Լարսի անցակետով ռուս-վրացական սահմանը հատող հայկական բեռնատարները, որոնք 12 օր մնացել էին սահմանին, երեկ տեղափոխվել են վրացական Գեզի մաքսային տերմինալ: Թե քանի օր նրանք կմնան այնտեղ, հայտնի չէ:
Հիշեցնենք․ շինանյութով բարձված բեռնատարների մուտքը Հայաստան վրացական կողմն օրեր առաջ արգելել է: Որեւէ համոզիչ բացատրություն չի տրվել, միայն ասել են՝ սպասեք:
Բեռնատարների վարորդները չեն կարողանում կապ հաստատել ո՛չ Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ, ո՛չ ՀՀ որեւէ պաշտոնյայի: Նրանք զանգահարել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, խնդրել, որ բարձրաձայնի հարցը: «Ասել են՝ սպասեք, մենք ձեզ կասենք՝ երբ գնաք: Արհեստական խնդիրներ են ստեղծում»,- «Հրապարակի» հարցերին պատասխանելով՝ նշեց պատգամավորը: Ըստ նրա, այն, ինչ կատարվում է մեր բեռատարների հետ Վրաստանում, քաղաքական ենթատեքստ ունի: «Վերջին շրջանում բավականին լարվել են հայ-վրացական հարաբերությունները՝ իշխանությունների անհեռատես հայտարարությունների պատճառով, եւ այդ առումով ես ենթադրում եմ, որ սա կապված է դրա հետ»,- ասում է Գառնիկ Դանիելյանը:
Հիշեցնենք․ նոյեմբերին, Եվրանեսթի ԽՎ վերջին լիագումար նիստի շրջանակում, Երեւանում ընդունվեց բանաձեւ, որը ստորագրել էին նաեւ մեր պատգամավորները, եւ որով հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները որակվել էին որպես «կեղծված», իսկ կառավարությունը՝ «ինքնահռչակ»։ Ի պատասխան՝ վրացական պատվիրակությունը հայտարարել էր, որ հրաժարվում է մասնակցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հետագա նիստերին։
«Ժամանակ առ ժամանակ այդ խնդիրները սահմանին առաջանում են, բայց մեր իշխանությունները մատը մատին չեն տալիս՝ դրանք լուծելու համար: Ներմուծողները, բեռնատարների վարորդները ՀՀ քաղաքացիներ են, նրանք պետք է այդ հարցերը կարողանան ուղղել պատկան մարմինների, բայց մարդկանց հետ կապ չեն հաստատում: Ե՛վ իմ, ե՛ւ բեռնատարների վարորդների զանգերն անպատասխան են մնում: Էկոնոմիկայի նախարարությունը որեւէ ձեւով չի արձագանքում»,- ասում է խատգամավորը: Իսկ բեռնափոխադրողներից մեկը սոցցանցում գրել էր, որ փորձել է իր հարցի պատասխանը ստանալ նախարար Պապոյանից` իր էջում գրառում անելով, անմիջապես գրառումը ջնջել են, իրեն էլ արգելափակել:
Նա բազմիցս ԱԺ ամբիոնից Վրաստանի սահմանի հետ կապված հարցերի մասին է խոսել՝ ե՛ւ ԱԺ ամբիոնից կառավարության անդամներին է դիմել, ե՛ւ էկոնոմիկայի նախարարությանը: «Գնում են պաշտոնական այցերի, բա ինչո՞ւ չեն այս հարցերը լուծում: Մի օր հեղուկ գազի բեռնատարներն են խնդիր ունենում, մի օր` շինանյութ, մի օր` գյուղմթերքով բեռնվածները, մի օր ծաղիկ արտահանողներն են խնդրի բախվում, մի օր` կոնյակ արտահանողները»,- հիշեցնում է նա:
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի հրավերով, փետրվարի 20-ին Հայաստան էր ժամանել Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլու գլխավորած պատվիրակությունը։ Պապոյանը խոսե՞լ է արդյոք տիկին Կվրիվիշվիլու հետ՝ շինանյութ ներմուծողների եւ, առհասարակ, Հայաստան մտնող եւ ելնող բեռների մասին, մենք չգիտենք: Տարածած հաղորդագրության մեջ ընդամենը նշվում է, որ «քննարկվել են առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման, բեռների անխոչընդոտ տարանցման, զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցեր»։ Եթե անգամ խոսել են, պետք է ընդունել, որ արդյունքը զրո է եղել: Անգամ հարցին, թե որն է շինանյութով մեքենաների մուտքն արգելելու պատճառը, եւ քանի օր են դեռ մարդիկ՝ տնից-տեղից կտրված, անորոշության մեջ կանգնած մնալու պահեստում, նրանք պատասխանել չեն կարող: