Քաղաքականություն

Եվս մի արարք կքրեականացվի

Եվս մի արարք կքրեականացվի

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տրված հանձնարարություններ պարունակող որոշումը, քանդման մասին վարչական ակտը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը չկատարելը։ Այսինքն՝ եթե քաղաքապետարանը վարչական ակտ կայացնի, որ պետք է սրճարանը քանդել, եւ տնտեսվարողն այն չքանդի, ապա քրեական պատասխանատվության կենթարկվի, կամ, ասենք, ՄՊՀ-ն տնտեսվարողին որեւէ հանձնարարություն տա, եւ եթե այդ հանձնարարությունը չկատարվի, ապա տնտեսվարողը ոչ թե կտուգանվի, այլ կհարուցվի քրեական գործ, կլինեն կալանավորված անձինք, որոշ մարդիկ էլ գուցե ազատազրկվեն, ի դեպ, այս արարքի համար նախատեսվում է հետեւյալ պատժատեսակները․ տուգանք՝ հնգապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ առավելագույնը 80 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակում` 6 ամիս ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանին հարցրինք, թե ինչ դիրքորոշում ունի այս արարքի քրեականացման վերաբերյալ, ներկայումս այն վարչական իրավախախտում է համարվում։

«Նախագծով քրեականացվում մի արարք, որի համար օրենսդիրը վարչական պատասխանատվություն է սահմանում: Եթե հիշենք Քննչական կոմիտեի օրենսդրական նախաձեռնության հիմնավորումը՝ ծանրաբեռնվածության պատրվակով գործուն զղջման ինստիտուտի ընդլայնման վերաբերյալ, ապա այս նախաձեռնությունը պետք է լրացուցիչ հիմնավորվի առնվազն այն առումով, որ քրեական պատասխանատվություն պետք է սահմանվի, եթե, օրինակ, անձն արդեն իսկ վարչական պատասխանատվության ենթարկված է եղել նույն հարցի կապակցությամբ: Հնարավոր է նաեւ խստացնել վարչական պատասխանատվությունը, սակայն քրեական պատասխանատվության անհրաժեշտությունը հիմնավորել հարկադիր կատարման ենթակա վարչական ակտերի տեսակների ավելացմամբ՝ անլուրջ է: Հազարավոր անբողոքարկելի վարչական ակտեր հարկադիր կատարման են ուղարկվում Ճանապարհային ոստիկանության եւ Պարեկային ծառայության կողմից, վստա՞հ են արդյոք նախագծի հեղինակները, որ Քննչական կոմիտեն կարող է կառավարել այդ ծավալը: Արդարադատության նախարարությունը տարօրինակ անլուրջ մոտեցումներ է ցուցաբերում իր կառավարմանը վերապահված ոլորտներին»,- ասաց Անտոնյանը։

Նշենք, որ այս պահին նախաձեռնությունը դրված է հանրային քննարկման՝ e-draft հարթակում, նախագծին բացասական գնահատականներ է տվել քվեարկած քաղաքացիների 64 տոկոսը, դրական՝ 36-ը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image