Կառավարության ղեկավարը հակասական ու վիճելի թեզեր առաջ քաշելու մեծ վարպետ է. Շուշին մեզ պետք չէր, որովհետեւ դժբախտ էր ու դժգույն, եւ անցյալ դարում բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներ էին` ի՞նչ տարբերություն Շուշին կտայինք Ադրբեջանին, թե՞ Շուշիում ադրբեջանցիներ կապրեին: Արցախը տվեցինք, որովհետեւ բանակցային գործընթացը վերաբերել է այն Ադրբեջանին վերադարձնելուն` երբեք չի քննարկվել Արցախի անկախացման հարցը: Կիրանցից հող տալն ու սպիտակ սյուներ տնկելը մեր հաղթանակն է` անվտանգության երաշխիքը: Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ թե պատմական արդարություն հաստատելու, ցեղասպանությունների կրկնությունը բացառելու համար էր, այլ` օտար պետությունների կողմից մեր վզին փաթաթված: 2020 թվականի պարտությունը ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություններ է բացել մեր առջեւ:
Այս եւ այլ հայտարարություններ, անշուշտ, դրանք անողի հոգեկան առողջության համար մտահոգվելու լուրջ առիթ են, բայց ավելի մտահոգիչ է այն, որ նման հայտարարություններ անում է մի մարդ, որի ձեռքում է այս բարդ փուլում մեր պետության ղեկը, որը կարեւոր որոշումներ կայացնելու իրավունքով է այս պահին օժտված, եւ մենք` որպես հասարակություն, բացարձակապես ոչ մի լծակ չունենք՝ այդ որոշումների վրա ազդելու համար: Իսկ նրա նեղ շրջապատը, որն ունի որոշ հնարավորություն եւ լծակներ` չունի ցանկություն դա անելու: Վաշինգտոնյան հանդիպմանը մի ուշագրավ միտք էլ է հայտնել երկրի ղեկին նստած անձը: Ասել է` մենք ուզում ենք, որ Հայաստանում մարդն ապրի սովորական կյանքով՝ առավոտը վեր կենա, մի բաժակ սուրճ խմի, նորմալ տրանսպորտ լինի, գնա գործի, հետ գա տուն, տարին մի անգամ գնա հանգստանալու:
Բայց մենք հենց նման կյանքով էլ ապրում էինք մինչեւ 2018 թվականը: