Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը վերջերս պարբերաբար հայտարարում է, որ շուտով Երեւանում բացվելու է 300 թափառող շների համար նախատեսված կացարան: Սակայն կենդանասերները, որոնք դժգոհությւոններ ունեն այս կազմակերպության ոչ թափանցիկ գործելաոճի հետ կապված, մտավախություն ունեն, որ նոր կացարանը նույնկերպ է գործելու, դուրս է լինելու հանրային վերահսկողությունից, ինչպես ներկայում նման վերահսկողությունից դուրս է Հարություն Առաքելյանի ղեկավարած ՀՈԱԿ-ը, եւ որ իրականում մեծ բանտ ու սպանդանոց է դառնալու իրենց սիրելիների համար: Փորձելով փարատել այս մտավախությունները եւ լրացնել տեղեկատվական բացերը, գրավոր հարցում էինք ուղարկել քաղաքապետարան: Ներկայացնում ենք Հարություն Առաքելյանի հետ գրավոր հարցազրույցը:
- Հատկապես ո՞ր շներն են պահվելու նոր կացարանում: Երեւանում բազմաթիվ թափառող կենդանիներ ունեն խամակալներ, որոնք կերակրում, պահում են այդ կենդանիներին, հոգում են նրանց համեմատաբար ապահով կյանքը։ Արդյո՞ք այդ շներին եւս պետք է բռնեք եւ տանեք կացարան։
- Ինչպես արդեն հայտարարել ենք, Երեւանում մեկնարկում է համայնքային կացարանների կառուցման ծրագիրը։ Առաջին մեծ կացարանի շինարարության մրցույթը հայտարարված է, որին կհաջորդի շինարարական աշխատանքների մեկնարկը։ Պետք է նշեմ, որ կացարանների կառուցումը թափառող կենդանիների գլխաքանակի կանոնակարգման համալիր ծրագրի մի մասն է կազմում։ Կացարանը նախատեսված է լինելու շուրջ 300 թափառող/անտուն շների համար, որոնք անհրաժեշտ բժշկական միջամտությունները եւ պատվաստումները ստանալուց հետո կշարունակեն ապրել կացարանում։ Նախապատվությունն առաջնային կերպով տրվելու է այն շներին, որոնցից իրենց տերերը հրաժարվել են, կամ մեր կողմից փողոցից բռնված այն շներին, որոնք լքված են եղել։ Ըստ աշխատանքային անհրաժեշտության, կացարան կտեղափոխվեն նաեւ դպրոցների, մանկապարտեզների, բժշկական հաստատությունների տարածքներից բռնված շները՝ հաշվի առնելով նշված տարածքներում շների կուտակումների առնվազն ոչ ցանկալի լինելու հանգամանքը, եւ այլ հնարավոր դեպքերում։ Կացարան տեղափոխված բոլոր թափառող շներին կազմակերպությունը կփորձի տեր գտնել եւ հանձնել որդեգրության, ինչպես անում է վերջին տարիներին կազմակերպության ժամանակավոր կացարանում տեղ գտած բազմաթիվ շների համար։ Անհրաժեշտ է ընդգծել, որ անկախ այն հանգամանքից՝ օրվա ընթացքում փողոցում շունը կերակրվում է, թե ոչ, միեւնույն է՝ կենդանին ապահով չէ փողոցում, քանի որ շարունակում է ապրել ու գիշերել փողոցում։ Մենք գիտենք, որ «կենդանի խնամել» ասվածը մեծամասամբ դիտարկվում է օրվա ընթացքում կեր լցնելով՝ հաճախ ոչ ճիշտ վայրերում, խնդիրներ առաջացնելով ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց համար (շենքի մուտքեր, խաղահրապարակներ, դպրոցների, մանկապարտեզների ու բժշկական հաստատությունների տարածքներ եւ այլն), որոշ դեպքերում էլ պարզապես նրանց համար, օրինակ, խաղահրապարակում տնակ դնելով կամ, որ ավելի վտանգավոր է, մարդկանց եւ կենդանիների համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բուժումը փողոցում իրականացնելու փորձերով։ Իհարկե, առանձնակի շնորհակալություն է պետք ասել բոլոր այն մարդկանց, ովքեր ցուցաբերում են բարձր պատասխանատվություն միջավայրի հանդեպ եւ անտուն կենդանիների խնամքը կազմակերպում են գրագետ (ստերջացում, պատվաստումներ եւ այլն) ու ամեն բան անում, որ այդ կենդանիներն օր առաջ չլինեն փողոցում։ Կացարանների կառուցումը չի ենթադրում թափառող շների մասսայական հավաք, որի մասին բազմիցս խոսել ենք, այլ նշանակում է հնարավորությունների մեծացում։
- Ձեր ղեկավարությամբ գործող ՀՈԱԿ-ը, հարյուրավոր կենդանասերների կարծիքով, հանրության համար բացարձակ անվերահսկելի կառույց է, անթափանց։ Ինչպե՞ս է ապահովվելու հանրային վերահսկողությունը նորաստեղծ կացարանի նկատմամբ։
- Ամեն անգամ որեւէ պետական կառույցի անվերահսկելի ասելիս պետք է մտքում թվարկել Հայաստանի Հանրապետությունում գործող ու վերահսկողական գործառույթ ունեցող բոլոր կառույցներին, որոնք համալրված են մասնագիտական կարողություններ ունեցող անձնակազմով եւ մշտապես իրականացնում են հսկողական գործառույթներ։ Տարբեր սոցցանցերում լավագույն ցանկություններ, կենդանիների հաշվին իրենց ու իրենց կազմակերպությունների գոյությունը քարշ տվող անձինք ու կազմակերպությունները չեն կարող հսկել որեւէ մասնագիտական կառույցի աշխատանքը՝ մի քանի պարզ պատճառով։ Նախ, հսկողական պատշաճ մեխանիզմների առկայության դեպքում շատերի գոյությունը ոլորտում խիստ կասկածի տակ է, եւ հույս ունեմ՝ օրենսդրական փոփոխությունները կբերեն նրան, որ շատերից ուղղակի հնարավոր կլինի փրկել կենդանիներին, եւ հետո՝ մասնագիտական կարողությունների բացակայության հիմքը, քանի որ միայն գեղեցիկ մեկնաբանություններ գրելը դեռ մասնագետ լինել չէ։ Ես կարծում եմ, որ կենդանիների խնդիրներով անհանգիստ անհատների ու կազմակերպությունների նպատակը պետք է լինի մեկ բան՝ լավարկել ոլորտը, խթանել ստերջացման ու պատվաստումների ծրագրերը, աջակցել անտուն կենդանիների որդեգրման գործընթացներին եւ մայրաքաղաքի պարագայում դա անել նաեւ համայնքային կառույցի հետ, ինչպես անում են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։ Եվ հենց նման համագործակցության շնորհիվ ենք նաեւ գրանցում դրական արդյունքներ։
- Ցանկալի է իմանալ նաեւ, թե որքան ժամանակ են շներն այդտեղ պահվելու, արդյո՞ք, չունենալով որդեգրողներ, վաղ թե ուշ քնեցվելու են։
- Կացարանում կենդանիների չորդեգրվելու դեպքում չեն քնեցվելու։ Սրա մասին կրկին բազմիցս խոսել ենք, եւ, ինչպես նշեցի, մենք առաջնային նախապատվություն ենք տալու այն կենդանիներին, որոնք փողոցում ապրել չեն կարող, կամ նրանց՝ փողոցում լինելը վտանգավոր է մարդկանց համար։ Պետք է նշեմ, որ կենդանիների անհիմն քնեցումը, ինչպիսին Դուք եք նշում, քրեորեն պատժելի արարք է բոլորի համար, դա կլինի համայնքային կառույցը, անհատը, թե հասարակական կազմակերպությունը։
- Ովքե՞ր են լինելու կացարանի բժիշկները, արդյո՞ք կատարվելու են ամենամյա պատվաստումներ ու ոչ միայն կատաղության, այլեւ՝ մյուս հիվանդությունների դեմ։
- Կազմակերպությունը համալրված է մասնագիտական բարձր որակներ ունեցող բժշկական անձնակազմով, ովքեր ամեն տարի հազարավոր շների ստերջացումներ են իրականացնում։ Պետք է նշել, որ որեւէ այլ բժշկական թիմ Հայաստանում տարեկան այդ ծավալի ստերջացման աշխատանքներ չի իրականացնում։ Իսկ իրականացված աշխատանքների որակը խոսում է նրանց մասնագիտական հմտությունների մասին։ Կացարանում պահվող շները ստանալու են անհրաժեշտ բոլոր պատվաստումները։ Անհրաժեշտ է նշել, որ հիմա էլ երկար ժամանակով կազմակերպությունում պահվող շները անհրաժեշտ բոլոր պատվաստումները ստանում են։
