Քաղաքականություն

Ինչ ակնկալել Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից

Ինչ ակնկալել Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից

Ադրբեջանում ընթանում է նախընտրական քարոզարշավ։ Աշնան սկզբին այդ երկրում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինեն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկիրը կառավարման ձեւով նախագահական հանրապետություն է, եւ, բացի այդ, իշխող վարչակարգը հաստատել է այնպիսի կարգեր, որտեղ խորհրդարանին հատկացված է միայն «դակիչի» դերը, դժվար թե այս ընտրություններն ինչ-որ բան փոխեն ներադրբեջանական իրականության մեջ կամ քաղաքական կյանքում։ Սակայն, այդուհանդերձ, մի քանի կարեւոր արձանագրումներ կարելի է կատարել՝ հաշվի առնելով թեմայի առնչությամբ մի շարք փորձագետների արտահայտած տեսակետները։

Նախեւառաջ ուշագրավ է այն, որ հերթական ընտրություններից մի քանի ամիս առաջ որոշվեց անցկացնել արտահերթ ընտրություններ։ Ըստ ադրբեջանական օրենսդրության, հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային այս տարվա վերջին եռամսյակին՝ նոյեմբերին։ Սակայն խորհրդարանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ դրանք անցկացնելու աշնան սկզբին՝ սեպտեմբերին։ Թերեւս, սա COP 29-ով էր պայմանավորված, որը նոյեմբերին է կայանալու, եւ որին Ադրբեջանը մեծ թափով պատրաստվում է: Իհարկե, նման նախաձեռնությունը չէր կարող նույնիսկ խորհրդարանի օրակարգ ներկայացվել՝ առանց նախագահ Իլհամ Ալիեւի թույլտվության։ Հնարավոր է նաեւ, որ Իլհամ Ալիեւն ինքն է ցուցում տվել դրա համար, եթե նկատի ունենանք, որ վերջինիս քաղաքական հենարան համարվող ուժից է գալիս նախաձեռնությունը։

Նախորդ ընտրություններն էլ էին Ադրբեջանում արտահերթ, որոնք տեղի ունեցան չորս տարի առաջ։ Պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ այս տարվա նոյեմբերին Բաքվում անցկացվելու է հեղինակավոր միջազգային գագաթնաժողով` կլիմայական օրակարգով, եւ հերթական խորհրդարանական ընտրությունները կարող էին որոշակի անհարմարություններ առաջացնել, եթե այդ գագաթնաժողովի հետ համատեղվեին ժամանակագրորեն։ Սակայն կա նաեւ այլ հարց։ Այս ընտրությունները վերջին երեսուն տարիներին լինելու են առաջինը, որ անցկացվելու են նաեւ Լեռնային Ղարաբաղում։ Արդեն հայտնի է, որ, օրինակ, գրավյալ Շուշիից պատգամավոր է ցանկանում դառնալ հայտնի Փոլադ Բյուլբյուլօղլին` ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպանը։ Սա նշանակում է, որ արտահերթ ընտրություններով ԼՂ-ն, մինչեւ կայանալիք գագաթնաժողովը, այսպես ասած, օրենսդրական մարմնի մակարդակում էլ ինտեգրված կլինի Ադրբեջանին։ Մյուս կողմից, դա էլ կնշանակի, որ քաղաքական այն օրակարգը, որն Ադրբեջանում եղել է անցյալ երեսնամյակին, ինչպես նկատում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, լիովին սպառված է։ Ալիեւի համար, որքան էլ այն լինի զուտ սիմվոլիկ իմաստ ու նշանակություն ունեցող հարց, սակայն, ըստ ամենայնի, կարեւոր է, որ Ադրբեջանի խորհրդարանում ունենա նաեւ ԼՂ-ն ներկայացնող պատգամավորներ եւ այդ «ֆորմատով» իր երկիրը ներկայացնի միջազգային հարթակներում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image