Այլ

Իսկ այսօր մեր իշխանությու՛նն է Զեյնաբ լսում, Ադրբեջանը զինվում ․․․

Իսկ այսօր մեր իշխանությու՛նն է Զեյնաբ լսում, Ադրբեջանը զինվում ․․․

Կենտրոնացել եք Ռիչարդ Մադլենյանի՝ «Զեյնաբ էինք լսում, ամուսնանում իրար հետ, ո՞նց թշնամացանք» արտահայտության վրա, բաց թողնելով խորքայինը։ Տեսեք իրականում ինչ է դրա  մտքինը․ «Ինչ է, մեր ճակատին գրած է, որ ամբողջ կյանքում պետք է ռուսի վասա՞լը լինենք, և մեր կյանքը աղետալի հետևանքներ ունենա: Մեզ միշտ վերաբերվել են որպես երկրորդ սորտի մարդկանց: Ինչ էր մնում. փոխենք մեր խաղաքարտերը և փորձենք համագործակցել մյուս գերտերության հետ և նրա հովանավորությամբ խաղաղության պայմանագիր կնքենք»։ Որո՞նք են մյուս գերտերությունները։ Ցեղասպանություն իրականացրած Թուրքիա՞ն՝ գրպանում պահած Ադրբեջանի հե՞տ, թե՞ Հայաստանի անվանումն անգամ չիմացող Ամերիկան։ 

«Զեյնաբ էինք լսում, ամուսնանում իրար հետ, ո՞նց թշնամացանք»- հնչում է այնպես, կարծես միջազգային հարաբերությունները ղեկավարում է մշակույթի նախարարությունը, իսկ սահմանները պահում է DJ-ը՝ սիրում եմ-չեմ սիրում մեխանիկայով։ Հիտլերն էլ շան սիրահար էր, բայց դա չխանգարեց նրան ցեղասպանություն անել։ Երգով խաղաղությու՞ն… բա եկեք մի օր էլ «Երևան City»-ում համերգ տանք, գուցե Շուշին, Արցախը  վերադառնա։ Մենք մխիթարվում ենք անհատական հիշողություններով, մինչդեռ մեր շուրջը գործում են պետական մեքենաներ՝ տնտեսական լծակներով, ռազմական բյուջեներով, տեղեկատվական պատերազմով ու ինտեգրացիոն նախագծերով։ Երգահանին հիշեցնեմ․ ցեղասպանությունները սովորաբար  նվագախմբով չեն սկսվում։ Մենք թշնամացանք, որովհետև նրանք որոշեցին, որ մեր գոյությունը խանգարում է իրենց «դարավոր երազանքին»։

Զեյնաբը մեղավոր չէ, բայց նահատակված զինվորներին դժվար սփոփես նրա հիթերով։ «Զեյնաբով խաղաղություն» ասվածը նույնն է, ինչ հրդեհը մարել սփրեյով, որի վրա գրված է «հույս»։ Խաղաղություն պետք է, բայց ոչ այդքան ռոմանտիկացված ձևով։ Պետք է կարողանաս տարբերել երգն ու քաղաքականությունը։ Իսկ քաղաքականությունը սիրային երգերով չի լուծվում, այլ ուժով, անվտանգությամբ և իրականությամբ։ Վտանգն այն է, որ մեր իշխանությունն այսօր Զեյնաբ է երգում, մինչդեռ Ադրբեջանը Բայրաքթար էր հավաքում,  զինվում։ Այսօր մեր իշխանությունն է Զեյնաբ է լսում ու հանձնում մեր տարածքները։  Ճիշտ հիշեցում է՝ Զեյնաբ էինք լսում, բայց մեր սահմանները պահում էինք անվտանգ։ Մեր պաշտպանության փայտը երբեք ձեռքներիցս չէինք գցում։ Որպեսզի Զեյնաբով խաղաղություն լինի, Ալիևը պիտի ղեկավարի  ֆիլհարմոնիան, ոչ թե բանակը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image