- Ի՞նչ սարքավորումներով է հագեցված լինելու անասնաբուժական ծառայությունը։
- Կազմակերպության անասնաբուժական կլինիկան տարիներ շարունակ համալրվել է եւ ըստ անհրաժեշտության համալրվում ու թարմացվում է այն բոլոր սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են կազմակերպության լիազորությունների շրջանակներում իրականացվելիք աշխատանքների համար։
- Ինչպե՞ս եք մտադիր հաղթահարել կենդանապաշտպան հանրության անվստահությունը Ձեր անձի նկատմամբ, իսկ այդ անվստահությունը մեծ է։
- Եթե հաղթահարել, ապա՝ միայն դժվարություններ ու փորձություններ, որոնք կբերեն նոր ու դրական փոփոխությունների՝ այս բարդ ու խնդրահարույց ոլորտում։ Երբեք չեմ մտածել ու չեմ մտածի վստահություն ձեռք բերել մարդկանց մոտ, որոնց գործունեությունն ինքնին անվստահելի է։ Այս ամենով հանդերձ, շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնց հետ փոխադարձ վստահության շնորհիվ բազմաթիվ դրական արդյունքներ ենք գրանցում՝ ի շահ անտուն կենդանիների։
- Մի քանի բառ՝ կենդանիների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի մասին նոր եւ աղմկահարույց օրենքի մասին: Այս օրենքում ոչ մի տեղ առանձնահատուկ նշում չկա այն մասին, որ կենդանիները չեն ենթարկվելու քնեցման՝ քանակի կարգավորման նպատակով։ Դուք՝ որպես ոլորտը ներկայացնող պետական ղեկավար, ի՞նչ իրավական հիմքով եք հավաստիացնում, որ կացարան տեղափոխված կենդանիները չեն քնեցվելու։ Ուզում ենք հստակ պատասխան․ ոչ թե անձնական կարծիք, այլ՝ օրենքով ամրագրված դրույթ։
- Օրենքն ուսումնասիրելուց կհանդիպեք քնեցման մասին սահմանումներին ու դեպքերին, ինչպես նաեւ՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կետերին, որոնցից բխում է, որ կամայականությամբ, առանց նշված դեպքերի կենդանիների քնեցումը քրեորեն պատժելի է։ Ուշադրություն դարձրեք նաեւ «Կենդանիների բռնելը՝ սպանելու նպատակով, արգելվում է» կետին։
- Օրինագծով հանրային վերահսկողությունը գրեթե բացակայում է։ Դուք ի՞նչ հիմքով եք պնդում, որ հնարավոր է ապահովել կենդանիների իրավունքները՝ առանց անկախ վերահսկողության։
- Օրենքում հանրային վերահսկողության մասին հոդված կա, ուստի չի բացակայում այդ մասը, իսկ մնացած մասին նախորդիվ արդեն պատասխանել եմ։
- Երեւանի ավագանին եւ քաղաքապետարանը դեռ տարիներ առաջ ընդունել են պատասխանատու վերաբերմունքի եւ կենդանիների պահման վերաբերյալ մի շարք նորմեր, սակայն դրանք խախտվում են ամենօրյա ռեժիմով։ Ինչո՞ւ որեւէ պաշտոնյա երբեք պատասխանատվության չի ենթարկվել դրա համար։
- Նշված որոշումը եւս լավարկելու կարիք ունի եւ ոլորտի մայր օրենքի ընդունումից հետո փոփոխության կենթարկվի, կսահմանվեն չափորոշիչներ, հստակ պայմաններ ու պատասխանատվության կետեր։
- Ձեր կենտրոնը գործում է 2018 թվականից։ Այդ ամբողջ ժամանակահատվածում չի իրականացվել համաքաղաքային կրթական ծրագիր, չի եղել մեդիա-արշավ պատասխանատու վարքագծի մասին, չեն անցկացվել զանգվածային դասընթացներ՝ համայնքապետարանների, ոստիկանության եւ քաղաքացիների համար, չի իրականացվել վարքագծային աշխատանքի կամ հանրային իրազեկման համակարգված գործընթաց։ Ինչո՞ւ է այս աշխատանքը լրիվ բաց թողնված, եթե հենց այդ դաշտն էական դեր ունի կենդանիների թվի նվազեցման, բախումների կանխման եւ բնակչության անվտանգության ապահովման գործում։
