Արդարադատության նախարարությունը մի շարք օրենքներում կատարած փոփոխություններով փորձում է դատարաններին վերապահված լիազորությունները տալ նոտարներին, իբրեւ թե դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու նպատակով։ Ըստ նախարարության կատարած փոփոխությունների՝ այսուհետ վարկային եւ բանկային կազմակերպությունները, կոմունալ ծառայություն մատուցողները եթե գտնում են, որ իրենց հանդեպ ունեցած դրամական պարտավորությունը քաղաքացին չի կատարել, դիմելու են ոչ թե դատարան, այլ՝ նոտարին, որն էլ իր հերթին դիմելու է Հարկադիր կատարման ծառայություն՝ գումարը բռնագանձելու համար։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նման՝ փոքր գումարներով դատական վեճերն արդարադատություն չի համարում, հետեւաբար՝ պատրաստ է այդ լիազորությունը տալ նոտարներին․
«Թվով 7 նախագծերով, մեկ հարվածով ուզում ենք բեռնաթափել դատարանները, փոփոխության ենք ենթարկում քաղաքացիական օրենսգիրքը, քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության, պետական տուրքի, ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին, հարկադիր կատարման եւ նոտարիատի մասին օրենքները։ Փորձը ցույց է տվել եւ ուսումնասիրությունները, որոնք իրականացվել են 2020-2022 թվականների ընթացքում, ընդհանուր իրավասության քաղհայցերով 441 հազար հայցադիմում է ներկայացվել, որից 395 հազարը փոքր բռնագանձման գործեր են։ Այսինքն՝ ստացվում է, որ մեր դատարանների գրեթե 90 տոկոսը ծանրաբեռնված է գործերով, որոնք, ըստ էության, իրենցից արդարադատություն չեն ներկայացնում, այլ գրավոր գործարքի հիման վրա կողմերի միջեւ վեճը դատավորն ուղղակի վերցնում է, պայմանագիրը նայում է եւ հաստատում, եւ որպես ապացույց, թե ինչով է կարեւոր այս փոփոխությունը․ այդ գործերի 95 տոկոսը չի էլ բողոքարկվում, այսինքն՝ քաղաքացիներն ի սկզբանե համաձայն են, գիտեն, որ պարտք կա եւ այլն։ Մենք այս փոփոխությամբ բեռնաթափում ենք դատարանները 80 տոկոսով, եւ այսուհետ բանկերը, վարկային կազմակերպությունները եւ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները չեն կարողանալու գնալ դատարան, գնալու են նոտարի մոտ, նոտարը հաստատելու է, այնուհետեւ թվային գործիքներով ուղարկելու է հարկադիր կատարման ծառայություն, բայց նաեւ հնարավորություն ենք ստեղծել մեր քաղաքացիներին՝ բողոքարկել այն գործերը, որտեղ նոտարը կա՛մ սխալ կհաշվարկի տոկոսը, կա՛մ ընդհանրապես չի պատկերացնի, որ իրեն ընդդատյա գործ չէ, այդ դեպքերում հնարավորություն է ստեղծվում բողոքարկել»,- անցած շաբաթ տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարել էր Գրիգոր Մինասյանը։
Թեմայի առնչությամբ զրուցեցինք փաստաբան, փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մարինե Ֆարմանյանի հետ։
«Մենք դատավորների թվաքանակի խնդիր ունենք, նախ՝ լավ կլիներ, որ դատավորների թվաքանակը լրացվեր, եւ դատավորների ծանրաբեռնվածությունը փորձեին այդպես լուծել, բայց, ըստ իրենց մեկնաբանությունների, հիմա այդքան դրամական միջոցներ չկան։ Այո, որոշակի գործեր մինչ այժմ էլ վերապահվել են նոտարներին, ուղղակի դրամային պարտավորությունների հարցերով վճարման կարգադրությունների պարագայում լինում են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները նշել են, որ չեն իմացել, որ իրենց նկատմամբ դատական ակտեր են կայացվել, եւ իրենք հիմա գտնվում են կա՛մ հարկադիր սնանկության պրոցեսում, կա՛մ իրենց վերաբերյալ դատական ակտերի մասին տեղյակ չլինելով՝ այդ ակտերը դարձել են անվիճարկելի եւ միանգամից գնացել են հարկադիր կատարման։ Իրականում վիճահարույց հարց է, մի կողմից՝ մեծ ինստիտուցիոնալ խնդիր