Հարցազրույց

«Հրապարակ»․ Խնդրում եմ, մի մեղադրեք ինձ իմ արածի համար

«Հրապարակ»․ Խնդրում եմ, մի մեղադրեք ինձ իմ արածի համար

Բաքվի բանտում 5 տարի ապօրինաբար գերի պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, որն ամուսնուն ներում շնորհելու եւ ազատ արձակելու խնդրանքով դիմել էր Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային, պատասխանեց մեր հարցերին։ Հետաքրքրվեցինք` Ձեր նամակում նկարագրել եք թե՛ Վիգենի եւ թե՛ Ձեր ընտանիքի տառապալից իրավիճակը եւ ակնկալել, որ, որպես մայր, նա կընդառաջի Ձեր խնդրանքին, որեւէ արձագանք ստացե՞լ եք հայատյաց ռեժիմի ներկայացուցիչներից։ «Ես այս նամակն ուղարկել եմ ոչ քաղաքական պատճառներով. դա հուսահատ կնոջ կողմից մարդասիրական կոչ էր։ Դեռ պատասխան չեմ ստացել։ Խնդրում եմ, մի մեղադրեք ինձ իմ արածի համար»։ Դուք ազգությամբ հայ չեք, լիբանանցի եք։ Լիբանանի կառավարությունն աջակցո՞ւմ է Ձեզ Վիգենի ազատ արձակման, շուտափույթ վերադարձի հարցում, եւ արդյո՞ք տեղյակ են Ալիեւային հղած նամակի մասին։ «Այո, Լիբանանի պետությունը, իր հայ ներկայացուցիչների միջոցով, հետեւում է ամուսնուս գործին, բայց ոչ ոք տեղյակ չէ իմ նամակի մասին։ Ես այն ուղարկել եմ օգոստոսի 1-ին, բայց այն միայն հիմա է հրապարակվել, հանրայնացվել»։

- Իսկ ինչո՞ւ հիմա, ավելի քան 4 ամիս անց, երբ Ձեր ամուսնու վիճակն այսքան ծայրահեղ վատ է դարձել։

- Ադրբեջանի նախագահի՝ համաներման մասին ելույթն ինձ դրդեց հանրայնացնել իմ ուղերձը։

- Իսկ Ձեր օտարազգի՝ ոչ հայ լինելը, ինչ եք կարծում՝ կնպաստի՞, որ հարցը միջազգային հնչեղություն ստանա, նաեւ՝ Վիգենի միջազգային փաստաբանների կողմից գործադրվող ջանքերի շնորհիվ։

- Հուսով եմ, որ իմ ձայնը կհասնի ձեզ, քանի որ ամուսնուս կյանքը վտանգված է։

- Եղան նաեւ Ձեզ քննադատողներ, թե ինչու եք դիմել Ադրբեջանի նախագահի կնոջը, փորձեցին քաղաքականացնել, քննադատել Ձեզ, արդեն անդրադարձել եք այդ քննադատություններին եւ հորդորել Ձեր կոչն ընկալել ոչ թե որպես զայրույթի եւ քաղաքականության դրսեւորում, այլ արձագանքել կարեկցանքով՝ հասկանալով, որ նման պահերին ողորմածությունը կարող է բուժել վերքերը, այլ ոչ թե խորացնել դրանք։

- Ինձ ընդհանրապես չի մտահոգում քննադատությունը։ Ամեն մեկն ապրում է խաղաղ իր ընտանիքի հետ։ Հուսով եմ, որ բոլորը հասկանում են իմ դիրքորոշումը։ Ես ներում եմ հայցել ամուսնուս համար` մարդասիրական, այլ ոչ թե քաղաքական պատճառներով։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image