«Իրականում, ինձ մոտ հստակ տպավորություն է, որ այսպես կոչված «միջազգային հանրությունը» հանգել է մի ընդհանուր հայտարարի՝ Հայաստանի և Արցախի քաղաքական վախճանի մասով։ Եթե նկատել եք, ապա գրեթե բոլորը աշխարհաքաղաքական կենտրոնները ձևավորում են իրենց տարածաշրջանային քաղաքականությունը՝ այն տրամաբանության ներքո, որ Հայաստանը հնազանդ կատարելու է, այսինքն՝ հանձնելու է թշնամու տիրապետության տակ Հայաստանի ստրատեգիկ տարածքները վերահսկող հանգույցները (ՀՀ ինքնիշխան որոշ տարածքները) և արագացնելու է Արցախի քաղաքական ապամոնտաժման գործընթացը»,-այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Արման Աբովյանը։
Վերջինիս խոսքով, աշխարհաքաղաքական կենտրոնները շատ լավ հասկանում են, որ ՀՀ ներկայիս իշխանության իբր «խաղաղության օրակարգը» հայերի համար փաստացի հանդիսանում է պետական և ազգային ինքնասպանության օրակարգ։
«Սակայն կրկին ստիպված եմ կրկնել, որ չի կարելի մեղադրել ռուսներին, ամերիկացիներին, եվրոպացիներին, իրանցիներին և այլոց, քանզի իրենք շարժվում են հետևալ տրամաբանությամբ՝ որ եթե հայերը որոշել են ապամոնտաժել իրենց երկիրը և փաստացի գնալ դեպի ազգային ինքնասպանություն, ապա «միջազգային հանրությունը» ստիպված կլինի կառուցել իր քաղաքականությունը՝ ելնելով հայերի կողմից ընդունված որոշումներից։ Ամեն պետություն և ազգ ինքն է պաշտպանում իր շահերը, և եթե հայերը հրաժարվում են դա անել, ապա ոչ ոք «դարդ» չի անի, այլ պարզապես կօգտվի ստեղծված իրավիճակից։ Սա «real politic»- ի հիմնարար սկզբունքն է»,- ասաց Արման Աբովյանը։