցները, հայ ժողովուրդն ուշքի չգան՝ անձնական թիրախ դարձնելով հոգեւորականին, ինքնակամ գնալու ենք ոչնչանալու։ Ես սրա մասին շատ տարիներ եմ խոսում, մենք հաճախ մեր աչքի փուշը չենք տեսնում եւ մեծ հաճույքով դատում ենք մյուսներին, իսկ առավել մեծ հավեսով դատում ենք քահանաներին, փոխանակ ինքնաքննությամբ զբաղվենք, եւ, ընդհանրապես՝ մենք ի՞նչ ենք անում մեր եկեղեցու համար, որ մի բան էլ պահանջենք եկեղեցուց ավելին, քան ինքը տալիս է, իսկ ինքը մեզ տալիս է շատ մեծ հնարավորություն՝ ինքնամաքրման, ապաշխարման, ինքը դարեդար պահպանում եւ պաշտպանում է մեր ազգային արժեքները, պատմությունը եւ, փաստորեն, դարեդար կատարել է պետության գործառույթները, իսկ այդպես միայն ես չեմ համարում։ Եվ այն, որ մենք ունենք հայ առաքելական ազգային եկեղեցի, հաճախ չենք էլ գիտակցում, թե ինչ ունենք, չէ՞ որ մեր մշակույթը մեր եկեղեցու միջոցով էլ է եկել հասել մեզ»։  

Ի՞նչ ելք եք տեսնում այս իրավիճակից։ «Մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է եղել միշտ, փրկությունը համախմբվելն է այն կառույցի շուրջ, որը գոնե ունի դարեդար, սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթ, որն իր մեջ ունի պետականության այդ գիծը՝ անհիշելի ժամանակներից, որովհետեւ մեր եկեղեցին շատ ավելի հին է, քան բուն քրիստոնեությունը, եւ դա չպետք է մոռանանք ու չպետք է անձնավորենք Վեհափառին, ինչքան էլ որ չսիրենք կամ չընդունենք նրա այս կամ այն գործունեությունը։ Ո՞նց կարող ենք դատել օծյալ մարդուն, ինչքան էլ որ համաձայն չլինենք որոշ բաների հետ։ Գոնե պետք է գիտակցենք, որ սա ամենակարեւոր ինստիտուտն է, որը պահում է հայի էությունը։ Եվ ես ուղղակի դատապարտում եմ ավելորդ խոսակցությունները, հատկապես՝ նման ոտնձգությունները, եւ Աստված հեռու պահի, որ դրանք կատարվեն։ Մենք պետք է աղոթք անենք եւ համախմբված լինենք, ես կոչ եմ անում հայ մարդկանց՝ նույնիսկ եթե նրանք բացարձակապես եկեղեցի չեն գնում, ուշքի գալ եւ հասկանալ, թե կործանումը որտեղ է»,- նշում է երգչուհին։        

ՀՀ ժողովրդական արտիստ Փարավոն Միրզոյանի դիտարկմամբ՝ այսօր մեր երկրի մթնոլորտը խիստ աղտոտված է։ «Ես միշտ մեծ կարծիք եմ ունեցել մեր ազգի մասին, բայց այսօր չեմ տեսնում իմաստուն մարդկանց, մենք մեր երկիրը մեր ձեռքով քանդում ենք, չենք թողնում, որ որեւէ զարգացում լինի։ Մինչդեռ, մեզ այսօր անհրաժեշտ են իմաստուն մարդիկ, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք, այսպես չի կարելի։ Մենք մեր ձեռքով մեր տունը քանդում ենք եւ չենք ստեղծում ընտանեկան, պետական մթնոլորտ, որպեսզի մեր երկիրը զարգանա։ Ես այսօր շատ մեծ ցավ եմ ապրում՝ այսօրվա իրավիճակի հետ կապված»,- նշում է նկարիչն ու անդրադառնում եկեղեցու բարեփոխումների իշխանական պահանջներին։

«Եկեք եկեղեցու բարեփոխման մասին հիմա չխոսենք, որովհետեւ մեր երկիրը հիմա այնպիսի մեծ պրոբլեմներ ունի․․․, մենք հիմա երկիր ենք կորցնում, բայց ընկել ենք ինչի՞ հետեւից, ի՞նչ ենք ուզում՝ անհասկանալի է, ռուսները լավ խոսք ունեն, ասում են՝ когда нечего делать, ерундой занимается։ Հիմա չի կարելի այսօր մեր երկրի այս վիճակին շփոթություն ստեղծել, մարդկանց՝ մեկը մյուսի հանդեպ թշնամություն ստեղծել, պետք է հանգստանալ եւ մեր այս փոքր երկրում ամեն օր բարություն, մարդկություն, սեր տալ միմյանց, ոչ թե զբաղվենք մի բանով, որն առաջնահերթ խնդիր չէ մեզ համար։ Այսօր ոչ մի բան իր տեղում չէ, եկեք մի քիչ իմաստնանանք, չի կարելի 2 հազար տարի այսպես տանջվել, մեկս մյուսի հանդեպ դավաճաններ ենք դարձել, պետք է սրան վերջ տալ եւ մեկ օր շուտ կանգ առնել։ Մեր ժողովրդին այսօր պետք են սեր եւ խաղաղություն, որովհետեւ այլեւս չենք կարողանում մեկս մյուսի հետ հանգիստ խոսել, երկու բառից հետո լինում են կա՛մ քաղաքական, կա՛մ եկեղեցական վեճեր, պետք է վերջ տալ սրան մեկ օր շուտ: Խելք հավաքեք, հանգիստ, մարդավարի ապրեք, սովորեք սիրել, հարգել մեկդ մյուսին, այս ի՞նչ վիճակ է, ես նստած տեղս ամաչում եմ այս իրավիճակից, ամոթ է»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image