Մշակույթ

Կյանքս ձեզ հետ անցավ

Կյանքս ձեզ հետ անցավ

Այսօր գրող, հրապարակախոս, «Գարուն» եւ «Անդին» ամսագրերի նախկին խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանի ծննդյան օրն է։ Շնորհավորում ենք հայտնի արձակագրին, բանաստեղծին՝ ծննդյան 77-ամյակի կապակցությամբ, եւ հրապարակում ենք նրա բանաստեղծություններից մեկը։

ԱՆԱՍՊԵՏ ԵՐԿԻՐ

Կյանքս ձեզ հետ անցավ` օրս անցավ անես,
Երբ թողեցի տունս հեռու Էրզրումում,
Եվ փառքի հին ճամփան` Երեւանաչտես,
Որը երեկ նույնիսկ Տերյանին էր հուզում:
Օ-, մոգական Չարենց, դու, որ Կարսն ես թողել,
Եվ Մեծարենց տղա Լուսամփոփահյուղակ,
Կյանքի մաշվող ծիրում ո՞վ է արյուն հեղել,
Որ ջրերին բացի տառապանքը ձեր փակ:
Եվ ո՞վ սուսեր առավ ու ձեր մեջքին կապեց,-
Հանուն հայոց փառքի` աշխարհներին ի տես,
Լռության ու խոսքի սահմանները չափեց,-
Երբ կյանքն անսեր անցավ, օրը անցավ անես…
Կյանքս անծես անցավ, ես մնացի ծեսում,-
Հանդգնեցի նույնիսկ Վարդանանցը հերքել,
Ես ինձ կաթիլ տեսա Խորենացու թասում,-
Եվ չուզեցի հայոց չեղած փառքը երգել:
Ես ինձ կաթիլ տեսա, բայց սրբազան թասում,-
Ձորերի մեջ տրտում, անառագաստ, անտեր,
Այնինչ բառը անդարձ քո անունն է խոսում,-
Եվ գիշերվա խորքում հռչակում է Քեզ տեր:
Դու իմ տերը հիմա, ես` փակ մհերադուռ,-
Մղձավանջը անվերջ, բարբառումը անել,
Մազերիդ մեջ ծաղիկ ու ձեռքերիդ մեջ նուռ,-
Իմ տեսիլքն է գուցե այդպես քեզ խաչքարել:
Թե Մոմիկը վարպետ, հանճարի տակ կքած,-
Գուցե Նարեկացին Աստծո ընդդիմախոս,
Ձեռքերիդ մեջ խաղող ու մազերդ ծաղկած,-
Դեպի ո՞ւր ես գնում հավերժ Եփրատահոս:
Այդպես ո՞ւր ես գնում՝ քեզ լեռներում թողած,
Որտեղ ձյունը` ճերմակ, ստահոտը` տիրող,
Պատմությունդ` մշուշ ու սահմաններդ` բաց,-
Ամեն հեռացողդ` մի թաս հայրենահող:
Այնինչ ոչ ոք սիրո մի բուռ հող չբերեց,
Որ սփռեր ի տես Արարատի փեշին.
Գնացողին այլոց ծիածանը գերեց,
Մնացողը` պահակ շիրիմներին քո հին:
Կյանքս ձեզ հետ անցավ, ես մնացի մենակ,-
Ոտաբոբիկ կանգնած Մասիսների դիմաց.
Ես անառակ որդիդ` մեղա, լեռ իմ, մեղա,
Երբ շներն են հաչում անվերջ անաղուհաց:
Իսկ դու խոնարհ կանգնած աստվածզգյաց, ճերմակ,
Հայացքիդ մեջ կապույտ անսահմանը ծովի,-
Անմահ հայոց վկա որպես ասպետ միակ,
Հուշարձանն ես անհաս հայրենական ցավի:
Եվ ո՞վ պիտի այսօր անվախ ելնի ոտքի,
Մաքրագործող ջրով, ա՛զգ իմ, հոգիդ ցայի՛,
Առաջնորդը դառնա ասպետական փառքիդ,-
Փրկի թագն արքայի Հավերժական Հայի:

Մերուժան Տեր-Գուլանյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image