Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում, քանի որ կարծում է՝ «Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից»։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱԳ նախարար Գեդեոն Սաարի ներկայացրած նախագծին։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն այնքան է սարսափում Ադրբեջանից եւ Թուրքիայից, որ անգամ «շնորհակալություն» բառն է վախենում արտաբերել` ուղղված Իսրայելին: Հետաքրքիր է` այսքանից հետո ՔՊ-ական ռեժիմը շարունակելո՞ւ է խոսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից:
Քաղաքագետ, գրականագետ Անուշ Սեդրակյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Փաշինյանի վախվորած հայտարարության մասին, նկատում է. «Նախ՝ սկսենք նրանից, որ «զենքայնացում» բառ հայերենում չկա, Փաշինյանը, հավանաբար, Weaponize հասկացության մասին էր խոսում, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է` վերածել զենքի, բայց ո՛չ զենքայնացնել: Նիկոլ Փաշինյանն Իսրայելին չի արձագանքում մեկ պարզ պատճառով՝ իրեն իշխանության են բերել ցեղասպանության հարցը փակելու օրակարգով: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երբեք չէր գա իշխանության, եթե չլիներ ռուս-թուրքական դաշինքի պայմանավորվածությունը, առ այն, որ Փաշինյանը պետք է կատարի որոշակի կետեր ռուսական կողմի համաձայնությամբ, որոշակի կետեր` թուրքական կողմի համաձայնությամբ: Հիմա, ինչպես տեսնում ենք, այս մարդը ռուսական կողմի հանձնարարությունները ճշգրիտ կերպով չի կատարում, սակայն թուրքական կողմի պատվերները, որոնց մեջ ներառված են ցեղասպանության ուրացումը, Արցախի էթնիկ զտումը, Արցախի հարցի փակումը, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը, հայ ժողովրդին սպառող, բութ կերպար դարձնելը, եւ այսպես շարունակ, փայլուն ձեւով կատարում է: Նիկոլ Փաշինյանն իշխանության է բերվել թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացման համար: Եթե ես, օրինակ, իմ ֆեյսբուքյան էջում «Արեւմտյան Ադրբեջանի» մասին նյութ եմ տեղադրում, իմ էջում հայտնվում են տարբեր ՔՊ-ական բլոգերներ, ովքեր գրում են` «եւ այս կինը դասախոս է»: Ամբիոնի վարիչից անցանք, հիմա իմ դասախոս լինելն է նրանց թիրախում, բայց, այո, դասախոսները կոլաբորացիոնիստական բոլոր ռեժիմներում հարվածի տակ են հայտնվում: Ընդհանուր առմամբ, այսպես է` առաջին հարվածի տակ հայտնվում են ազգային գործիչները, երկրորդ հարվածի տակ` հոգեւորականները, իսկ երրորդ հարվածի տակ հայտնվում են մտավորականները: Նույն բանը եղավ այն ժամանակ, երբ բոլշեւիկները մտան Ռուսաստան, նույնը եղավ, երբ նացիստները մտան Լեհաստան եւ Ֆրանսիա եւ նույն բանն այսօր տեղի է ունենում Հայաստանում: Մենք գտնվում ենք կոլաբորացիոնիստների ավտորիտար ճնշման տակ»:
Բայց եթե Հայաստանը լիներ իրապես ինքնիշխան պետություն, եւ ռեժիմն առաջնորդվեր իր պետության շահով, ի՞նչ արձագանք պետք է տար Իսրայելին` ցեղասպանության ճանաչման համար։ «Ես կասկածում եմ, որ արձագանքը կլիներ շատ բուռն, ինչպես, օրինակ, ժամանակին Ֆրանսիայի դեպքում եղավ, բայց հավատացնում եմ, որ Իսրայելի ճանաչումն ամենաարժեքավորն է համեմատության մեջ: Ոչ մեկի ներդրումը ես չեմ նվազեցնում, սակայն Իսրայելն այնքան մենաշնորհային է ցեղասպանության ճանաչման հարցում, այնքան է ինքն իրենով ուզուրպացրել այս հարցը, որ անգամ ԱՄՆ նախագահի խորհրդականը խոսում է այն մասին, որ Թուրքիան Իսրայելի համար ամենաէքզիստենցիալ վտանգն է ներկայացնում, եւ վերլուծության հեղինակը զարմանք է հայտնել, թե ինչու է Իրանը հայտնվել Իսրայելի թիրախում, այլ ոչ թե Թուրքիան»: