Աշխարհասփյուռ հայության համար այս տարին ևս կորստաբեր եղավ՝ առաջին հերթին Արցախի հայաթափման և Հայաստանին պատուհասած անվտանգային աղետների առումով։ Հայոց ճակատագրի բերումով օտար ափերում հանգրվանած մեր հայրենակիցները՝ հատկապես մամուլի ներկայացուցիչները գիշուրուտիվ հետևել ու լուսաբանել են համահայկական օրակարգի կարևոր հարցերը, հանդես եկել կարևոր առաջարկություններով ու նախաձեռնություններով՝ անշեջ պահելով Հայ դատի պայքարի կրակը՝ հույսով ու հավատով առլեցուն։
Սփյուռքի հայկական պարբերականների գլխավոր խմբագիրները «Հրապարակ»-ի միջոցով հայ ժողովրդին են փոխանցել իրենց Ամանորյա մաղթանքները։
Արտյոմ Չեռնամորյան («Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր)
Սիրելի հայրենակիցներ,
2022 թվականը չափազանց ծանր ու ճակատագրական էր հայ ժողովրդի համար:
Արցախի շարունակվող շրջափակման ու սովամահության պայմաններում եթնիկ զտումներ ու Արցախի տարածքի օկուպացիա տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից Ռուսաստանի աջակցության ու դիտավորյալ թողտվության պայմաններում: Արդյունքում ավելի քան 120 հազար տարհանված Արցախահայեր տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետություն: Այժմ Հայաստանը լուրջ մարտահրավերների շեմին է:
Ծանր պատերազմական տարի էր 2023 նաև իսրայելահայերի համար: Մայիսին երկրի տարածքը գտնվում էր ավելի քան մեկ տարի հրթիռահարումների թիրախում, իսկ հոկտեմբերի 7-ին Համասի գրոհայինների ավելի քան մեկ տասնյակ բնակավայրերի վրա հարձակումներն ու հարյուրավոր մարդկանց գերևարումները նոր պատերազմ բերեցին տարածաշրջան: Արդյունքում 20,000- իվելի զոհ կա այս պահին պաղեստինցիների և ավելի քան 430 հրեաների շրջանում: Պատերազմը շարունակվում է ու դեռ պարզ չէ թե երբ է ավարտվելու: Դժբախտաբար մեկ զոհ ունի նաև հայկական համայնքը: Ծանր մարտահրավերների ու հողերի կորստյան վտանգի առջև է այժմ Երուսաղեմի հայկական համայնքն ու ողջ հայ ժողովուրդը:
Սիրելի հայրենակիցներ, Սփյուռքում ու Հայաստանում բնակվող սիրելի ժողովուրդ,
Վիշապի տարին նոր մարտահրավերներ է խոստանում ու այսօր առավել քան երբևէ պետք է մեր ազգը վերջապես սկսի համախմբվել: Նման տարեթիվ էր 1988 թվականը, Արցախյան շարժում ու հայերի կոտորածներ Ադրբեջանում, սարսափելի երկրաշարժ, որն ավիրեց Հայաստանի հյուսիսն ու տասնյակ հազարավոր զոհեր ունեցանք: Արդյունքում համախմբման պատճառով ոչ միայն անկախություն ձեռք բերեցինք, այլև Արցախն անկախացավ ու տարածաշրջանում ամենաուժեղ բանակն ունեցանք: Հայկական ու Արցախյան բոլոր իշխանությունների տասնամյակներ տևած սխալ արտաքին ու ներքին քաղաքականության, սխալ կողմնորոշումների ու վախկոտ քաղաքականության պատճառով միայն հողային ու մարդկային կորուստներ ենք ունենում:
Ժամանակն է շտկել մեջքն ու իրոք խոսուն քայլեր ձեռնարկել մեր ժողովրդավարական, ազատ, անկախ ու ամուր Հայաստանի Հանրապետությունը կառուցելու ու Արցախի Հանրապետություն վերադառնալու և այն վերակառուցելու համար:
Թող Աստծո կամքով ու Սուրբ խաչի օգնությամբ տարին համախմբման, միասնության ու նոր մարտահրավերներին դիմակայելու տարի լինի ու ի վերջո խաղաղություն հաստատվի Հայաստանում, Մերձավոր Արևելքում և ՈՒկրաինայում:
Աստված մեզ պահապան, շնորհավոր Ամանոր ու Սուրբ ծնունդ:
Հակոբ Ասատրյան («Օրեր» համաեվրոպական ամսագրի (Չեխիա) գլխավոր խմբագիր)
Տարեմուտի շեմին մաղթում եմ, որ այս տարվա վայրիվերումներն այլեւս չկրկնվեն եւ Նոր տարին համայն հայությանը բերի ոչ միայն իր ուժերը վերագնահատելու կարողություն, այլեւ Հայրենիքը զորացնելու հաստատակամություն եւ հարատեւ խաղաղություն։ Մինչեւ Հայաստանի ժողովուրդն ամբողջությամբ չգիտակցի, թե ինչ կատարվեց Արցախում, թե ինչ ողբերգական վիճակի մեջ են գտնվում արցախահայերը, դասեր չքաղի կատարվածից, մեր երկրում ոչինչ չի փոխվի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի դուրս գանք հիպնոսացման ու անտարբերության թմբիրից եւ տեր կանգնենք մեր երկրին ու նրա ապագային։ Մաղթում եմ առողջություն, երջանիկ օրեր եւ բարեկեցություն յուրաքանչյուր հայ ընտանիքի, հայրենանպաստ ու նվիրյալ աշխատանք՝ Հայաստանի ու Սփյուռքի բոլոր առաջնորդներին։