ՀՀ Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Ցանցի անունը նշված չէ: Ըստ ՔԿ-ի՝ քննչական գործողությունների արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն 510 հզր 954 ՀՀ դրամի վնասը:
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ ընկերությունը, որը խուսափել է հարկեր վճարելուց «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն է, որը ներկայացնում է Vesta տեխնիկայի վաճառասրահները։
Հիշեցնենք, որ «Փրիթի Ուեյ» ընկերությունը տարիներ առաջ հայտնվել էր սկանդալում, մամուլը գրել էր, որ 3 կառույց` Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն եւ Հակակոռուպցիոն կոմիտեն, տեսանկարահանող սարքեր ձեռք բերելու համար մրցույթ էին հայտարարել: Քննչական կոմիտեի մրցույթի առաջին փուլին մասնակցել է 5 կազմակերպություն, երկրորդ փուլին մասնակցել է միայն մեկը՝ «Փրիթի Ուեյ» ընկերությունը: Ավելին՝ երկրորդ փուլին մասնակցող ընկերությունը պետք է մատակարարեր նշված կառույցների պահանջներին համապատասխան տեխնիկա։ Մրցույթը հայտարարվել է, գործարքը կատարվել, եւ գումարը փոխանցվել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նման չափորոշիչներով եւ պահանջված մոդելի տեսախցիկներ պարզապես չկան։