պիտի լուծվի, դատարանների ծանրաբեռնվածության որոշ չափով թոթափման խնդիր պիտի լուծվի, մյուս կողմից էլ քաղաքացիների արդար դատաքննության իրավունքի, դատարանների առջեւ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հիմնարար իրավունքի հետ գործ ունենք։ Եթե կարողանան այնպիսի մեխանիզմ մշակել, որով հնարավոր լինի քաղաքացու գործը սպառիչ կերպով քննության ենթարկել նոտարի կողմից, գուցեեւ ինչ-որ առումով աշխատի, բայց ես դժվար եմ պատկերացնում, քանի որ այդ գործառույթը նույնիսկ դատարանը չէր կարողանում այնպես կատարել, որ քաղաքացիների մոտ գոնե իրազեկվածությունը պատշաճ լիներ։ Երեւի գնում են այն ճանապարհով, որ եթե քաղաքացին ունի պարտավորություններ եւ գիտի իր դրամային պարտավորությունների մասին, ապա դրա հետ կապված՝ պիտի հետամուտ լինի։ Այո, դատարանների ծանրաբեռնվածությունը պիտի թոթափվի, բայց ինչքանո՞վ դա հնարավոր կլինի նոտարական գրասենյակների միջոցով իրականացնել, դա ապագայի հարց է, եւ ես չեմ կարծում, որ հիմա նոտարական պալատը, նոտարներն ամբողջությամբ պատրաստ են, կարող են այդ գործերը պատշաճ քննել»,- ասաց Ֆարմանյանը։
Փաստաբանի խոսքով՝ մեկ այլ խնդիր եւս կա, ի՞նչ է լինելու, եթե նոտարը հրաժարվի կոնկրետ իրավահարաբերության մեջ մտնել։ «Իմ տպավորությամբ՝ նոտարների թիվը չեն ավելացնելու, այլ պարտավորություններն են ավելացնելու։ Իհարկե, նոտարներն իրենք են որոշում՝ այդ գործն անե՞լ, թե՞ չանել, այդտեղ էլ է խնդիր առաջանում։ Եթե նոտարն ասաց, որ չի անում, այդ իրավահարաբերության մեջ չի մտնում․․․, կան բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները գնում են նոտարի մոտ եւ ինչ-ինչ խրթին իրավաբանական պատճառաբանություններով քաղաքացուն ճանապարհում են, այսինքն՝ նոտարին չեն կարող պարտադրել, որ արդարադատություն իրականացնի, ենթադրենք՝ նոտարը որոշեց, որ դա խրթին պահ է, եւ չարեց․․․։ Այսինքն՝ նոտարին սարքում են ատյան, արդարադատության իրականացման որոշակի լիազորություններով են օժտում։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե դա ինչպես պետք է իրագործվի։ Իհարկե, կան գրագետ նոտարներ, որոնք չեն վախենում, երբ իրավաբանական փաստի հաստատումներ են լինում, արագ-արագ հաստատում են, լավ, գրագետ վկաներ են հարցաքննում։ Վերջերս նոտարական ակտեր եմ տեսել, որ ինձ շատ են դուր եկել, բայց դա համատարած չէ, բոլորը չէ, որ կարողանում են դա անել»,- ասաց Ֆարմանյանը։
Հարցին, թե տարօրինակ չէ՞, երբ, մի կողմից, խոսում են դատարանների ծանրաբեռնվածության եւ դա թոթափելու անհրաժեշտության մասին, իսկ մյուս կողմից էլ հմուտ եւ բազմափորձ դատավորների լիազորություններն են դադարեցնում՝ նրանց վարույթներում եղած գործերը թողնելով այլ դատավորների վրա՝ նրանց էլ ավելի ծանրաբեռնելով։ «Դա արդեն առանձին շերտ ողբերգություն է դատական համակարգում։ ԲԴԽ կարգապահական վարույթների տրամաբանությունը ես չեմ հասկանում, կոնկրետ հետապնդման են ենթարկվում այնպիսի դատավորներ, որոնք առանձնանում են, օբյեկտիվ, անաչառ կեցվածք ունեն։ Ինչ վերաբերում է քաղաքացիական գործերով դատավորներին, ապա նրանք էլ լավ վիճակում չեն, ես շատ զարմացած եմ, օրինակ, Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթով․ ինչպե՞ս կարելի է նման պրոֆեսիոնալ դատավորին, որ այդ որակի արդարադատություն է իրականացնում, ում դատական ակտերը կարդալով միայն այդպիսի կարծիք կարելի է կազմել, եւ այդ ծանրաբեռնվածության պայմաններում մարդուն գցել նման վիճակի մեջ։ Երբ նայում եմ կարգապահական վարույթներն ու դրանց քննության ընթացքը, ես այդտեղ իրավական տրամաբանություն չեմ տեսնում, այդտեղ բացառապես քաղաքական մահակ է աշխատում»։