- Նախ պետք է նշեմ, որ կազմակերպությունը գործում է 2019 թվականից, եւ հետո՝ ենթադրում եմ, Դուք տեղյակ չեք իրականացվող բազմաթիվ ծրագրերից։ Կազմակերպությունն արդեն երեք տարի է՝ իրականացնում է համայնքային դպրոցներում «Շների հետ վարքի կանոնները» խորագրով կրթական արշավներ, որի ընթացքում բազմաթիվ երեխաներ ստանում են անհրաժեշտ գիտելիքներ՝ տանը, բակում կամ փողոցում շների հետ ճիշտ վարվելու եւ պատասխանատու լինելու վերաբերյալ։ Կազմակերպությունը պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում նաեւ Կենդանիների խնամքի կենտրոնի տարածքում, որտեղ երեխաները զբաղվում են շների հետ, խնամում նրանց եւ զուգահեռ ստանում ինֆորմացիա՝ ճիշտ վերաբերմունքի մասին։ Իրազեկման ու այլ արշավների վերաբերյալ Ձեր պնդումները եւս թերի են, քանի որ այդ ուղղությամբ եւս իրականացվել եւ իրականացվելու են աշխատանքներ։
- Կենդանիների կյանքը եւ մահը որոշելու լիազորություն ստանալու է մի համակարգ, որն անգամ Երեւանում չի ապահովել թափանցիկություն։ Ինչո՞ւ պետք է հասարակությունը վստահի այդ համակարգին՝ ողջ Հայաստանով մեկ։
- Նախ, անհասկանալի է՝ ինչ համակարգի մասին է խոսքը, քանի որ, որպես այդպիսին, չկա համակարգ։ Կա նոր ձեւավորվող մշակույթ, կա Երեւանի քաղաքապետարանի փորձ, որից փորձում են օգտվել այլ համայնքները, կամ իրենք են նախաձեռնում նմանօրինակ ծրագրեր։ Իսկ եթե խոսենք «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի մասին, ապա փողոցում կազմակերպության կողմից հազարավոր ստերջացված ու պատվաստված կենդանիները վկայում են կազմակերպության կատարած պատշաճ ու կենդանասիրական գործունեության մասին։ Չենք մոռանում նաեւ հարյուրավոր որդեգրված կենդանիներին ու այս տարիներին ձեւավորված մշակույթը կենդանիների հանդեպ, որում առանցքային դեր ունի հենց Երեւան համայնքը՝ իր կառույցով։
- Եթե օրենքը չի պարունակում հստակ երաշխիքներ կյանքի պահպանման, թափանցիկ վերահսկողության, ստերջացման առաջնահերթության, որպես կենդանիների թվի կարգավորման միակ միջոցի եւ համայնքային պատասխանատվության վերաբերյալ, ապա ի՞նչն է իրականում փոխվելու, բացի կենդանիներին բռնելու եւ փակ կառույցներում պահելու պրակտիկան ընդլայնելուց։
- Օրենքը պահանջում է այն, ինչ գրված է նախագծում, այլ ոչ այն, ինչ Դուք մեկնաբանում եք։ Իսկ օրենքն ուշադրության տակ է վերցնում բազմաթիվ ոլորտներ, որոնք պակաս կարեւոր չեն։ Կանոնակարգելու է բուծարանները, կացարանները, վաճառքով զբաղվողներին եւ, իհարկե՝ տանը կենդանի պահողներն։ Պետք է հստակ գիտակցել, որ թափառող կենդանիների խնդրի կարգավորումն այս բոլոր ճյուղերից է գալիս, եւ այն միայն մակերեսային՝ շուն կերակրելու կամ սոցցանցերում գրառումներ անելու ու դրա տակ բիզնես նպատակով կենդանիներին շահագործելու մասին չէ։
- Կարո՞ղ եք ասել՝ այս օրենքը կենդանիների կյանքն ավելի անվտանգ է դարձնում, թե՞ ընդհակառակը՝ ավելի խոցելի։ Ուզում ենք, որ Ձեր պատասխանը ոչ թե ցանկությունների, այլ իրավական պարտադիր դրույթների վրա հիմնված լինի։
- Օրենքը լավարկելու այս ոլորտը կանոնակարգելու է կենդանիների հետ գործ ունեցող անհատների ու կազմակերպությունների գործունեությունը։ Ուստի այն գալիս է՝ առաջնային կերպով օգնելու կենդանիներին, որոնք անպատասխանատու տերերի պատճառով հայտնվում են փողոցում, անմարդկային պայմաններում ու եղանակներով բուծվող կենդանիներին, խնամքի ու հոգատարության անվան տակ անհասկանալի շինություններում, վանդակներում պահվող կենդանիներին, եւ այսպես շարունակ։