Արցախում մի շարք ուղղություններով հնագիտական հետազոտություններ են իրականացվելու, այդ թվում՝ «Խոջալուի բրոնզե դար», «Ազոխ-Թաղլարի պալեոլիթյան հուշարձաններ», «Աղվանքի նյութական-մշակութային ժառանգության ուսումնասիրություն» եւ այլն։ Այդ մասին նշել է Ադրբեջանի ԳԱԱ Հնագիտության եւ մարդաբանության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիեւը։ Ըստ նրա՝ շուտով «ազատագրված տարածքներում» սկսելու են աշխատել միջազգային հնագիտական արշավախմբեր։
Ինչպես փոխանցում է «Գեղարդ» հիմնադրամը, հնագիտական աշխատանքների այս ուղղությունների ընդգծումն Ադրբեջանի՝ պատմության վերաշարադրման ու նոր անցյալ ստեղծելու քաղաքականության արտացոլումն է, որի արմատները ձգվում են դեռեւս խորհրդային շրջան՝ 1930-ական թվականներ։ Հասկանալի է, որ «Աղվանքի նյութական-մշակութային ժառանգության ուսումնասիրությունը» ծառայելու է Արցախում հայկական մշակութային ժառանգությունն աղվանական-ուդիական ներկայացնելու եւ յուրացնելու քաղաքականությանը։ Այսինքն՝ «գիտականորեն» ներկայացնել Արցախի ողջ քրիստոնեական ժառանգության աղվանական, հետեւաբար՝ ադրբեջանական լինելը։
Ադրբեջանական «պատմագրությունը» երբեք չի բավարարվել Աղվանքի կամ Ատրպատականի հետ ժառանգական կապ հորինելով եւ փորձում է ավելի հեռուն գնալ՝ «յուրացնելով եւ ադրբեջանականացնելով» նաեւ նախամարդուն։
Արցախում գտնվող հնագիտական կարեւորագույն նշանակություն ունեցող Ազոխի քարանձավում 1960-1970-ական թվականներին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է նախամարդու ծնոտ։ Ըստ ադրբեջանական պատմագրության որոշ ներկայացուցիչների՝ ծնոտը պատկանում է առաջին ադրբեջանցուն։
2021 թվականի մարտին Իլհամ Ալիեւն ընտանիքի հետ այցելել էր Ազոխի քարանձավ, որի մուտքի մոտ հայտարարել էր․ «Սա մարդու հնագույն բնակավայրերից մեկն է աշխարհում եւ պատկանում է Ադրբեջանի պատմությանը»։ Այնուհետեւ նա «ապօրինի պեղումների» մեջ մեղադրել էր հայ եւ օտարերկրյա հնագետներին՝ հայտարարելով, որ «հայերը վնասել են մեր պատմական ժառանգությունը», եւ այսուհետ «միայն ադրբեջանցի գիտնականներն ու նրանց հրավիրած օտարերկրյա գործընկերներն ուսումնասիրություն կանեն այստեղ»։
Ի հակադրություն ադրբեջանական պատմագրության կեղծ մտավարժանքների՝ 2023 թվականի սեպտեմբերին Central Asian Survey հեղինակավոր գիտական ամսագրում լույս է տեսել Պոտսդամի եւ Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանների հետազոտող Ուրի Ռոզենբերգի «Նախամարդն ադրբեջանցի ազգայնակա՞ն էր․ նախապատմության մոբիլիզացիան եւ ազգաշինությունն Ադրբեջանում» վերնագրով հոդվածը։
Հետազոտողը կարծում է, որ Գոբուստանի թանգարանը ծառայում է քաղաքական նպատակի՝ ապացուցելու, որ հայերը սխալ են, եւ որ ադրբեջանցիներն են տարածքի առաջին մարդիկ։
Այսպիսով՝ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ եւ Մեծ Թաղեր գյուղերի տարածքում գտնվող քարանձավային համալիրները քարոզչական կարեւոր դեր են խաղում Ադրբեջանում։
Վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունը կանոնավոր տուրեր է կազմակերպում արտասահմանցի ճանապարհորդների, զբոսաշրջիկների, լրագրողների եւ այլ անձանց համար՝ կանգառի կետերից մեկն ընտրելով Ազոխի քարանձավը։ Այդտեղ նրանց պատմում են «Ադրբեջանի տարածքում հնագույն մարդու բնակության» եւ «հայերի կողմից անօրինական պեղումների» մասին։